Հայկական արտադրության «Էկո» սնունդն ու սպառողին մոլորեցնելու մեծ շանսերը

Հայկական արտադրության «Էկո» սնունդն ու սպառողին մոլորեցնելու մեծ շանսերը

894

Հայաստանի խանութներում վաճառվում է «օրգանական» կամ «էկո» մակնշմամբ սննդամթերք, բայց թե որքանով է այն օրգանական, դժվար է որոշել, քանի ոլորտը դեռ կանոնակարգված չէ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով, ինչն էլ դժվարացնում է ապրանքի նույնականացումը։

Հայաստանում օրգանիկ սննդամթերքին առնչվող հարցերը կարգավորվում են 2008 թվականին ընդունված «Օրգանական գյուղատնտեսության մասին ՀՀ օրենքով։»: Օրգանական գյուղատնտեսական սննդամթերք ստանալու համար կարևորագույն նախապայման է օրգանական գյուղատնտեսության վարումը, որը պետք է ամբողջությամբ ներդաշնակ լինի ագրոէկոհամակարգին և համապատասխանի պահանջվող կանոնակարգերին։ Մյուս կարևորագույն պայմաններից մեկը հորմոնների, հորմոնալ պատրաստուկների, ինչպես նաև՝ կենդանի վերափոխված օրգանիզմների, գենային ինժեներիայի ու ժամանակակից այլ կենսատեխնոլոգիաների և իոնային ճառագայթման մեթոդների կիրառման բացառումն է։ Կարևոր է նաև, որ սննդամթերքն արտադրելու ընթացքում այն չաղտոտի շրջակա միջավայրը։

Օրգանական սննդամթերք արտադրելու և սպառելու համար արտադրողը պետք է ստանա սննդամթերքի օրգանիկ լինելը հավաստող սերտիֆիկացում։ Սակայն դա կամավոր բնույթ է կրում, քանի որ, ինչպես նշեցինք, մինչ օրս դեռ հստակեցված չեն ԵԱՏՄ այն տեխնիկական կանոնակարգերը, որոնք կարգավորելու են օրգանիկ սննդամթերքի արտադրությունը, իրացումն ու վերահսկողությունը։

«Էկո սնունդ օգտագործելով՝ ես ինձ ավելի լավ եմ զգում և՛ ֆիզիկապես, և՛ մտավոր, սա ավելի հոգեբանական է, երբ գիտեմ, որ մաքուր սնունդ եմ օգտագործում իմ և ընտանիքիս անդամների համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բիզնես կառավարման մասնագետ, «Լուսին օրգանիքս»-ի հիմնադիր Սոնա Մանուկյանը, ով տարիներ շարունակ նախապատվություն է տալիս օրգանիկ սննդին:

Սոնան ապրում է Հայաստանում, սակայն ժամանակ առ ժամանակ, գործի բերումով, լինում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և հենց այնտեղից էլ ձեռք է բերում օրգանիկ սնունդը, որովհետև լիովին վստահում է այնտեղի օրգանական սնունդ արտադրողներին: Իսկ Հայաստանում չի օգտվում օրգանիկ սննդից, քանի որ վստահ չէ, որ պահպանվում են ստանդարտները. 

«Հայաստանում չեմ հանդիպել այնպիսի արտադրանք, որ «made in Armenia» է ու ստացել է օրգանիկ սերտիֆիկացում, կամ USDA Օրգանիկի (US Department of Agriculture) կողմից բիո սերտիֆիկացում, որն ավելի հայտնի է Եվրոպայում: Մի քանի կազմակերպություններ կան, որոնք սերտիֆիկացնում են, բայց ես չգիտեմ այդպիսի ոչ մի արտադրանք Հայաստանում, այդ պատճառով հիմնականում ինչը կարողանում եմ բերել դրսից, բերում եմ դրսից»:

Հայաստանյան շուկայում, ի թիվս այլ սննդամթերքի, կարելի է հանդիպել «էկո», «բիո» կամ «օրգանիկ» մակնշումներով հավկիթներ ու թռչնամիս։

Օրինակ, «X group» ընկերությունը («Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ) վաճառում է հավկիթներ, որոնց փաթեթավորման վրա արտադրողն «Eco»/«էկո» մակնշումն է կատարել։ Մակնշման մեջ կա տեղեկատվություն սննդային և էներգետիկ արժեքի, նաև արտադրողի մասին, առկա է EAC մակնշումը։ Մակնշումն արված է հայերեն և ռուսերեն։ 

Տուփի վրա բացակայում է արտադրման ամսաթիվը, ինչը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի 021/2011 «Սննդամթերքի անվտանգության մասին», ՄՄ ՏԿ 022/2011 («Սննդամթերքի մակնշման մասին») տեխնիկական կանոնակարգի խախտում է։


Բացի այդ, պահպանման պայմանները նշված են 2 տեսակի ձվի համար՝ դիետիկ և սեղանի, սակայն տուփի վրա նշված չէ, թե կոնկրետ այդ ապրանքը որ տեսակի է։

Տարան պլաստիկից է, հավկիթի գինը համարժեք է առկա այլ՝ ոչ էկո մակնշմամբ հավկիթների արժեքին` 10 հատը՝ 840 դրամ։

Նույն ընկերությունը վաճառում է նաև թռչնամիս (հավի միս, հավի ֆիլե, հավի բուդ), որը նույնպես մակնշված է որպես «Էկո»։ Մակնշումն արված է միայն հայերենով, առկա է EAC մակնշումը։ Այստեղ մակնշման խախտումներ չկան:

Ապրանքի գինը «ոչ էկո» մակնշմամբ թռչնամսից էականորեն չի տարբերվում, գրեթե նույնն է (մոտ 20-30 դրամով է «էկոն» թանկ)։

Էկո հավկիթներ է վաճառում նաև նույն՝ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ին պատկանող «Nature Food» ընկերությունը։ Ապրանքի տարան փայտից է, մակնշված՝ «էկո»։ Առկա է տեղեկատվություն, թե ինչ կերերով են սնվել հավերը, նշված են սննդային արժեքը, արտադրման օրը, իսկ ձվի կարգի ու պահպանման ժամկետների վերաբերյալ տեղեկություն չկա:. Տուփի վրա առկա է նշում, որ ժամկետը կարելի է տեսնել ձվի վրա, սակայն փաթեթավորումը թույլ չի տալիս դա պարզ տեսնել նախքան գնումը։ Սա նույնպես ՄՄ ՏԿ 022/2011-ի խախտում է, քանի որ մակնշումը թերի է։

Այստեղ դարձյալ նշում կա 2 տեսակի ձվի պահպանման պայմանների մասին՝ դիետիկ և սեղանի, սակայն մակնշման վրա հստակ նշված չէ, թե տուփի մեջ որ տեսակի հավկիթներն են: Մակնշումն արված է հայերեն և ռուսերեն։ Առկա է անհրաժեշտ EAC մակնշումը։ Ուշագրավ է, որ նույն ընկերությունը միևնույն մակնշմամբ ներկայացնում է այլ հավկիթներ՝ նաև պլաստիկ տարայով, նույն գնով՝ 1050 դրամով, սակայն արդեն առանց «էկո» մակնշման։

Մեկ այլ՝ «Արարատ» ընկերությունը, վաճառում է «Ֆերմայի ձու» անունով հավկիթներ, որոնք ներկայացվում են՝ որպես «օրգանիկ»՝ «առանց հակաբիոտիկների» և «պարունակում են օմեգա 3»։ 

Կա տեղեկատվություն հավերի պահպանման վայրի և սնվելու կարգի մասին։ Տարան թղթից է։ Այստեղ ևս փաթեթավորման վրա մակնշված չէ ձվի կարգը, այսինքն՝ մակնշումը թերի է, ինչը ևս «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, ՄՄ ՏԿ 021/2011 և ՄՄ ՏԿ 022/2012 կանոնակարգերի խախտում է։ Առկա է EAC մակնշումը։ 

Հավկիթի գինը կրկնակի բարձր է այլ՝ «ոչ էկո» մակնշմամբ հավկիթների արժեքից. 10 հատը՝ 2200 դրամ։

Մենք փորձեցինք կապ հաստատել այս արտադրողների հետ՝ հասկանալու, թե ինչպես են իրականացնում օրգանիկ սննդի արտադրությունը, ունե՞ն, արդյոք, «էկո»-ն հավաստող սերտիֆիկատ, թե վաճառում են գործող՝ ոչ պարտադիր սերտիֆիկացման կարգին համապատասխանող արտադրանք։

«X Group» ընկերությունից հայտնեցին, որ տնօրենը երկրում չէ և չի կարող հարցազրույց տալ, իսկ որևէ այլ պատասխանատու անձ այդ հարցով չկա։

«Արարատ» ընկերության ադմինիստրատիվ աշխատակիցը նույնպես հայտնեց, որ տնօրենը երկրում չէ, և որևէ այլ մասնագետ չի կարող պատասխանել մեր հարցերին, քանի որ նման բոլոր հարցերով տնօրենն է զբաղվում, սակայն նշեց, որ իրենք ունեն օրգանիկ ձու արտադրելու և իրացնելու սերտիֆիկացում։

Ինչպես արդեն նշեցինք, օրգանիկ սննդամթերքի սերտիֆիկացումը պարտադիր չէ, կարգավորող տեխնիկական կանոնակարգեր էլ դեռ չկան, այդ պատճառով ՄՄ ՏԿ 021/2011-ի առկայությունը բավարար է, որ ապրանքները հայտնվեն շուկայում և իրացվեն։ 

Վերահսկողը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, մեզ հայտնել է, որ էկո կամ օրգանիկ սննդամթերք արտադրող ընկերությունների մասին տեղեկություն առանձին չի հավաքում.

«ՍԱՏՄ-ն չի տիրապետում էկո-օրգանիկ սննդամթերք արտադրելու թույլտվություն ունեցող, մինչ օրս ՀՀ-ում գրանցված և լիցենզավորված կազմակերպությունների թվաքանակի մասին տեղեկատվության, և էկո-օրգանիկ սննդամթերք արտադրող կազմակերպությունների մասին վերլուծողական տեղեկատվություն այս պահին չկա»։

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանին փոխարինող Գայանե Վարդանյանը ասաց, որ նման պահանջի բացակայության պատճառով «էկո» կամ «օրգանիկ» սնունդ արտադրողներն առանձնացված չեն։

«Առանձին, որպես այդպիսին, «էկո», «օրգանիկ» չենք ստուգում, մենք ընդհանուր սննդի անվտանգության ոլորտն ենք վերահսկում, քանի որ այդ «էկո»-ն և «օրգանիկը» «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքով են կարգավորվում, եթե սերտիֆիկատ են տալիս, իսկ եթե ոչ, մեր վերահսկողությունն իրականացվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխան»,- ասաց Գայանե Վարդանյանը՝ ավելացնելով, որ հատուկ «էկոյի» համար նախատեսված ստուգաթերթ չունեն։

Օրգանիկ սննդի պետական վերահսկողություն իրականացնելիս՝ ՍԱՏՄ-ն առաջնորդվում է «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով՝ համապատասխան ստուգաթերթերով, որտեղ դեռևս չկա «օրգանական» կամ «էկո» մթերքի ստուգման հարցաթերթ, որտեղ ներառված լինեն հենց այդ մթերքին հատուկ մի շարք դրույթներ։

Էկոնոմիկայի նախարարության՝ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ից մեզ հայտնեցին, որ իրենց կողմից հավատարմագրված օրգանական գյուղատնտեսության արտադրանքի համապատասխանության գնահատման մարմիններ չկան։

Թեև կա ոլորտը կարգավորելու և վերահսկելու գործիքակազմը՝ սկսած հետագծելիության գործիքից, շուկայահանման, շուկայի տեղափոխման, սերտիֆիկացման կանոններից, վերջացրած՝ մակնշման և դրանց նկատմամբ վերահսկողությունից, այնուամենայնիվ, իրավական ակտերն ավելի շատ են, քան իրավական գործիքներն ու գործիքակազմը։ 

Այսինքն՝, «էկո» և «ոչ էկո» սննդամթերքի տարբերությունը հենց գյուղատնտեսությունների վարման մեջ է, մինչդեռ Հայաստանում ավանդական գյուղատնտեսությունը ենթադրում է թունաքիմիկատների կիրառում, ինչը բացառվում է օրգանականի ընթացքում։

«Երբ մենք զանգահարում ենք արտադրողին, հարցնում, թե ինչու են այդպես նշել, բացատրում, ասում են, որ իրենք շատ մաքուր են աշխատում։ Հայաստանում մասնավոր սննդի արտադրությունը, ցավոք, դեռ զարգացած չէ, ինչը շատ բացասական է անդրադառնում սննդամթերքի անվտանգության վրա, մինչդեռ ողջ աշխարհում մասնավոր սննդի արտադրությունը լոկոմոտիվ է։ Օրինակ՝ սուպերմարկետներն ունեն իրենց ստանդարտները, և եթե դու չես համապատասխանում, չես կարող մուտք գործել այնտեղ։ Այս առումով նաև շատ կարևոր է մարկետինգը, զարգացած երկրներում կան օրգանիկ խանութներ, օրգանիկ հատվածներ սուպերմարկետներում, որտեղ մարդիկ կարող են գնալ և ձեռք բերել այդպիսի սնունդ: Այս առումով պետք է ասեմ, որ ՀՀ-ում շատ հաճախ լինում են սպառողներին մոլորության մեջ գցող մակնշումներ»,- ասաց սննդագետ Դավիթ Պիպոյանը:

Էլեն Թևոսյան

2-րդ կուրս

Կիսվել