Հայտնի են 94-րդ «Օսկար»-ի հաղթողները

Հայտնի են 94-րդ «Օսկար»-ի հաղթողները

1112

Անցյալ տարվա սահմանափակ հնարավորություններով միջոցառումից հետո՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը ողջ ուժով վերադարձավ մարտի 28-ի լուսաբացին՝ Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում։ Կարմիր գորգի շլացուցիչ նորաձևությունը, փայլուն երաժշտական կատարումները, մրցանակակիրների հուզիչ ելույթները, ժպիտներն ու արցունքները, ինչպես նաև անկանխատեսելի սկանդալն ուղեկցեցին  «Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխությունը։

Մինչ մրցանակաբաշխության մեկնարկը՝ կարմիր գորգի վրա, իր շողշողացող զգեստով բոլորին տպավորեց Ջեսիկա Չեսթեյնը։  Պակաս տպավորիչ չէր Զենդեյայի վառ զգեստը՝ կտրված սպիտակ վերնաշապիկ՝ զուգորդված արծաթագույն կիսաշրջազգեստով։ Դերասանուհի Նիկոլ Քիդմանն էլ ներկայացել էր երկնագույն նուրբ զգեստով։

Տղամարդիկ դասական ոճի մեջ էին՝ սև կոստյումով և փոխկապով, սակայն «Դյունա» ֆիլմի դերասան Տիմոտի Շալամեն գրավեց բոլորի ուշադրությունը՝ ներկայանալով առանց վերնաշապիկի՝ ասեղնագործված ժանյակավոր բաճկոնով և բարձր գոտկատեղով տաբատով։

94-րդ  «Օսկար»-ի բացումն ազդարարեց երգչուհի Բիյոնսեն՝ կատարելով Օսկարի առաջադրված «Արքա Ռիչարդ» ֆիլմում հնչող Be alive երգը։ Ֆիլմը պատմում է թենիսիստուհիներ Վենուս և Սերենա Ուիլյամսների կարիերայի և նրանց հոր՝ Ռիչարդի ջանքերի մասին։

Մրցանակաբաշխությանն առաջադրված էին տարբեր ժանրերի ֆիլմեր։ «Շան իշխանությունը» ֆիլմը՝ առաջադրված լինելով ամենաշատ՝ 12 անվանակարգում, հաղթեց միայն մեկում։ Մրցանակը հանձնվեց ֆիլմի ռեժիսոր Ջեյն Քեմպիոնին՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում։

Երեկոյի ընթացքում ամենաշատ արձանիկները ստացավ Դենիս Վիլենյուվի նկարահանած «Դյունա» ֆիլմը՝ հաղթելով 6 անվանակարգերում․ լավագույն մոնտաժ, վիզուալ էֆեկտներ, լավագույն ձայն, երաժշտական ձևավորում, լավագույն սինեմատոգրաֆիա և լավագույն դիզայն։ «Քրուելլա» ֆիլմը հաղթեց հագուստի լավագույն մոդելավորում անվանակարգում, իսկ «Էնկանտո» մուլտֆիլմը՝ լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում։

Նախքան կհայտարարեին գլխավոր անվանակարգերում հաղթողներին՝ տեղի ունեցավ անսպասելի սկանդալային իրավիճակ։ Երգիծաբան Քրիս Ռոքին բեմի վրա կատակեց դերասան Ուիլլ Սմիթի կնոջ վերաբերյալ՝ ակնարկելով այն, որ կինը հիվանդության պատճառով սափրել է գլուխը։ Ուիլլ Սմիթը չկարողանալով զսպել հույզերը՝ բարձրացավ բեմ և բռունցքով հարվածեց Քրիս Ռոքի դեմքին։

Այս միջադեպը չխանգարեց Ուիլլ Սմիթին շարունակել երեկոն և 2-րդ անգամ բեմ բարձրանալ՝ ստանալու արձանիկը լավագույն դերասան անվանակարգում՝ «Արքա Ռիչարդ» ֆիլմում իր դերի համար։ Սա դերասանի երբևէ ստացած առաջին «Օսկար»-ն է։ «Ռիչարդ Ուիլյամսը իր ընտանիքի պաշտպանն էր։ Ինձ իմ կյանքում կոչ են արել սիրել և պաշտպանել մարդկանց»,- ասաց նա։

Ելույթի վերջում դերասանը ներողություն խնդրեց բոլորից՝ իր և Քրիս Ռոքի միջև տեղի ունեցած միջադեպի համար։ Այնուհետև հրապարակվեց լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթողի անունը՝ Ջեսիկա Չեսթեյն՝ «Թամմի Ֆեյի աչքերը» ֆիլմում իր գլխավոր դերի համար։

Վերջում Լեդի Գագան՝ դերասանուհի Լիզա Մենելիի հետ հայտարարեց լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթող ֆիլմի անունը։ Անակնկալ հաղթանակ տարավ Սիան Հեդերի «Կոդա» ֆիլմը, որը հաղթեց ևս 2 անվանակարգում՝ լավագույն ադապտացված սցենար, իսկ ֆիլմի դերասան Թրոյ Կոթսուրը  ստացավ լավագույն երկրորդ պլանի դերասանի մրցանակը։

Երեկոն նշանավորվեց անկրկնելի երաժշտական կատարումներով։ Նախ Բեյոնսեի հիասքանչ կատարումը, հետո «We don’t talk about Bruno» երգը՝  «Էնկանտո» մուլտֆիլմի անձնակազմի կատարմամբ, այնուհետև ֆիլմի լավագույն երգ անվանակարգում Օսկարի արժանացած երգչուհի Բիլլի Այլիշի և նրա եղբոր Ֆինեասի ելույթը։ Նրանք կատարեցի «No time to die» երգը։

Մյուս անվանակարգերում հաղթողներն են՝ լավագույն երկրորդ պլանի դերասանուհի՝ Արիանա ԴեԲոս (Վեսթսայդյան պատմություն), լավագույն միջազգային ֆիլմ՝ «Վարիր իմ մեքենան», լավագույն սցենար՝ Բելֆաստ, լավագույն դիմահարդարում և սանրվածք՝ «Թամմի Ֆեյի աչքերը», լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ՝ «Բասկետբոլի թագուհին»։

Արուսյակ Եղիազարյան

2-րդ կուրս

Կիսվել