Իմ մասին խոսելիս ասում են «էն սև ձեռնոցներով ֆուդբլոգերը»․ Արփի Բուգուլյանը

Իմ մասին խոսելիս ասում են «էն սև ձեռնոցներով ֆուդբլոգերը»․ Արփի Բուգուլյանը

862


Ֆուդբլոգեր Արփի Բուգուլյանը (ինստագրամյան հարթակում շատերին հայտնի որպես @arpi_foodblogger) վերջին օրերին ապրել է ռուս-ուկրաինական պատերազմի ողջ արհավիրքը` մանկահասակ երեխաների հետ թաքստոցում պատսպարվելուց մինչև այլ երկիր տեղափոխվել: Արփիի հետ խոսել ենք բլոգինգի և պատերազմի արդյուքում ի հայտ եկած խնդիրների մասին։

Ինչպե՞ս առաջացավ բլոգ ստեղծելու միտքը։

-2016 թվականն էր։ Առաջնեկս 5-6 ամսեկան էր, երբ անձնական էջումս սկսեցի գրել։ Տարբեր գրառումն էի անում՝ ամենատարբեր թեմաներով։ Սկսեցի նաև իմ պատրաստած ուտեստների և թխվածքների նկարներով էլ կիսվել։ Ի զարմանս ինձ, շատերը խնդրեցին նկարներից զատ բաղադրատոմսերով ևս կիսվել։

Մի օր ամուսնուս հետ երեկոյան զրուցում էինք ու ասաց. «Իսկ ի՞նչ կլինի, եթե ֆուդբլոգյան էջ բացես, բայց պարտադիր հայալեզու, որքանով տեղյակ եմ ինստագրամյան հարթակում չկա հայալեզու ֆուդբլոգյան էջ»։  Միտքն ինձ շատ դուր եկավ ու սկսեցի ուսումնասիրել ինստագրամն ու հայկական շուկան և հասկացա, որ իսկապես չկա հայալեզու ֆուդբլոգյան էջ։ Շատ հայ ֆուդբլոգերներ կային այդ պահին, բայց բոլորը վարում էին էջերը ռուսերեն կամ անգլերեն։ Որոշեցի թողնել անձնական էջս ու զրոյից նոր էջ բացել @arpi_foodblogger։ Քչերը գիտեն այս մասին, բայց փաստորեն այնպես ստացվեց,  որ 2017թ-ի ապրիլի 21-ին դարձա ինստագրամյան հարթակում հայալեզու ֆուդբլոգինգի հիմնադիրը։

-Բլոգեր լինելուց բացի  ունե՞ք այլ մասնագիտություն։

-Բլոգեր լինելը իմ մասնագիտությունը չէ, այլ հոբբին։ Առաջին մասնագիտությամբ թարգմանչուհի եմ (անգլերեն, ֆրանսերեն լեզուների), ստացել եմ նաև խոհարարական կրթություն Կիևի լավագույն խոհարարական դպրոցներից մեկում, սերտիֆիկացված խոհարար եմ։ Հիմա աշխատում եմ IT ընկերությունում՝ որպես դիզայներ։ Որպես դիզայներ սկսեցի իմ ուղին 2020 թվականի նոյեմբերից։

-Համացանցում շատ են ֆուդբլոգերները, այսպես ասած` շատ «մրցակիցներ» ունեք: Կա՞ ինչ-որ հատուկ բան, որը միայն Ձեզ է բնորոշ, և դրանով իսկ տարբերվում եք մյուսներից:

-Այո, հիմա շատ ֆուդբլոգերներ կան, ու ես ուրախ եմ, երբ տեսնում եմ որակով ու գեղեցիկ էջեր։ Ինչպես յուրաքանչյու ոք, ես էլ ունեմ իմ ձեռագիրը։ Ինձ գրում են, «Արփի ջան, եթե նույնիսկ անունը չտեսնենք, գիտենք, որ դա Ձեր հոլովակն է»։ Վերջերս լսել եմ, որ իմ մասին խոսելիս ասում են «էն սև ձեռնոցներով ֆուդբլոգերը»։ Ինստագրամյան հարթակում, ցավոք, շատ են կրկնօրինակում, ես կողմ եմ, երբ մարդ ոգեշնչվում է ինչ-որ բանից ու իր ձևով ներկայացնում, բայց ամեն ինչ նույնությամբ կրկնելը ծիծաղելի է։ Վերջիվերջո մարդիկ կույր չեն, տեսնում են ամեն ինչ։

Ինչ վերաբերվում է մրցակցությանը, ես չունեմ մրցակիցներ, ունեմ ֆուդբլոգեր ընկերներ, որոնք ինձ հարազատ են դարձել, վստահ եմ՝ ես էլ իրենց: Չգիտեմ, թե ինչով եմ տարբերվում մյուսներից, դա հետևորդներս կասեն, բայց ցանկանում եմ նշել, որ չնայած ֆուդբլիգինգն ինձ համար հոբբի է, ես, ունենալով պատասխանատվության զգացում իմ լսարանի առջև, որոշեցի ստանալ խոհարարական կրթություն և դարձա սերտիֆիկացված խոհարար։

Խոսելով բլոգ վարելու դժվարությունների մասին՝ Արփին նշում է, որ ամենամեծ դժվարությունը մշտապես ակտիվ լինելն է․ «Բաղադրատոմս նկարելն ինքնին բարդ գործընթաց է՝ նկարահանում, մոնտաժ, տեքստ գրել…

Հաշվի առնելով, որ ես աշխատող մայրիկ եմ, երբեմն չեմ հասցնում շատ հաճախ նկարել  բաղադրատոմսեր, հիմնականում նկարում եմ շաբաթ-կիրակի օրերին։ Երբ ամեն ինչ ճիշտ եմ կազմակերպում, շատ բան եմ հասցնում, բայց սթորիներ բաժինս միշտ ակտիվ ու հետաքրքիր եմ փորձում պահել»։

Արփի՛ ջան, նշեցիք, որ միշտ ակտիվ եք պահում սթորի բաժինը, այդպես էր նաև այն ժամանակ, երբ պատերազմական գործողությունների պաճառով երեխաների հետ հայտնվել էիք ապաստարանում, կպատմե՞ք, թե ինչպե՞ս սկսվեց պատերազմը, արդյո՞ք կար խուճապ։

-Ամեն ինչ այնքան հանկարծակի ու արագ սկսվեց, որ մի պահ չէի հասկանում՝ ինչ է կատարվում: Սկզբում որոշել էի անհետանալ ինստագրամից ու բացարձակ սթորի չանել։ Սակայն մի քանի ժամում, ստանալով  հազարավոր նամակներ, հասկացա, որ դա սխալ որոշում է։ Ու առհասարակ, այդ օրերին զգացի, թե որքան խելացի, կիրթ ու սրտացավ լսարան ունեմ։ Որոշեցի պարբերաբար տեղեկացնել մարդկանց երկրում տիրող իրավիճակի ու մեր մասին։

Այո՛, խուճապ շատերի մոտ կար։

Արփին երկու մանկահասակ երեխաների, քրոջ և ամուսնու հետ ապաստարանում 6 օր է անցկացրել, ասում է` բարեբախտաբար, ինտերնետ կապ են ունեցել և երեխաներին կարողացել են շեղել պատերազմական իրավիճակից

«Ապաստարաններում, բարեբախտաբար,  որոշակի հարմարություններ կային։ Մեզ հետ ևս 3 ընտանիք կար՝ 6 երեխա, 10 մեծահասակ, երեխաները խաղում էին իրար հետ, մուլտֆիլմեր դիտում, ժամանակն անցնում էր․․․ »,- պատմեց նա։

Արփի Բուգուլյանի խոսքով՝ քաղցած չեն մնացել.

«Ամուսինս հենց առաջին օրը գնումներ կատարեց սուպերմարկետից։ Աղջիկս արագ պատրաստվող մանկական շիլաներ էր ուտում, մրգեր, յոգուրտներ։ Տղայիս պարագայում ավելի հեշտ էր, քանի որ «չի կարելիները» քիչ էին։

Ինչպես նշում է Արփի Բուգուլյանը՝ քաղաքից որոշել են դուրս գալ այն ժամանակ, երբ Կիևում ռմբակոծվել է հեռուսատաաշտարակը 

«Քաղաքից որոշեցինք դուրս գալ այն ժամանակ, երբ Կիևում պայթյունները շատացան ու պայթեցրին մեզանից 3կմ հեռավորության վրա գտնվող հեռուստաշտարակը։ Այդ ամենից զատ, վտանգ կար, որ կապը կկորի։ Չեմ ուզում պատկերացնել մեր հարազատների վիճակը, երբ չկարողանային կապի դուրս գալ մեզ հետ»։

-Հայկական դեսպանատան կողմից ստացե՞լ եք որևէ աջակցություն։

-Դեսպանատուն չենք դիմել աջակցության համար։ Դիմել ենք հյուպատոսին՝ տիկին Մարինե Հայրապետյանին, ով օգնել է որպեսզի Կիևից դուրս գանք անվտանգ ճանապարհով։ Կիևից դուրս ենք եկել մարտի 2-ին՝ ՄԱԿ-ի կազմակերպած շարասյան հետ։

Մանրամասնելով՝ Արփին պատմում է, որ  ճանապարհին և սահմանին խնդիրներ չեն եղել

«Ամուսինս ՀՀ քաղաքացի է, սահմանի  ոչ մի խնդիր չի առաջացել, սակայն Ուկրաինայի քաղաքացի տղամարդիկ երկիրը լքել չեն կարող՝ անկախ ազգությունից»։

Արփին այժմ ընտանիքի հետ գտնվում է Մոլդովայում, ըստ նրա պատրաստվում են վերադառնալ Հայաստան, սակայն այս պահին ուղիղ չվերթներ չկան։ Հարցին, թե՞ արդյոք նորից կվերադառնա՞ն Կիև, Արփին պատասխանում է

«Իհարկե՛, հույսով սպասում ենք, որ ամեն բան մոտ ապագայում կավարտվի․․․»։

Հասմիկ Անտոնյան

3-րդ կուրս

Կիսվել