Հանուն կամավորության՝ հանդուրժել նույնիսկ գորտերին

Հանուն կամավորության՝ հանդուրժել նույնիսկ գորտերին

606

Շատերի համար չվարձատրվող աշխատանք, շատերի համար էլ հաջողության հետաքրքիր ճանապարհ։ Իմ զրուցակիցը ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ղազարյանն է։ Յոթերորդ դասարանից մինչ օրս զբաղվում է կամավորությամբ։ Սկզբում կամավորական խմբի անդամ, հետո առաջնորդ դարձած աղջիկը Ապարան քաղաքի հասարակական խնդիրները լուծողներից մեկն է և մեզ հետ զրույցում պատմել է կամավորական աշխատանքների դժվարությունների, ունեցած հաջողությունների, ձեռքբերումների ու վախերը հաղթահարելու մասին։ 

«Ես շատ վաղուց եմ զբաղվում կամավորությամբ։ Այն ժամանակ դա ինձ համար հետաքրքիր ժամանց էր, հիմա դարձել է իմ անբաժան ընկերը։ Ես միշտ գերագույն հաճույքով եմ զբաղվել ու զբաղվում կամավորությամբ։ Դա է պատճառը, որ հնարավորություն ունեցա անդամից դառնալու առաջնորդ։ Բայց առաջնորդի պաշտոնն էլ, փաստորեն,   իր բարդություններն ուներ։ Պետք է ավելի պատասխանատու լինես, ղեկավարես խումբ, գրես ծրագրեր, որոնք միտված են համայնքի զանգացմանը։ Այսինքն՝ պատասխանատվության մեծագույն բաժինն ընկած է քեզ վրա»,- ասում է Անահիտը։

17 տարեկանում մի քանի երիտասարդների հետ Sevan startup summit 2019-ին ներկայացրել են իրենց գաղափարը և շահել մեծ գումար։ Անահիտը սա լիարժեք հաջողություն է համարում։ Պատմում, որ բարդ, բայց լուսավոր օրեր են ունեցել ծրագիրը իրականացնելիս․  «Հիշում եմ, որ երեք տարբեր խմբերի էինք բաժանվել, և մեր խումբը ներկայացրեց ծրագիր, ըստ որի՝ պետք է պատրաստեինք ակնոցներ, որոնք կօգնեին կույրերին տեղաշարժվել տեղանքում։ Եվ դրանք կանեին կամավոր մարդիկ, որոնք պատրաստ կլինեին ուղղորդելու կույր մարդուն` ինչպե՞ս քայլել, ինչպե՞ս շարժվել, ե՞րբ փողոցը անցնել և այլն։ Այս ծրագիրը մենք ներկայացրինք մրցույթում, արժանացանք մրցանակի` 1000 դոլարի չափով։ Բայց, ցավոք, առաջացան խնդիրներ, և ծրագիրը չիրացգործվեց»։

Այն հարցին, թե ինչ դժվարություններ է ունեցել կամավորության ընթացքում, Անահիտը պատասխանում է, որ դժվարը ծնողներին համոզելն էր․ «Այդ խնդիրն  ինձ միշտ ուղեկցել է։ Ես միշտ պետք է ընտանիքիս հասկացնեի, որ  իրոք անում եմ մի աշխատանք, որն ինձ պետք է գալիս։ Լինում էին դեպքեր, երբ առավոտ շուտ գնում էի տնից և երեկոյան ուշ վերադառնում էի տուն։ Ու արդյունքում ծնողներս մտածում էին, որ ես գնում էի, առանց վարձատրվելու ինչ-որ աշխատանք էի կատարում ու հոգնած հետ էի գալիս։ Բայց, հավատացնում եմ, այն բավականությունը, որը ես էի ստանում, չէի կարողանում փոխանցել իմ տանեցիներին, հետևաբար նրանք էլ հաճախ դեմ էին լինում, որ ես շարունակեմ կատարել կամավորական աշխատանքներ։

Մյուս դժվարությունն էլ այն էր, որ մենք օրերով կազմում էինք նոր ծրագիր, ու դա հավանության չէր արժանանում։ Այդ ամենն ինձ շատ էր բարկացնում, ես թևաթափ էի լինում»։

Հերոսուհուս ասացի, որ ոչ բոլորն են պատրաստ ժամանակ տրամադրել, աշխատել ու այդ աշխատանքի դիմաց գումար չստանալ։ Անահիտ էլ ժպտալով պատասխանեց. «Իրականում աշխատելու ժամանակ չէի մտածում գումար ստանալու մասին։ Այն աշխատանքը, որը ես էի կատարում, ինձ գերագույն հաճույք էր պատճառում։ Մենք գնում էինք ճամբարներ, մասնակցում էինք տարբեր վերապատրաստումների, և այդ ամենն ինձ հերիք էր, որ ես չմտահոգվեմ գումար չստանալու պատճառով։ Երբ գիտես, որ ձեռք ես բերում փորձ, տարբեր հմտություններ, գումարը չորրորդ, հինգերորդ պլան է մղվում»։

«Կամավոր դառնալու միակ պայմանը ցանկությունն է։ Եթե ցանկանաս, ոչինչ քեզ հետ չի կանգնեցի,- վստահ է Անահիտը։ -Երբ կամավորական աշխատանքներ կատարելիս դու կհոգնես, իսկ դու հաստատ կհոգնես, որովհետև այդ աշխատանքները շատ մեծ եռանդ ու ուժ են խլում, ցանկությունն է, որ քեզ թույլ կտա նորից աշխատելու, մոռանալու, որ դու հոգնած ես, ժպտալու և մեծ բավականություն ստանալու»։ 

Անահիտը կամավորական աշխատանքներից առանձնացնում է Ապարանի ուսանողական ավտոբուսների բացակայության խնդրի լուծումը, որի առաջարկից մի քանի օր հետո 40 ուսանող Երևան էր գալիս ուսանողական ավտոբուսներով․  «Առավոտ շուտ շարժվում ենք Ապարանից, ու դասերը սկսելուց մի փոքր շուտ հասնում համալսարան։ Շատ ուրախ եմ, որ կարողացել ենք լուծել այս խնդիրը, որովհետև, հավատացնում եմ` դժվար է ամեն օր Ապարանից երկու, երբեմն երեք երթուղային փոխել, որ հասնես համալսարան, այն էլ ուշացած»։

Աղջիկը պատմում է, որ իրագործված ամեն գաղափարից հետո ավելի եռանդով է սկսում աշխատել։ Նոր գաղափարները շատ հաճախ ծնվում են համայնքի խնդիրների մասին խոսելիս, քանի որ մասնագիտությամբ լրագրող է և հաճախ շատ դեպքեր լուսաբանելիս հասկանում է, որ տվյալ խնդիրը կարող է լուծել կամավորության շնորհիվ`  համայնքապետարանի, երիտասարդ ընկերների միջոցով։

«Իմ կամավորական աշխատանքների ժամանակ, իրոք, անչափ հետաքրքիր դեպքեր են եղել։ Կառանձնացնեմ մեկը։ Ես պետք է գնայի կամավորական աշխատանքների, և դրա նախորդ օրը մենք մեր կամավորական խմբով, առաջնորդի հետ գտնվում էինք վրանային ճամբարում։ Մեր կամավորական աշխատանքների համակարգողը վերջին գիշերը մեզ նախատեց, բարկացավ, որ ձայն չհանենք, գիշերը խաղաղ, առանց աղմուկ անցկանենք, որպեսզի հաջորդ օրը գնայինք կամավորական աշխատանքներ իրականացնելու։ Բայց ստացվեց այնպես, որ մեր վրան այդ գիշեր որոշեցին մտնել մի քանի գորտեր, իսկ ես գորտերից, մեղմ ասած, սարսափում եմ, բայց դրան զուգահեռ շատ էի սիրում իմ կամավորական աշխատանքները։ Ես ստիպված հանդուրժեցի գորտերի ներկայությունը մեր վրանում։ Բարեբախտաբար  նրանք չորս րոպեից ավել չմնացին վրանում, իսկ ինձ հաջողվեց ձայն չհանել ու առավոտյան գնալ աշխատանքներն իրականացնելու»,- խոսքը եզրափակում է Անահիտը։  

Օֆելյա Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել