Պոլիէթիլենային տոպրակների թանկացումը շատ բան չի փոխել

Պոլիէթիլենային տոպրակների թանկացումը շատ բան չի փոխել

605

Պոլիէթիլենային տոպրակները, թեև, թանկացել և հաստացել են, սակայն դրանց օգտագործումը, մեծ հաշվով, չի նվազել: Բնապահպանական նպատակներով Հայաստանում օրենսդրական փոփոխությունները, որ մի քանի ամիս է՝ ուժի մեջ են մտել, այդպես էլ մնացել են թղթի վրա: Պատճառները բազմաթիվ են, իսկ դրանց թվում առաջնայինը հասարակության հետ աշխատանքի անբավարարությունն է, ինչին էլ հետևել է այն, որ թանկացած ու հաստացած տոպրակները ավելի պակաս չեն վաճառվում:

Այստեղ արդեն առաջ է գալու նոր խնդիր, եթե նախկին հաստության տոպրակները, գոնե համեմատորեն, ավելի արագ կքայքայվեին բնության մեջ, այս նոր տոպրակներն ավելի «պնդաճակատ» են լինելու: Ոլորտի պատասխանատուները այնպիսի փաստարկ են բերում, որ մի քանի անգամ օգտագործելուց հետո հաստացած տոպրակները կարող են ավելի արագ քայքայվել, իսկ թե բնակչության քանի տոկոսն այդ տոպրակները մի քանի անգամ կօգտագործի, դեռևս դժվար է ասել։

Շրջակա միջավայր նետված պոլիէթիլենային տոպրակների՝ երկար ժամանակ պահպանվելու և չքայքայվելու հետևանքով առաջանում է կայուն աղտոտվածություն՝ վնաս հասցնելով թե՛ շրջակա միջավայրին՝ կենդանական ու բուսական աշխարհին, թե՛ մարդու առողջությանը։  

Նախ՝ փոփոխության մասին․ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը 2022 թվականի հունվարի 1-ից էր արգելել առևտրի կետերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Բացառություն են կազմում աղբի և կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու համար։ 

Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի խոսքով՝ օրենքը ընդունվել է 2020թ․-ի ապրիլին, և մինչ դրա ուժի մեջ մտնելը՝ որոշակի ժամանակահատվածում իրազեկել են մարդկանց սպասվող որոշման մասին, քննարկումներ են եղել արտադրողների, տնտեսվարողների հետ։ Այսօր տոպրակները հաստացրել են և թանկացրել, որպեսզի մարդիկ մեկ տոպրակը գոնե պարբերաբար օգտագործեն։

Հանրային խանութներից մեկի գանձապահ Հասմիկ Խաչատրյանն ասում է, որ մինչ պոլիէթիլենային պարկերի թանկացումը հաճախորդներից ոմանք կտորե պայուսակներն էին օգտագործում, սակայն մեծամասնությունը մինչ այսօր շարունակում է պոլիէթիլենային տոպրակ գնել, էական տարբերություն չկա։

«Սովորաբար մեծահասակներն իրենց հետ պարկեր են ունենում, ապրանքը դրանց մեջ դնում, իսկ երիտասարդները շարունակում են տոպրակներ գնել»,- ասում է նա։

Հանրային խանութ այցելողներից Լուսինե Գրիգորյանն ասում է, որ փորձում է պոլիէթիլենային տոպրակ չօգտագործել, սակայն որոշ դեպքերում անհնար է չգնելը․

«Տանը շատ կտորե պայուսակներ ունեմ, սակայն լինում է, որ մոռանում եմ ինձ հետ վերցնել, խանութում էլ մեծ ապրանքներ եմ գնում և ստիպված տոպրակ վերցնում»։

Հաճախորդներից Եվա Հարությունյանն ասում է, որ փորձում է երկար օգտագործել ունեցած պոլիէթիլենային տոպրակը, որպեսզի հնարավորինս քիչ վնաս հասցնի բնությանը․ «Խանութից տոպրակ գնում եմ, երբ մոռանում եմ ինձ հետ վերցնել, ինչը հազվադեպ է լինում»։

Սուրեն Բաղդասարյանն ասում է, որ շարունակում է խանութից տոպրակ գնել, քանի որ իր հետ այլ տոպրակ չի վերցնում, իսկ մեծ ապրանքները ձեռքով տանել հնարավոր չէ։

Արդեն մոտ երկու տարի է, ինչ «Զանգակ» գրատանը պոլիէթիլենային տոպրակ չեն տրամադրում։ Սկզբում հաճախորդների կողմից դժգոհություն կար, սակայն այսօր շատերը իրենց էկո տոպրակները կամ էկո պայուսակներն են օգտագործում։ Գրատունը նաև երկար տարիներ արտադրում է էկո պայուսակներ։ Առցանց բաժնի աշխատակցուհի Մարիա Շախվերդյանն ասում է՝ այս օրերին էկո պայուսակների պահանջարկը չի աճել: Այդ պայուսակները մոտ երկու տարի է, ինչ համարվում են մոդայիկ և հարմարավետ: Դեռահասներն ու երիտասարդները, մեծամասամբ, կրում են դրանք։


«Այսօր պայուսակները վաճառվում են այնպիսի տեմպով, ինչպես մինչ պոլիէթիլենային տոպրակների թանկացումը»,- ասում է նա։

Էկո տոպրակներ արտադրող ընկերությունից Մարգարիտա Մանգասարյանը տեղեկացնում է, որ վաճառքը ավելացել է անցած տարվա համեմատ։ Գնորդները շատ են, զանգերն էլ համեմատաբար շատացել են, հետաքրքրվողներն ավելացել են: Նախկինում հարցնում էին նաև՝ պոլիէթիլենային տոպրակների վրա տպագրություն իրականացնու՞մ են, թե՞ ոչ, սակայն այսօր պատվերները միայն թղթե տոպրակներն են։

Այն, որ օրենքը դեռ շատ բան չի փոխել, վկայում է, որ հասարակության հետ աշխատանքը պետք է շարունակական և ինտենսիվ լինի: Ուստի ավելորդ չէ ևս մեկ անգամ հիշեցնել, որ պոլիէթիլենը երկար պահպանվող նյութ է, բնության մեջ երկար է մնում, դրա վերջնական քայքայման համար հարյուրավոր տարիներ են պետք, իսկ այրվելու դեպքում այս նյութը մարդկանց առողջությունը վնասող գազեր է արտադրում։

Լիանա Խաչատուրյան

2-րդ կուրս

Կիսվել