«Մարդկային մեծ կորուստների կողքին թանկացումների մասին խոսելն ամոթ է»

«Մարդկային մեծ կորուստների կողքին թանկացումների մասին խոսելն ամոթ է»

451

72-ամյա թոշակառուն պատրաստ է «չափավոր ապրել», միայն թե պատերազմները դադարեն

72-ամյա Թամարա Սիմոնյանը վերջին շաբաթների թանկացումները նկատեց այն օրը, երբ հարևանուհուն խնդրեց իր համար խանութից անհրաժեշտ մթերք գնել: Ասում է՝ ձեթը թանկացած է եղել, և գումարը չի բավականացրել:

«Պեռաշկի էինք ուզում թխել հարևանուհուս հետ: Ամեն ինչը բերեց, ձեթին գումար չմնաց: Առաջ նույն չափի գումարը հերիքում էր»,- ասում է միայնակ թոշակառու Թամարա Սիմոնյանը։ 

Չնայած դեռ նախորդ տարվանից Հայաստանում գրանցված գնաճին՝ 7.2%, սննդամթերքը կտրուկ թանկացավ փետրվարի 24-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին: 

Թամարա Սիմոնյանն առողջական խնդիրներ ունի, չի կարողանում անձամբ խանութ գնալ, բայց նորություններին հետևում է, հարևանուհին էլ պարտադիր ապրանքների գների մասին տեղեկացնում է: 

«Քանի օր էր կարդում էի, որ պատերազմը կսկսվի, էդպես էլ մտածեցի, որ էստեղ էլ թանկացում կլինի: Մարդկային մեծ կորուստների կողքին սա էնքան փոքր խնդիր ա, երևի ամաչելու էլ ա շատ խոսելն էս մասին: Ոչինչ, մենք էլ մի քիչ քիչ կառնենք մի շրջան, մի անգամ կուտենք, չափավոր կանենք ամեն ինչ»,-ասում է նա: 

Իր թոշակի մասին ասում է, որ այն սիմվոլիկ գումար է, դրանով անգամ անհրաժեշտ դեղերը չի կարողանա գնել: Նրան օգնում է ԱՄՆ-ում ապրող քույրը: 

«Քրոջս հետ ամեն օր խոսում ենք, ամեն օր ասում ա՝ էս ինչ ապրանքը թանկացավ, բայց աշխատանքից գոհ է: Բոլոր դեղերս ինքն ա գնում: Եթե քույրս էլ չօգներ, ես իմ թոշակով չէի գոյատևի»,- ասում է 72-ամյա կինը։ 

Այս շրջանում կարևոր է համարում, որ դեղերով ապահովված լինի, սննդի համար մի քիչ էլ կսպասի: «Առողջության հետ կատակել չի կարելի,-ասում է նա ու հավելում՝ ավելի վատ վիճակ է պատերազմող երկրում,-լուրերին էլ չեմ կարողանում շատ հետևել: Ամեն առավոտ նայում եմ, որ տեսնեմ՝ դեռ չի՞ վերջացել: Մեր պատերազմից հետո չեմ կաողանա էլ: Ծանր էր, որ էդքան կորցրինք ու կորցրինք: Էլի էն ժամանակ էլ ուրիշ խնդիրներ կային, բայց աչքներիս տենց չէր երևում»։ 

Թամարա Սիմոնյանը կրթությամբ հաշվապահ է, փորձում է ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն ինքնուրույն վերլուծել ու կարծում է՝ պարենի խնդիր չի լինի: 

«Մի շրջան էլ ժողովուրդը գնաց խանութները դատարկեց: Իրավիճակն էդքան ծայրահեղ չի: Մի քիչ համբերատար պիտի լինենք ու խուճապի չմատնվենք: Էլի դժվար ա, բոլորիս համար ա դժվար, բայց շատ ծանր տանելով՝ բան չենք փոխի: Ճիշտ չի խուճապը, սա գալիս է նրանից, որ մենք շատ սով, երկրաշարժ ու պատերազմ ենք տեսել, մարդիկ ինչ-որ տեղ անհանգստանում են, բայց հուսանք, որ ամեն ինչ լավ է լինելու, հույսներս չենք կտրում»,-ինքն իրեն ու ուրիշներին հուսադրում է Թամարան։ 

Ամեն ինչից առաջ նա մտահոգված է Ուկրաինայում ընթացող պատերազմով: 

«Պատերազմում հասարակ մարդու կյանքն ա խաղի կենտրոնում, հասարակ մարդն ա տուժում: Բայց մեր էս խնդրով դեռ մենք պատերազմի կենտրոնից մի քիչ հեռու ենք: Կարևոր չի՝ հայ ա զոհվողը, թե ինչ ազգի ներկայացուցիչ, ցավը ցավ ա. անիմաստ ա կյանքի էս տեսակ կորուստը, էս ժամանակներում կարելի ա նստել, բանակցել, ոչ թե իրար վնասել»,-եզրափակում է նա։

Տաթեւ Ալիխանյան

3-րդ կուրս

Կիսվել