Հայկական սերիալը և դրա «բարոյախրատական» արժեքները

Հայկական սերիալը և դրա «բարոյախրատական» արժեքները

629

Հայկական սերիալ. սա արտահայտություն է, որն իր մեջ կրում է սարկազմի և իրոնիայի ողջ երանգները: Ինչու՞ է այդպես (հռետորական հարց): Գրեթե բոլորը, ում հարցնեք, կասեն ամենաքիչը մեկ պատճառ, թե ինչու չեն հավանում հայկական արտադրության սերիալները: Դրանք, ըստ էության, ցածրորակ օճառային օպերաներ են: Ընտանեկան սկանդալները, բռնությունները, չստացված կրիմինալը, սիրային ողբերգությունները արտասահմանյան սերիալների աղավաղված արտացոլանքն են:

Հազարից մեկ եմ միացնում հեռուստացույցը, հայկական որևէ հեռուստաալիք և միանգամից այն թերթում եմ, որովհետև այնտեղ հետաքրքիր սյուժեի փոխարեն տեսնում եմ հոր և որդու «անհամ» խոսակցությունն ինչ-որ աղջկա կամ գումարի մասին, որին հաջորդում է եղբայրների նույնքան «անհամ» կռիվ, ապա հարս ու սկեսուրի «անհամ» երկխոսություն: Մեր սերիլաների ողջ թերությունները բացահայտելու համար բավարար է ուղղակի համեմատել դրանք ամերիկյան կամ եվրոպական արտադրության սերիալների հետ:

Առաջինը, ինչ կառանձնացնեմ որպես մեծ թերություն, սյուժեի  ձգձգելն է, որի պատճառով կորչում է սերիալի ողջ «գաղափարախոսությունը» (եթե, իհարկե, այն կա):  Ինչ-որ դեպք կամ ողբերգություն դնելով սյուժեի առանցքում՝ սցենարիստներն ու ռեժիսորները, փոխարեն տալու դրան տրամաբանական ավարտ, ձգում են այնքան, որ սերիաների թիվը հարյուրից էլ անցնում է: Տեղ են գտնում անիմաստ զարգացումներ, սյուժեի կտրուկ շրջադարձեր, որոնք  այնքան միապաղաղ են, որ գլխավոր սյուժեի գծից ոչ միայն շեղվում են, այլև՝ դառնում ավելորդ թափոն:  

Մեզ դպրոցական տարիներից սովորեցնում էին սյուժեի կառուցվածքի (դիպաշարի) մասերը: Սկսվում է նախադրությունից. ներկայացվում են գործող հերոսները և այն միջավայրը, որտեղ զարգանալու է նրանց պատմությունը: Ապա` գալիս է հանգույցը, որն էլ ներկայացնում է այն իրողությունը, որի շուրջ ծավալվում են գործողությունները: Ապա` բախումը կամ կոնֆլիկտը, որոնք բացահայտում են կերպարներին և տալիս սյուժեին ամենահետաքրքիր ընթացքը: Այն ավարտվում է կուլմինացիայով, ինչը կոնֆլիկտը հասցնում է ծայրաստիճան շիկացման: Իսկ վերջում ավարտն է (լուծումը):  Եթե համարեք, որ սա բնորոշ է միայն լիամետրաժ ֆիլմերին, ապա ես կշտապեմ ձեզ հակառակը համոզել: Եթե երբևէ դիտած լինեք հարավկորեական որևէ սերիալ, ապա շատ լավ կպատկերացնեք, թե ինչպես որևէ սյուժե կարող է տեղավորվել 12 կամ 16 սերիայի մեջ: Մենք մեր կինոարտադրության մեջ այդպիսի օրինակներ, բարեբախտաբար, ունեցանք. «Վերջին ուսուցիչը», «Քաոս», «Պատվի համար» սերիալները կարելի է ասել՝ ապացուցեին, որ սակավաթիվ սերիաներով հեռուստաշոուները կարող են հիանալի սյուժեի գրավական լինել:   Իսկ այն սերիաները, որոնք երկար ու բարակ ներկայացնում են միայն հանգույցն ու կոնֆլիկտը, կուլմինացիային այդպես էլ չեն հասնում։

Սերիալի հաջողությունը պայմանավորված է նաև նկարահանող անձնակազմի պրոֆեսիոնալիզմով: Երբ տաղավարում գլխավոր ռեժիսոր չլինի, դժվար թե որակյալ գործ ստացվի: Եթե անգամ ֆինանսավորման սղության պատճառով որևէ մեկը ստանձնի 3 պաշտոն, դա դրությունը չի արդարացնի:  Սերիալը ապրանք է, որը հասարակությունը ագահորեն սպառում է: Եթե այդ ապրանքն անորակ լինի, ապա անխտիր կազդի ողջ հասարակության արժեհամակարգի վրա: Այն կազդի նաև մարդկանց բառապաշարի վրա, առավել ևս, եթե դիտողը դեռ պատանի է, և նրա խոսքում հեշտ են ներթափանցում սերիալներում, սիթքոմներում լսած անհարկի, ոչ պատշաճ բառերն ու արտահայտությունները: Եվ այսպես՝ տրամաբանորեն հասանք կարևորագույն խնդիրներից մեկին՝ լեզվին:   Հայկական սերիալի «սիրահարն» ինձ կհամոզի, թե առօրյա-խոսակցական ոճը պետք է հերոսների կերպարը ճիշտ մատուցելու և մթնոլորտը ճիշտ ներկայացնելու համար, սակայն ես կպնդեմ, որ պետք չէ չարաշահել այդ ոճի օգտագործումը և հասցնել այն գռեհկաբանության, ծայրահեղ դեպքում՝ հայհոյանքի: Իսկ բառագործածական և քերականական սխալների մասին խոսելն իսկ անիմաստ է:  

Մենք ունենք գեղարվեստական գրականության հսկայական շտեմարան, որ մեզ բազում հետաքրքրիր սյուժեներ և գաղափարներ է տալիս։ Այդ սյուժեների և գաղափարների ադապտացումը ոչ միայն կզարգացնի մեր ֆիլմարտադրությունը, այլև հասարակության, մանավանդ, երիտասարդների մեջ կարթնացնի դեռևս քնած ընթերցասիրությունը։ Եվ մի քանի շարքային սերիալներին տրամադրվող բյուջեն եթե միավորեն ու պարզապես տրամադրեն առավել մեծ և արժեքավոր գործի, մենք հիանալի հեռուստասերիալներ կունենանք։

Լուսինե Արտակի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել