Կամավորից ինթերն ճանապարհը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում

Կամավորից ինթերն ճանապարհը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում

776

Մտերմիկ միջավայր, եռանդուն աշխատանք և իհարկե սեր դասական երաժշտության նկատմամբ. ահա այս երեք բնութագրիչներով է առանձնանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամավորների մեծ թիմը: Հայաստանում կան մի շարք կազմակերպություններ, որոնք կամավորներ են հավաքում ու մասնակցում տարբեր ծրագրերի կամ միջոցառումների: Սակայն այս նվագախումբն ունի իր կամավորների կայուն թիմը, որը ժամանակ առ ժամանակ համալրվում է նոր կամավորներով: Այստեղ կապ չունի՝ դպրոցական ես, տարեց ես, թե ուսանող, կարևորը աշխատասիրությունն է ու սերը դեպի դասական երաժշտությունը:

Նվագախումբն այս պահին  մոտավորապես 40 կամավոր ունի, որոնք, միմյանց անընդհատ փոխարինելով, հասցնում են ամեն բան: Կամավորների գործառույթները տարբեր են: Կախված է, թե նվագախումբն ինչ համերգներով է հանդես գալիս: Օրինակ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամավորների մեծ թիմը գրեթե ամեն օր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում աշխատանքներ էր կատարում, քանի որ այդ ժամանակաշրջանում սիմֆոնիկ նվագախմբի ամենահայտնի փառատոներից մեկը՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնն էր ընթանում: Հենց այդ ժամանակ էր, որ թիմը համալրվեց տասնյակ կամավորներով:

Այս պահին նույն եռանդով նրանք կամավորական աշխատանքներ են կատարում, սակայն այլ համերգների համար: Իսկ իրենց գործառույթների մասին խոսում են հենց իրենք. «Մենք մինչ համերգի սկսելը համերգասրահում տվյալ համերգի ծրագիրն ենք բաժանում հանդիսատեսին և դրա հետ մեկտեղ նաև փորձում ենք օգնել, որ մարդիկ հեշտությամբ տեղավորվեն»,- զրույցի ընթացքում նշեց կամավոր Ինեսան:

«Վերջին երկու ամսվա ընթացքում մեր գործառույթներից մեկը դարձել է QR կոդի կամ ՊՇՌ թեստի առկայությունը ստուգելը»,- Ինեսային լրացրեց կամավոր Անին:

Մեկ այլ գործառույթի մասին մեզ պատմեց Լիանան, որը մեկ-երկու ամիս է, ինչ միացել է նվագախմբի կամավորների թիմին. «Մեր գործառույթները շատ բազմազան են, և դա ինձ դուր է գալիս: Օրինակ, ըստ իս, աղջիկ կամավորների ամենասիրելի աշխատանքներից մեկը բեմ դուրս գալն է: Լինում են փառատոներ կամ հատուկ համերգներ, որոնց ժամանակ ելույթ են ունենում հայ և համաշխարհային արտիստներ: Այդ համերգներից հետո մենք բարձրանում ենք բեմ ու ծաղիկներ նվիրում այդ երաժիշտներին: Դա և՛ գեղեցիկ պահ է, և՛ շատ պատասխանատու»:

Կամավորների կյանքը նվագախմբում միապաղաղ չի անցնում, քանի որ նրանք միշտ մասնակցում են տարբեր ծրագրերի կամ թեմատիկ համերգների: Վերջին մեկ ամսվա ընթացքում վերսկսել է սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնած ԴասA կրթական ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակում կամավորները կազմակերպչական թիմի հետ այցելում են Երևանի և մարզերի ավագ դպրոցներ ու տարածում դասականը: Դրանից հետո դպրոցների աշակերտներին հրավիրում են նվագախմբի համերգներին: Իսկ արդեն համերգների ժամանակ կամավորները վերահսկում են ավագ դպրոցի աշակերտներին, օգնում, որ համերգի վերջում աշակերտները հարցազրույցներ տան ու կիսվեն իրենց տպավորություններով:

Կամավորների այս մեծ թիմը չէր կարող արդյունավետ աշխատել, եթե չունենար աշխատանքների պատասխանատու: Այս բոլոր աշխատանքները վերահսկում է կամավորների աշխատանքերի կազմակերպիչ-համակարգող Ժենյա Թամազյանը։
«Շատ կարևորում եմ կամավորների աշխատանքը: Արդեն մի քանի տարի է՝ անընդմեջ մեր սիրելի կամավորները մեզ հետ են աշխատում:  Շատ սիրում եմ բոլորին, քանի որ նրանք բոլորն էլ պատրաստակամ  ու պատասխանատու երիտասարդներ են»,- ասում է նա:

Կամավորների թիմի մասին խոսելիս առանձնահատուկ կարևոր է նշել այն փաստը, որ այստեղ նրանք ավելի մեծ հաջողություններ գրանցելու հնարավորություն ունեն: Նվագախմբում կան կամավորներ, որոնք իրենց աշխատասիրության արդյունքում փորձաշրջան են անցնում և աշխատում նվագախմբի տարբեր բաժիններում՝ մարքեթինգից մինչև վարչական աշխատանքներ: Փորձաշրջան անցնող կամավորներին այստեղ անվանում են «ինթներններ»:

Journalist.am-ը զրուցել է նաև ինթերնների հետ: Ինթերն Միլենան  երկու տարի կամավորություն անելուց հետո  արդեն գրասենյակային աշխատանքներով է զբաղվում. «Նվագախումբն իր կամավորներին, իրոք, շատ մեծ հնարավորություններ է տալիս: Երկու տարի շարունակ կամավոր եմ, և արդեն ադմինիստրատիվ մարքեթինգի բաժնից հրավիրել են ինթերն լինելու: Վստահեցնում եմ, որ այստեղ աշխատանքը կարելի է համատեղել հաճելիի հետ»:

Իսկ ինթերն Վիգենը մեկ այլ գործով է զբաղվում. «Ես այս պահին  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փոխտնօրենի ինթերն եմ, և մենք միասին աշխատում ենք կազմակերպչական հարցերի շուրջ: Այստեղ ես սովորում եմ, թե ինչպես են կազմակերպվում պետական ոչ առևտրային մշակութային կազմակերպության վարչական աշխատանքերը, այսինքն՝ համերգների կազմակերպում, պլանավորում և ընդհանուր ներքին աշխատանքներ»։ Վիգենը հավելեց, որ ինքը նաև սովորում է, թե ինչպես է ՊՈԱԿ-ն աշխատում գործադիր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության հետ:

Նվագախմբի կամավորները պատմում են ու իրենց օրինակով ցույց են տալիս, որ աշխատասեր ու պատասխանատու լինելու արդյունքում կարող ես հաջողություններ գրանցել ու էլ ավելի առաջ գնալ:

Անահիտ Նահապետյան

2-րդ կուրս

Կիսվել