Տնտեսական մարտահրավերներ՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին

Տնտեսական մարտահրավերներ՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին

701

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականի փետրվարին սկսված պատերազմը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնեցրել համաշխարհային տնտեսությանը: Հայաստանը, որ մեծ ազդեցություն և կախվածություն ունի ռուսական տնտեսությունից, նույնպես բախվում է խնդիրների: Ինչպե՞ս է ազդում այս իրավիճակը մեր երկրի վրա և ի՞նչ հետևանքների սպասել, փորձել ենք պարզել` պատկան մարմինների ոը փորձագետների մեկնաբանությունները համադրելով:

Տնտեսության անկում

Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են հարվածել Եվրասիական տնտեսական միությանը, որի անդամ է նաև Հայաստանը: Հայաստանի տնտեսության վրա արդեն իսկ բացասական ազդեցություն էին թողել նոր տեսակի կորոնավիրուսային համավարակն ու Արցախյան 44-օրյա պատերազմը: 2021-ը ԵԱՏՄ պետությունների համար եղավ ստեղծված ճգնաժամից, քիչ թե շատ, դուրս գալու տարի: Արդյունքում, ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տվյալների, Հայաստանի տնտեսական անկումը 2020-ին կազմել էր 7,4%, իսկ 2021-ին 5,8%-ով աճ էր գրանցվել:

Ուկրաինայում էսկալացիայի հետևանքով Հայաստանի տնտեսությունն արդեն տուժում է: Նվազել են Հայաստանի և Ռուսաստանի միջև արտահանումների և ներմուծումների թվերը, ռուբլու արժեզրկումը կարող է մեզ մոտ առաջացնել գնաճ, ինչպես նաև ստեղծված իրավիճակը աշխարհաքաղաքական լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն օրերս հայտարարել է, որ Հայաստանի տնտեսության վրա ակնկալվում է, հիմնականում, գնաճային ազդեցություն:

«Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարտահայտվի տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղմամբ: Սա առավելապես տեղի կունենա արդյունաբերության ճյուղի անկման հաշվին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա:

Հայաստանի համար ռուս-ուկրաինական պատերազմի ռիսկերը շատ մեծ են: Դրանք կանխելու համար, ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, մշակվում են արտաքին տնտեսական մարտահրավերներով պայմանավորված արտահանում իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին օժանդակության միջոցառումներ:

«Մարտի 7–ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում՝ ղեկավար կազմի մասնակցությամբ, կազմակերպվել է հանդիպում Ռուսաստանի Դաշնություն ապրանքներ և ծառայություններ արտահանող գործարարների հետ։ Վերջինիս ընթացքում քննարկվել են ի հայտ եկած խնդիրները և խոչընդոտները»,- հայտնել են նախարարությունից:

Արտահանումներ և ներմուծումներ

Մեր պետության ամենամեծ թվով ներկրումներն անում է Ռուսաստանի Դաշնությունից։ Բնականաբար, պատերազմի պատճառով որոշ ապրանքների արտադրությունը կանգ է առնում: Եթե արտադրություն չկա, ուրեմն չկա նաև դրա վաճառք եւ Հայաստան ներմուծում։ ՌԴ-ից Հայաստան են ներմուծվում էներգակիրներ, լայն սպառման ապրանքներ, մետաղներ և մի շարք այլ կարևոր ապրանքատեսակներ: Հայաստանում ՌԴ-ից ներմուծումը կազմում է 33,3%, իսկ նրան հաջորդող մյուս պետությունից՝ Չինաստանից՝ 13%: ԱՊՀ երկրներից 2021-ին դեպի Հայաստան ներմուծումը կազմել է 30%-ը, ԵՏՄ-ից՝ 28%, և եռյակը փակում են Ասիական պետությունները՝ 24%-ով:

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2021 թվականին Հայաստան Ռուսաստանից ներմուծվել է 1 մլրդ. 782 միլիոն դոլարի ապրանք: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը աճել է 19,2%-ով: Սա Հայաստանի համար բավական բարձր ցուցանիշ է:

Իրավիճակի պատճառով խնդիրներ են առաջանում նաև արտահանման առումով: Հայաստանից արտահանումները Ռուսաստան կազմում են 28%: Հայաստանից Ռուսաստան են արտահանվում պահածոներ, գյուղմթերք, հայկական գինի ու կոնյակ և այլ ապրանքներ: 2021թ-ին Ռուսաստան է արտահանվել 847 միլիոն դոլարի ապրանք: Տնտեսագետ Սիլվի Հյուսյանի կարծիքով առաջին բանը, որ մե մոտ կտուժի արտահանումներն են. «Ռուբլու արժեզրկումը ռուսական շուկայում կբերի գնաճի: Դա էլ իր հերթին կբերի նրան, որ ապրանքները չեն կարողանա նորմալ հասնել և այդ ամենը տնտեսության վրա մեծ վնաս կթողնի»:

Ռուսաստանը առաջատար երկիր է հայկական տնտեսության մեջ և՛ արտահանումների, և՛ ներմուծումների թվերով: Իսկ դրանից հաջորդող պետությունները տոկոսային առումով ունեն մեծ տարբերություն: Տնտեսագետը նաև նշում է, որ հայկական արտահանումների 70-80% գնում է դեպի ռուսաստանյան շուկա. «Դրան փոխարինող շուկա գտնելը շատ դժվար է, եթե ոչ գրեթե անհնար»:

Ռուբլու արժեզրկում և տրանսֆերտներ

Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին հարվածը կրել է ռուսական ռուբլին: Այն արժեզրկվել է, ինչի հետևանքով ներդրումները դեպի ՀՀ կրճատվում են: Դրա հետևանքով ներկրվող ապրանքները, ինչպես նաև Ռուսաստան արտահանվող հայկական արտադրանքը թանկանում է: Կարելի է ասել, որ ռուբլու շարունակական արժեզրկումը կբերի հայկական արտադրանքի թանկացման: Դրա վառ օրինակն է ցորենի ներմուծման հարցը (ՀՀ ներմուծվող ցորենի 99%-ը Ռուսաստանից է):

Ռուսաստանն ամենախոշոր ներդրողն է Հայաստանում: Պատերազմական պայմաններում դրամական փոխանցումների նվազումը քչանում է, իսկ արտաքին պահանջարկը թուլանում: Նույնը վերաբերում է նաև տրանսֆերտներին: Անցյալ տարվա ընթացքում բանկերի միջոցով Հայաստան է փոխանցվել տրանսֆերտների շուրջ 40%-ը՝ ֆիզիկական անձանց կողմից:

Հայաստանում մի շարք դուստր ընկերություններ սնվում են ռուսական կապիտալով: Օրինակ «Գազպրոմ Արմենիա»-ն ռուսական «Գազպրոմ»-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է: Արևմտյան երկրների կողմից կիրառվող սանկցիաները անմիջական ձևով ազդում են նաև Հայաստանում գործող դուստր ընկերությունների վրա:  

Հայաստանում խոշորագույն հարկ վճարող կազմակերպություններից հինգը նույնպես սնվում են ռուսական կապիտալով: Դրանք ամեն տարի միլիոնավոր գումարներ են ներդնում ՀՀ բյուջե, ինչպես նաև ստեղծում բազմաթիվ աշխատատեղեր:

Ռուսական ընկերությունների ռելոկացիա

Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում Հայաստանում նկատվում է զբոսաշրջության աճ: Ժամանողներն էլ հիմնական ազգությամբ ռուսներ են: Թե որքանով են նրանք զբոսաշրջիկներ կամ փախստականներ, այլ հարց է։ Բայց նրանց մի զգալի մասը, որ ֆրիլանսերներ են և աշխատում են արտասահմանյան ընկերությունների հետ, Հայաստանում են պատժամիջոցների հետևանքով։

Ուկրաինայից մարդկանց հոսք ևս կա, սակայն, ի տարբերություն Ռուսաստանի, ըստ Ուկրաինայի դեսպանատան՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում ՀՀ է մուտք գործել շուրջ չորս հազար Ուկրաինայի քաղաքացի, որոնց մեծ մասը հայեր են:

Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության. «Պատժամիջոցների կիրառումից ի վեր նկատելի է Ռուսաստանի Դաշնությունից այցելությունների թվաքանակի կտրուկ աճ, ինչը կապահովվի զբոսաշրջային եկամուտների և զբոսաշրջությանը հարակից ծառայությունների (կացության և հանրային սննդի կազմակերպում, ռեստորաններ և հյուրանոցներ, մշակույթ, ժամանց և հանգիստ) ծավալի և ներքին առևտրի ծավալների աճ»։

Անի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել