Շիրակամուտի անբարեկարգ ճանապարհները, որ տարեց տարի ավելի են վատթարանում

Շիրակամուտի անբարեկարգ ճանապարհները, որ տարեց տարի ավելի են վատթարանում

694

Շիրակամուտ գյուղի քարքարոտ եւ անբարեկարգ ճանապարհներն ամեն անգամ՝ տեղումներից հետո, դառնում են դժվարանցանելի, առաջանում են ջրափոսեր:

Բելա Պապոյանը, ինչպես և գյուղի մյուս բնակիչները, ամեն տարի տեսնում են ավելի ու ավելի մաշվող ճանապարհներն ու դրանց բարեկարգմանն ուղղված պատկան մարմինների զրո աշխատանքը:

Ճանապարհների քարքարոտ լինելու պատճառով՝ գյուղ դժվարությամբ են մտնում շտապօգնության մեքենաները, իսկ տաքսու վարորդներն առհասարակ խուսափում են այստեղով մեքենա վարել։ 20 տարուց ավելի այս խնդիրը գյուղում առկա է։  Ամռան ընթացքում գյուղապետարանը ճանապարհների փոսերը փակել է խճաքարով և ավազով, սակայն, քանի որ գյուղում չի գործում ջրահեռացման համակարգ, ամեն անձրևից և ձյունից հետո ճանապարհներին նորից գոյանում են նույն ջրափոսերը և ցեխը։ Դեռ տարիներ առաջ ասֆալտապատվել էին միայն գյուղ մտնող ճանապարհը և գյուղապետարանին հարակից ճանապարհները, սակայն դրանք տարիներ շարունակ շահագործվելու ընթացքում շարքից դուրս են եկել։

«Ճանապարհները քարքարոտ են, որի պատճառով էլ կոշիկներս շուտ են մաշվում, իսկ անձրևից հետո մինչև հասնում եմ դպրոց, ցեխի մեջ կորում եմ»,- ասում է 17-ամյա Հայկուհին:

Գյուղի բնակիչները մի անգամ չէ, որ բողոքել են ճանապարհների վատ վիճակից, սակայն այդպես էլ տեղաշարժ չկա։

Շիրակամուտ գյուղի նախկին գյուղապետ Աշոտ Երանոսյանն ասում էր, որ գյուղի բյուջեում չկար այնքան գումար, որ կարողանային ասֆալտապատել գյուղամիջյան ճանապարհները, հովանավորներ ևս չունեին:

Գյուղի նորանշանակ գյուղապետ Միքայել Պապոյանն ասում է. «Գյուղապետ նշանակվելուց հետո ծանոթացել եմ գյուղի բյուջեի մուտքերին և ելքերին, ինչպես նաև գյուղի առաջնային խնդիրներին։ Այս պահին աշխատում ենք գտնել հովանավորների և բարերարների, որոնք կհամաձայնեն հովանավորել գյուղի ասֆալտապատման աշխատանքները, քանի որ գյուղի բյուջեում եղած գումարով այս հարցը հնարավոր չէ լուծել»։

Գյուղի հին բնակիչներից 81-ամյա Ստեփան Պապիկյանը դեռ չի հիշում մի դեպք, երբ գյուղն անպակաս է եղել խնդիրներից. «Մեր գյուղը միշտ էլ ունեցել է իր խնդիրները, ճանապարհների հարցը միշտ անլուծելի է եղել, չնայած, երկրաշարժից հետո ասֆալտապատվեց, սակայն դա երկար չգոյատևեց։ Դժվար էլ իմ կենդանության օրոք այս հարցը լուծվի»։

Դպրոցական երեխաները շատ են տուժում ճանապարհների վատ լինելու պատճառով, մանավանդ դպրոցից հեռու բնակվողներից անձրևոտ եղանակին շատ ժամանակ է պահանջվում դպրոց հասնելու համար, հասնելու դեպքում էլ՝ կոշիկները ցեխի մեջ կորած են լինում։ Սա նաև դառնում է դասից ուշանալու պատճառ։

1988 թվականի երկրաշարժից տարիներ անց էլ Շիրակամուտ գյուղը դեռ ոտքի չի կանգնել և կրում է երկրաշարժի հետևանքները։

Երկրաշարժից հետո գյուղի ճանապարհներն ասֆալտապատվել էին ռուս շինարարների կողմից, սակայն տարիների ընթացքում ասֆալտը քայքայվել է, և գյուղի ճանապարհները հայտնվել են այս անմխիթար վիճակում։ Այս ամենում «մեղքի» բաժին ունի նաև գյուղատնտեսական տեխնիկան։ Դրանց վրա կան սուր հատվածներ, որոնք, դիպչելով գետնին, այն ակոսում են։

Գյուղը, լինելով պատմամշակութային կենտրոն, ամեն տարի հյուրընկալում է զբոսաշրջիկների և՛ Հայաստանից, և՛ արտասահմանից, որոնք հեռանում են գյուղից վատ տպավորություններով. պատճառն անբարեկարգ ճանապարհներն են:

Արուսյակ Եղիազարյան

2-րդ կուրս

Կիսվել