«Որտե՞ղ ես ապրելու» հարցին ուսանողները պատասխանում են տարբեր կերպ

«Որտե՞ղ ես ապրելու» հարցին ուսանողները պատասխանում են տարբեր կերպ

997

Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկիզբ ոչ միայն իր դռներն է լայն բաց անում ուսանողների համար, այլ նաև մարզաբնակ ուսանողներին կանգնեցնում է հետևյալ հարցի առաջ. իսկ որտե՞ղ ես ապրելու…

Եթե Երևանին մոտ մարզերում  ապրող ուսանողները հարցը լուծում են ամեն օր գալ-գնալու տարբերակով, ապա հեռու մարզերում ապրող ուսանողները կա՛մ մնում են մոտ ու հեռու բարեկամների տներում, կա՛մ էլ վարձում են առանձին բնակարաններ,  հաճախ մի քանի հոգով, որպեսզի կարողանան վճարել տան վարձը:

Տարեցտարի Երևանում վարձով բնակարանների գինը բարձրանում է: ԵՊՀ ուսանող Մարիամ Ղազարյանը, որը վարձով է բնակվում Երևանում, մեզ հետ զրույցում ասաց, որ եթե երկու տարի առաջ 70-80 հազարի դրամի սահմաններում կկարողանայիր տուն գտնել, ապա հիմա 100 հազար դրամի սահմաններում տուն գտնելը հրաշքի պես մի բան է:

Հաճախ նման խնդրի առաջ կանգնած ուսաոնղները հարցը փորձում են լուծել ԵՊՀ-ի կողմից տրամադրած հանրակացարաններում բնակություն հաստատելով:

Վարձով բնակարանների համեմատ հանրակացարանում  ապրելու վարձն ավելի ձեռնտու է ուսանողին: ԵՊՀ պաշտոնական էջում` հանրակացարանների մասին հայտարարության մեջ, գումարի չափը հետևյալն է` մեկտեղանոց սենյակի համար ուսանողը վճարում է 60 հազար դրամ, իսկ արդեն չորստեղանոց սենյակում՝ 25 հազար դրամ: Վարձը ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը: ԵՊՀ-ի հանրակացարանները վերանորոգվել են 2019 թվականին: Նշվում է, որ սենյակները կահավորված են, հարմարավետ, ունեն 10 խոհանոց, սանհանգույց, կա ջեռուցում և այլն:

Հանրակացարանի պայմանների և այնտեղ ապրելու մասին զրուցել ենք ԵՊՀ  ուսանող Աշոտ Ստեփանյանի հետ:

Աշոտը նույնպես ունեցել է բնակարանի խնդիր, ծանոթի միջոցով է տեղեկացել, որ կարող է բնակվել հանրակացարանում: Այն հարցին, թե արդյոք իր վճարած գումարի դիմաց պայմաններն արդարացնում են իրենց, գոհունակությամբ պատասխանեց, որ այո, պայմանները հարմարեցված են հենց ուսանողի պահանջներին, մանավանդ այն դեպքում, երբ վարձով բնակարանների վարձավճարները գնալով բարձրանում են, մյուս կողմից էլ 44-օրյա պատերազմից հետո արցախցիների մեծ հոսք է տեղափոխվել մայրաքաղաք, և դժվար է նաև վարձով բնակարան գտնելը:

Հայտարարության մեջ նշված է, որ հանրակացարան հասնելու համար առկա են մի քանի տրանսպորտային միջոցներ: Աշոտը նույնպես նշեց, որ 4 տրանսպորտային  միջոց է գործում տարածքում․ 3-ը հասնում են Աբովյան պուրակ, որտեղից էլ ուսանողները ոտքով գնում են համալսարան, թեպետ առավոտյան 1 ժամ շուտ պետք է դուրս գալ։ Վերջում էլ ասաց, բոլոր ուսանողների առավոտները գրեթե նույնն են, և սա կապ չունի հանարակացարանի հետ:

Journalist.am-ը զրուցել է նաև այլ ուսանողների հետ, որոնք նույնպես բնակվում են հանրակացարանում: Զրույցից պարզ դարձավ, որ համաձայն Երևանի Պետական համալսարանի ուսանողական հանրակացարանում ապրիլյան քառօրյա մարտերին մասնակից ԵՊՀ ուսանողների կեցության պայմանները սահմանելու մասին  192/72 հրամանի` Ապրիլյան մարտերին մասնակցած ուսանողների կեցության ծառայությունը կմատուցվի անվճար(մնացած կետերը նկարում):

Այս պայմանները չեն վերաբերում 44-օրյա մարտերին մասնակցած ուսանողներին, որոնք բնակվում են հանրակացարանում։ Պարզելու համար, թե ինչու, զրուցեցինք ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանի հետ։ Նրա փոխանցմամբ՝ ճիշտ է, այս պահին գործող օրենքով զեղչեր նախատեսված չեն, սակայն զեղչային նոր համակարգ է նախատեսվում։ Ընթացակարգը դեռ մշակման փուլում է։ Ըստ դրա՝  զեղչերը նախատեսված են պատերազմի բոլոր մասնակիցների համար: Խոսնակը հույս հայտնեց, որ ներկայացված զեղչերի նոր ձևաչափը  ընդունված կլինի սեպտեմբերից  և կսկսի գործել:

Հանրակացարանում բնակվելու հանգամանքը շատ հայկական ընտանքիների կողմից մերժելի է: Համալսարանում սովորող ուսանողներից մեկը (ներկայանալ չցանկացավ) այդ կարծրատիպի տուժողներից է: Մեզ հետ զրոյցում ուսանողուհին նշեց․«Միակ տարբերակը ԵՊՀ-ի հանրակացարանում ապրելն էր, բայց ընտանիքս դեմ եղավ. հիմա ուզած-չուզած երկու ժամ և ավելի անցկացնում եմ ճանապարհներին»:

Այն հարցին, թե ինչու է ընտանիքը դեմ եղել, ուսանողուհին պատասխանեց, որ սխալ ձևավորված կարծրատիպեր կան, մանավանդ գյուղական միջավայրներում․ «Երբ լսում են, որ պիտի ապրես հանրակացարանում, սկսում են այլ աչքով նայել քեզ։ Այս ամենին էլ գումարվում է այն փաստը, որ դու աղջիկ ես։ Հետևաբար հայրս նման խոսակցությունների առիթ չտալու համար  ինձ համար ընտրեց գնալ-գալու տարբերակը, թեպետ ֆինանսապես ձեռնտու չէր` համեմատած հանրակացարանում մնալու հետ»:

Հանրակացարանում ապրելու մասին այս կարծրատիպերը և մոտեցումները ոչ բոլորի վրա են ազդել:

Ուսանողուհի Սվետան (անունը փոխված. ներկայանալ չցանկացավ) մեզ հետ ունեցած զրույցում հակառակը պնդեց: Ճիշտ է, չժխտեց նման մոտեցումների գոյության փաստը, սակայն նշեց, որ դա առիթ չի հանդիսացել, որ իր ընտանիքը նման որոշում կայացնի: «Երկար քննարկեցինք այտեղ մնալու միքտը, և հիմա տեսնում եք` ինչպիսի ընդհանուր հայտարարի ենք եկել»,- ասաց ուսանողոհին:

Հանրակացարանի պայմանների մասին խոսելիս էլ հայտնեց իր գոհունակությունը, քանի որ աշխատակազմն ըստ պահանջի իրականացնում է իր առջև դրված առաջադրանքը, խնդիրների դեպքում էլ միանգամից արձագանքում են և սկսում լուծման տարբերակների դիմել:

Այսքանից հետո շատ ուսանողներ ուսումնական տարվա սկիզբին որտեղ մնալու հարցին պատասխանում են, որ հանրակացարնում են շարունակելու ապրել, ոմանք էլ կարծրատիպերի արդյունքում երթուղայիններով գալ ու գնալու են։

Անահիտ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել