214կմ ամեն օր` լավ մասնագետ դառնալու համար

214կմ ամեն օր` լավ մասնագետ դառնալու համար

582

Ասում են` ուսանողական տարիները մարդկանց ամենահիշարժան, կենսախինդ և ուրախ տարիներն են: Այսպես են խոսում գրեթե բոլոր ուսանողները մինչև այն պահը, երբ հիշում են տրասպորտի բոլոր այն միջոցները, որով հասնում էին համալսարան:

Իսկ ի՞նչ է լինում, երբ փոխադրման միջոցը ոչ թե մեկն է, երկուսը, այլ նաև երեքն ու չորսը, որպեսզի չուշանաս: Այս ամենին գումարվում է նաև այն, որ երրորդ փոխադրման միջոցը տաքսի է լինում. արդյունքում ուսանողը ծախսում է 3000 և ավելի դրամ միայն համալսարան հասնելու համար, չմոռանանք նաև այն փաստը, որ այդ ուսանողը նույն կերպ հետ պիտի գնա տուն:

Ծախսած գումարին, երեք փոխադրման միջոցներին գումարվում է նաև 214 կմ ճանապարհ, ճիշտ այնքան, որքան ձգվում է Երևանի և Լոռու մարզում գտնվող Շիրակամուտ գյուղի միջև:

Շիրակամուտից (նախկինում գյուղը կոչվել է Նալբանդ) մայրաքաղաք հասնելու համար պահանջվում է երկու ժամ, գնալ-գալուց հետո էլ հանգստի կարիք է զգացվում:

Արդեն մեկ ու կես տարի է, որ  ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորող Արուս Եղիազարյանն ամեն օր  անցնում է այդ 214 կիլոմետրը։ Դրան գումարվում է նաև Երևանում երթևեկելու ճանապարհը:

Դասը սկսված է լինում, երբ հասնում է համալսարան: Դասախոսներն արդեն գիտեն`որտեղից է գալիս, հետևաբար լսարան չմտնելու վտանգներ Արուսի համար չկան: Անաղմուկ մտնում է լսարան, կոկիկ հանում է գրքերն ու տետրերը և փորձում մոտ 2 ժամ անընդմեջ լսած ավտոբուսի ձայնն ու խցանումները մոռանալ, ուշադրությունը կենտրոնացնել դասերի վրա, և հասկանալ`ինչ են քննարկում լսարանում:

Արուսը սովորել է ամեն օր այդքան ճանապարհ անցնել, սովորել է նաև ժպիտով պատասխանել այն բոլոր զարմացական հայացքներին, որոնք հարցնում են, թե ոնց է կարողանում ամեն օր այդքան ճանապարհ կտրել: Դասախոսների զարմացական հայացքներում էլ կա խորին հիացմունք այս աղջնակի նկատմամբ. «Անգամ երևանաբնակ շատ ուսանողներ հոգնում են մի քանի կիլոմետր ճանապարհից. ապշելու բան է, թե ոնց է գալիս-գնում այս աղջիկը»:

Ի պատասխան այն հարցին, թե երբ է սկսվում իր օրը և ավարտվում, կատակում է. «Դեռ լույսը չբացված՝ արդեն արթուն պիտի լինեմ, վերջանալիս էլ արդեն շատ մութ է, դասերս ուշ երեկոյան եմ անում: Մութը տալիս է ավտոբուսի մեջ կամ տուն հասնելուց շատ չանցած։ Մի խոսքով՝ մութ պայմաններում եմ սկսում և ավարտում»։

Արուսի նման մարզաբնակ ուսանողները ԵՊՀ-ում շատ են: Լոռիից, Շամշադինից, Սյունիքից ու Վայոց Ձորից. այս դեպքում էլ Երևան հասնելը ժամերի հարց է: Երևանի պետական համալսարանը նման ուսանողներին կարող է տրամադրել հանրակացարաններ: Մայր բուհի պաշտոնական էջում նշված են պայմանները․ եթե ուսանողը հաստատում է հանրակացարանում ապրելու դիմումը, կնքվում է պայմանագիր մինչև ուսումնական տարվա ավարտը:

Ուսանողներից ոմանք իրենց մնալու հարցը լուծում են հենց այս հանրակացարանների միջոցով, շատերն էլ առանձին բնակարաններ են վարձում: Արուսը հանրակացարանների  մասին տեղյակ չէր, իմանալուց հետո էլ ասաց, որ հանրակացարանում ապրել ընտանիքը թույլ չի տա։ Երևանում ապրող ընկերներ էլ չունի, որ նրանց հետ շարունակի ապրելը, և ոչ էլ բարեկամներ: Իսկ ուսանողական ավտոբուս չի կարող գործել, որովհետև գյուղի միակ աղջիկ ուսանողն է, որ գալիս-գնում է: Ասում է՝ դժվար թե իր համար ուսանողական ավտոբուս գործի։ Լինելու դեպքում էլ այն կսպասարկի Վանաձոր գնացող ուսանողներին, քանի որ նրանք թվով ավելի շատ են:

Արուսի հետ մեր զրույցն արագ ստացվեց. շտապում էր կանգառ, որ ավտոբուսից չուշանար: Արուսին կուրսընկերներն առավոտյան արդեն հոգնած են տեսնում, իսկ դասերից հետո էլ նա միշտ շտապում է, հետը խոսել անգամ չի լինում, ինչպես պատմում են կուրսընկերները:

Չնայած այս ամենին`չի դժգոհում. իր 214 կմ-ն այդ փոքրամարմին աղջիկն արդարացված է համարում ապագայում լավ մասնագետ դառնալու համար:

Անահիտ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել