Թելի ընտրությունից, դետալների անվտանգ լինելուց մինչև տիկնիկի դեմքի բարի արտահայտություն

Թելի ընտրությունից, դետալների անվտանգ լինելուց մինչև տիկնիկի դեմքի բարի արտահայտություն

777

Թելերի գունագեղ ընտրություն, ստեղծագործ միտք և սիրով կատարված աշխատանք։ Արմինե Հակոբյանն արդեն երեք տարի է, ինչ զբաղվում է յուրահատուկ տիկնիկների և խաղալիքների պատրաստմամբ: Արմինեն բազմազավակ մայր է,  նրա որդիներից ավագը ծառայում է հայոց բանակում: Բայց չնայած տան հոգսերին ու օրվա ընթացքում առաջացող տարբեր գործերիին՝ հասցնում է զբաղվել իր սիրելի գործով: Մեզ հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես է սկսել հետաքրքրվել ձեռագործությամբ. «Ձեռագործությունն ինձ հետաքրքրել է դեռ վեցերորդ դասարանից:  Այդ ժամանակ սկսել էի հաճախել Պիոներ պալատի ձեռագործության խմբակը: Երկու տարի շարունակ մեր շատ տաղանդավոր ընկեր Լյուդան մեծ համբերությամբ մեզ սովորեցնում էր շյուղագործության, ձեռագործության, ասեղնագործության, հելունագործության, մակրամեի և կարպետագործության գաղտնքիները»:

2019 թվականին իր ընտանիքին հարազատ դարձած, հետագայում նաև գործընկեր Գայանեի մոտ տեսնելով հելունագործ տիկնիկներ՝ տիկին Արմինեն չկարողացավ անտարբեր մնալ։ Ինչպես ինքն է նշում, սիրահարվեց տիկնիկներին․ «Առաջին տիկնիկը փորձեցի գործել աղջկաս՝ Լիլիի համար, ու այն շատ դուր եկավ և՛ աղջկաս, և՛ ինձ: Դրանով սկիզբ դրվեց ձեռագործությանը նոր շունչ տալու գաղափարին»:

Հետո Արմինեն իր գործընկերուհի Գայանեի հետ ստեղծեց Lili’s toys ձեռագործ տիկնիկների բրենդը, որը հետագայում մեծ պահանջարկ ունեցավ: Մարդկանց այնքան էր սկսել հետաքրքրել  ձեռագործ տիկնիկների բրենդը, որ հիմադիրները որոշեցին իրենց արտադրանքի մեջ բացի տիկնիկներից ներառել նաև մանկական և մեծերի համար նախատեսված հագուստ, աքսեսուարներ, պայուսակներ և այն ամենը, ինչը կարելի է ստանալ ձեռագործ տարբերակով:

Արմինե Հակոբյանը զրույցի ընթացքում նաև պատմեց, թե ձեռագործ աշխատանքները պատրաստելիս ինչն է կարևորում. «Տիկնիկների ստեղծման աշխատանքում ինձ համար շատ կարևոր է որակը՝ սկսած թելի ընտրությունից, դետալների անվտանգ լինելուց մինչև տիկնիկի դեմքի  բարի արտահայտություն ստանալը: Շատ կարևոր է, որ խաղալիքը  ստացողներին փոխանցեմ դրական էներգիա, ու այն դառնա նրանց սիրելի ընկերը»: Տիկին Արմինեն հավելեց, որ դա իր համար մեծ ստեղծագործական աշխատանք է, որը պետք է շատ  սիրել, հոգի դնել յուրաքանչյուր խաղալիքի մեջ, որպեսզի արդյունքում ստացվի ցանկալի կերպարը:

Հաճախ ձեռագործությամբ զբաղվող մարդիկ ստեղծում են հետաքրքիր ու յուրօրինակ աշխատանքներ, որոնցից բաժանվելը դժվար է լինում: Այսպես պատահել է նաև տիկին Արմինեի հետ. «Լինում են խաղալիքներ, որոնց աշխատանքային պրոցեսի ընթացքում այնքան ես կապվում, որ չես էլ ցանկանում հրաժարվել դրանցից: Նրանք դառնում են քո մի մասնիկը» : Նրա ամենասիրելի խաղալիքը եղել է մի արջուկ, որից շատ դժվար է բաժանվել:

Անահիտ Նահապետյան

2-րդ կուրս

Կիսվել