Խաղաղության և պատերազմի մի շիշ ջուրը

Խաղաղության և պատերազմի մի շիշ ջուրը

779

Ուշ գիշեր է՝ ժամը երկուսից երեքն ընկած ժամանակահատվածը։ Քայլում ենք երկուսով՝ երկար ու նեղ խրամատով։ Դիրքում ջուր չկա՝ գնում ենք ջրի։ Քայլում ենք դեպի գլխավոր ճանապարհը, որին միանում են դիրքերի խրամատները․ ջուր կարող ենք լցնել այնտեղ տեղադրված ջրամանից։

Իրիկնաժամին միշտ ես էի գնում ջրի՝ անձնակազմի անդամներից մեկի հետ, քանի որ դիրքի ավագն էի։

-Մառլեն դանդաղ քայլի, ոտքս ցավում ա։

-Արի’, արի’։ Պոստերից օր իջանք, քեզ բուժկետ կտանիմ։

-Այ մա՜րդ, լավ ա, գոհ եմ ձեզնից էլ, ձեր բուժկետից էլ։ Ես ինձ մի կերպ կբուժեմ։

-Կբուժես, հը բը ոնց, տո սկի չես կռնա նորմալ քայլել։

Լսվում են կրակոցներ. մեզ համար սովորական երևույթ է, քայլում ենք։ Մոտակայքից հանկարծ ոտնաձայներ ենք լսում․․․

Մի պահ քար լռություն է, աչքներս չորս ենք անում։ Ուշադիր ենք։

-Մառլե՜ն, էդ զենքը կարա՞ս օգտագործես, թե՞ քո զենքը մենակ բամբակն ու բինտն ա։

-Կռնամ, խի՞ չեմ կռնա օր։ Դու ավելի լավ է քո մասին մտածես․ հազիվ ոտքի վրա կկանգնիս։ Բայց տեսնիս, էս ի՞նչ ձեն էր։

-Մարդ չէր հաստատ, էն կապավորը ռիսկ չի անի աչքը մի վայրկյան էկրանից էն կողմ տանի՝ մարդ լինի կիմանանք։

Մոռանում ենք և՛ կրակոցները, և՛ ոտնաձայները, շարունակում ենք քայլել։

-Մառլեն կամաց քայլի․ ոտքս ցավում ա, չեմ հասնում։ Էս անտեր խրամատն էլ ինչ երկար են սարքել՝ քայլում, քայլում ես՝ տեղ չես հասնում։

-Բա ես ի՞նչ ըսեմ․ ամբողջ օրը ոտքի վրա եմ էղել, զենքն էլ մեջքիցս չեմ հանել, քունս ահավոր տանի գը, բայց հիմա էլ ձեր հետ հավասար պոստ կպահեմ։

-Ֆերշեր հերիքա նվնվաս, քայլի, հա՞։

Վերջապես հասնում ենք խրամատի սկզբին։ Մոտենում ենք ջրամանին, և սկսում հերթով լցնել մեզ մոտ եղած պլաստիկե շշերը։

-Ֆերշեր մի քիչ արագ արա, իմ ոտքն ա ցավում, դո՞ւ ես դանդաղում։

-Դե սպասե, էլի։

-Այ մարդ տուր ես կլցնեմ էլի, դու հանգիստ կանգնի, ուշադիր էղի մենակ։

Շշերը լցնում ենք, վերադառնալու ժամանակն է։

-Ըհը ֆերշեր, վերցրու՛, գնում ենք։

-Արի մի քիչ էլ մնանք, ստեղ շատ հանգիստ է, տան մասին մտքեր միշտ կուգան։

-Արի, բայց որ անիմաստ չմնանք, արի էս շշերից մեկը պահենք էս կողքի չօգտագործվող խրամատում։ Իմ զորացրվելուց հետո, եթե հանկարծ պատերազմ սկսվի, ու դուք ջուր չունենաք, կգաք էս ջուրը կտանեք: Ես գիտեմ ձեզ, հաստատ ալարելու եք ջրի համար հեռու տեղ հասնել։

-Էղածը մի շիշ ջուր ա, էլի, ես ծարավ ժամանակ մենակով կխմեմ մի շիշը։

-Արի պահենք, հետո խմելուց դու կորոշես՝ արժե՞ խմել, թե՞ չէ։

Ջուրը պահում ենք ու նույն դանդաղ քայլերով՝ մերթ վիճելով, մերթ հաշտվելով, վերադառնում դիրք։

-Լսի հանկարծ ոչ մեկի չասես, որ ջուր ենք պահել, թե չէ հենց ջուր չլինի, կգան էս մի շշի հետևից։

Պատերազմի ժամանակ զանգեցի Մառլենին։ Երկար չխոսեցինք․ ժամանակ չկար, բայց պարզվեց, որ մի քանի ամիս առաջ պահած ջուրը օգտագործվել էր հենց այն նպատակով, ինչի համար, որ պահել էինք։ Տղաները մի քանի օր ջուր չէին ունեցել, և Մառլենը հիշել էր մեր պահած ջրի մասին։

-Է՜ Արշակ, լավ էր օր էդ ջուրն էլ պահեցինք, թե չէ ծարավ կմեռնեինք։

-Հա, ախր ես գիտեի, որ դուք ալարելու եք ջրի համար հեռու տեղ հասնել․․․

Արշակ Հայրապետյան

2-րդ կուրս

Կիսվել