Կորեայից մի փոքր մաս Հայաստանում

Կորեայից մի փոքր մաս Հայաստանում

878

Գաղտնիք չէ, որ Հարավային Կորեան ներկայումս ասիական ամենազարգացած և առաջադեմ երկրներից է։ Լինելով տեխնոլոգիապես զարգացած և ունենալով բավականին կայուն եկամուտ` Կորեան դեռ շարունակում է վերելք ապրել։ Չնայած այս ամենին, Կորեան ունի հնավուրց պատմություն, որը չի դադարում իր դերը խաղալ ժամանակակից մշակույթում։ Կորեացիները, լինելով կիրթ և  նորարար, չեն մոռանում պահպանել իրենց ավանդույթներն ու սովորույթները, հնարավորինս լավ համադրելով հինը նորի հետ։ Նոր սերնդին փոխանցվում է մեծերին և վերադասներին հարգելու սովորույթը, ասիական մշակույթին հատուկ զսպվածությունն ու մրցակցությունը, որոշ անվնաս սնահավատություններ և սերը կծու սննդի նկամտամբ։ Եկեք փաստենք, որ հայերն էլ ունեն նույն հատկանիշները։ Մենք նույնպես դարերից ի վեր պահել և պահում ենք մեր ավանդույթները, սովորույթները, ունենք հարուստ անցյալ և պատմություն, հարգանք մեծի նկատմամբ և սնահավատության նշույլ։ Դե եկեք պատկերացնենք, որ այս երկու երկրների ներկայացուցիչները հանդիպել են միմյանց, սիրահրվել և կազմել գեղեցիկ ընտանիք։

Այօրվա հարցազրույցի իմ հերոսն է Նարինե Գյուլնազարյանը, ով կարողացել է գրավել Ջու Յոնգ Թաեկ-ի սիրտը։

-Ինչպե՞ս ծանոթացաք Ձեր ամուսնու հետ:

You Tube-ում տոլմայի վերաբերյալ տեսահոլովակ ունեմ կորեերենով, ամուսինս այդ հոլովակի տակ մեկնաբանություն էր թողել․ «Հայկական ուտեստներ շատ եմ սիրում, և, քանի որ սովորում եմ հայերեն, խնդրում եմ նաև հայերեն ենթագրեր ավելացնեք տեսահոլովակին»։ Զարմանալով, որ որևէ կորեացի հետաքրքրված է Հայաստանով, քիչ չէ, մի բան էլ հայերեն է սովորում, առաջարկում եմ նրան օգնել հայերեն սովորելու գործում, և այդպես սկսկում է մեր պատմությունը։

(Խոսքը այս տեսահոլովակի մասին է)https://youtu.be/odwfXIeaeJk

-Հայկական խոհանոցից ո՞ր ուտեստն է Ջու Յոնգ Թաեկը նախընտրում:

Տոլմա, խորոված։) Իսկ մնացած ուտելիքները ուտում է, բայց որ ասեմ, հավանում է, սուտ կլինի։

-Իսկ Դուք  կորեական ո՞ր ուտեստն եք նախընտրում:

-Շատ չեմ հասցրել դեռ փորձել, բայց փորձածներիցս ՝ կիմբապ(김밥), չափջե(잡채), հոտտոկ(호떡)։

-Կցանկանյի՞ք տեղափոխվել և բնակություն հաստատել Հրվ․ Կորեայում:

-Դեռ չեմ եղել Կորեայում, չեմ կարող հստակ ասել՝ կուզենամ ապրել էնտեղ, թե՝ ոչ, բայց ճամփորդել շատ եմ ուզում, վաղեմի երազանքներիցս մեկն է։

-Ինչպիսի՞ ամուսին է Ձեզ համար Ջո Յոնգ Թաեկը:

-Լավագույնը. գերհոգատար, սիրող, հարգող, վստահություն ներշնչող, կյանքով լի և նպատակասլաց։

-Ձեր ծնողները ինչպե՞ս ընդունեցին Թաեկին:

Սկզբից դեմ էին մեր հարաբերություններին, քանի որ չէին ճանաչում, բայց հիմա շատ են սիրում։

-Ինչքա՞ն ժամանակ է,  որ միասին եք:

2019-ից ճանաչում ենք իրար, իսկ այս ամառ կլրանա մեր ամուսնության մեկ ամյակը։

-Գիտեմ, որ փոքրիկի եք սպասում․ տղա՞ է, թե՞ աղջիկ, և արդյոք որոշել եք անունը երեխայի:

-Տղա՜ է, անունը որոշել ենք, միայն կարող եմ ասել, որ կորեական անուն է, բայց թե ինչ անուն, չեմ կարող ասել, քանի որ, ըստ կորեական մշակույթի, դեռ չծնված երեխայի անունը չի կարելի բարձրաձայնել։

-Էլ  ի՞նչ կորեական «սովորույթների» եք հետևում:

Հստակ ժամերին ուտելը։ Ժամը կորեացիների մոտ երբեք չի խանգարվում, եթե եկավ հաց ուտելու ժամը, նրանք թողնում են բոլոր գործերը և ճաշում։ Կարծում եմ՝ շատ ճիշտ և դրական սովորույթ է․ փորձում ենք հետևել։

-Մինչև Ձեզ հանդիպելը Թաեկը այստե՞ղ էր ապրում:

-Ո՛չ, այստեղ չէր ապրում, ապրում էր Կորեայում, բայց մեկ տարի առաջ այցելել էր Հայաստան և միտք ուներ կորեական ռեստորան բացելու, նա Մոլդովիայում հանդիպել էր մի հայի, ով  խորհուրդ էր տվել գնալ և տեսնել Հայաստանը, հետևելով նրա խորհրդին՝ հայտնվել էր Հայաստանում։

-Ինչպիսի՞ ընթացքի մեջ է ռեստորանի բացում

Կոռոնավիրուսի պատճառով չստացվեց բացել, այս պահին էլ դեռ լավ վիճակում չէ մեր երկիրը ռեստորան բացելու համար։

-Վերջում ինչ-որ հետաքրքիր պատմություն, որը պատահել է Ձեզ հետ կամ Թաեկի:

Ես ամուսնուս հիմնականում օպպա(오빠) (կորեերենից թարգմանաբար նշանակում է մեծ եղբայր․հիմնականում աղջիկներն են ասում և երբեմն էլ սիրած տղային էլ են այդպես դիմում) եմ ասում, մեր մոտի խանութի աշխատողները, շատ ուշադիր լինելով մեր հանդեպ, ֆիքսել էին այդ դիմելաձևը։ Մի անգամ ամուսինս միայնակ էր գնացել այդ խանութ, աշխատողները մտածել էին որ օպպան իր անունն է և կանչել էին՝ օպպա ասելով. ամուսինս բնականաբար մի անգամից հասկացել էր՝ ինչ է կատարվում, և կատակով էր վերաբերվել։

Լուսինե Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել