Արտաշատի թատրոնի «հրաշագործը»

Արտաշատի թատրոնի «հրաշագործը»

854
Համլետ Հակոբյանը. լուսանկարը՝ Մեդիամաքսի

Առաստաղը «բացվում է» ու բեմ հիշեցնող ցուցափեղկը դանդաղ իջնում է ներքեւ։ Այս ցուցափեղկը թատրոնի հրաշագործի կերտածն է։

Արտաշատի թատրոնի բեմադրական մասի վարիչին որպես հրաշագործ ճանաչում են թատրոնի գրեթե բոլոր այցելուները։ Համլետ Հակոբյանը թատրոնում նույնիսկ անշունչ իրերին է կենդանություն տվել։

Մասնագիտությամբ տնտեսագետ Համլետ Հակոբյանը թատրոնում հայտնվել է ընկերոջ խնդրանքով.

– Ավագ ընկերս՝ Ռուդիկ Ղարիբյանը, այդ ժամանակ թատրոնի տնօրեն էր, խնդրեց ինձ գալ թատրոն, ես, անկեղծ ասած, չէի ցանկանում, մտածում էի՝ տնտեսագետի մասնագիտությամբ թատրոնում ի՞նչ պիտի անեմ, էդպես եկա էստեղ, սկզբից թատրոնի գլխավոր ինժեներն էի, երկու տարի անց՝ բեմադրական մասի վարիչը, հետո փոխտնօրենը, իսկ հիմա կրկին թատրոնի բեմադրական մասի վարիչը։

Թատրոնի նախասրահից արդեն կարելի է հայտնվել հրաշքների աշխարհում եւ Ալիսի պես անցնել հայելիների միջով։ Ճերմակ անձրեւանոցի տակ խմբված բույսերը սկսում են շնչել եւ երգել, երբ դիպչում ես տերևներից մեկին։ «Կանաչ անկյունն» ամբողջությամբ Համլետ Հակոբյանի ձեռքի գործն է։

-Որոշեցի մի կանաչ անկյուն ստեղծել, որտեղ հետաքրքիր կլինի, որտեղ հանդիսատեսը կգա և կհանգստանա։

Հաջորդ դուռը տանում է «հրաշքների» հերթական աշխարհ։ Զարմանքին պատասխանում է հանգիստ ձայնով․ «Ձեռքիցս գալիս է, ինչո՞ւ չպատրաստեմ»։

Բացվող առաստաղից իջած բեմ-ցուցափեղկը երկու կողմից զարդարված է նկարներով։ Մի կողմում Համլետ Հակոբյանն անմահացրել է մի ընկերոջը՝ Ռուդիկ Ղարիբյանին, մյուսում՝ Ռոմեն Ավինյանին, ով դրա պատրաստման ժամանակ է մահացել։

Մի քանի քայլ հրաշքների սենյակում առաջանալուց հետո հասնում ենք ծորակին, որը նույնպես սովորական չէ։

– Մոտեցրեք բաժակը, ծորակից հեղուկ ավտոմատ կհոսի։ Լավ մարդկանց կոնյակ է տալիս, մյուսներին՝ ջուր։

Զարմանահրաշ երևույթներն այս սենյակում շատ են, ինչպես օրինակ՝ պատի մեջ վառվող սալօջախը, տասանիշ կոդավորում ունեցող չհրկիզվող պահարանը և այլն։

Հիմա թատրոնը Համլետ Հակոբյանի համար ամեն ինչ է։ Ասում է՝ թատրոնն ամենամեծ դերն ունի իր կյանքում.

-Առանց որևէ կապ ունենալու թատրոնի հետ եկել եմ այստեղ, ու արդեն կյանքս առանց թատրոնի չեմ էլ պատկերացնում։

Ծովինար Խաչատրյան
2-րդ կուրս

Կիսվել