«Մեղուն քեզ ստիպում է աշխատել այնպես, ինչպես նոր ծնված երեխան է ստիպում...

«Մեղուն քեզ ստիպում է աշխատել այնպես, ինչպես նոր ծնված երեխան է ստիպում մորը գիշերներն արթուն մնալ․․․»

646

Իջնում ենք Դարբասի ձոր, որը պատմական Ծղուկ գավառի ամենաշքեղ հովիտն է՝ իր փարթամ բուսականությամբ, մեղմ կլիմայով ու աննկարագրելի գեղեցկությամբ։ Այդ գողտրիկ բնության գրկում է Կարո պապը զբաղվում մեղվաբուծությամբ։
-Կարո՛ պապ, բարի՛ լույս։
-Բարև, Աստծու բարին։
-Էս լույսը չբացված էլի ձորն ես իջե՞լ։
-Իմ գործը առավոտ ծեգին է սկսվում։
-Դեմ չես չէ՞, որ քեզ օգնեմ այսօր։
-Դեմ չեմ, մնաց կարողանաս։
-Դե կփորձեմ։
Դարբասի ձորից վեր ոչ պակաս շքեղ գյուղն է կանգնած, շեն ու կանգուն Շենաթաղը։ Կարո պապը արմատներով հենց այս գյուղից է: 1988թ-ից զբաղվում է մեղվաբուծությամբ՝ շարունակելով հոր գործը։ Գյուղում բոլորը նրան ուստա Կարո կամ Կարո պապ են անվանում։ Այժմ 75 տարեկան է, բայց երիտասարդին հավասար ուժ ու եռանդ ունի, որը տարիքի հետ չի նվազում։ Արթնանում է՝ դեռ արևը դուրս չեկած, պարտադիր հագնում մեղվապահի համազգեստն ու անցնում գործի։
Իր աշխատելաոճով Կարո պապը փոքր-ինչ տարբերվում է մյուս մեղվապահներից։ Մի օր վարպետը որոշում է ստեղծել շարժական մեղվատնակ՝ ավտոբուսի մեջ։ Որդու և գյուղի երիտասարդների օգնությամբ նպատակը դառնում է գործ, իսկ վերջնարդյունքը գոհացնող է։
-Կարո՛ պապ, գործդ այս կերպ հեշտացել է, չէ՞։
-Այն էլ ինչպես։ Հիմա մեղվափեթակից ոչ մի մեղու չի տուժում։ Ջերմաստիճանն ու մնացած բոլոր պայմանները հարմարեցված են մեղուների գոյության համար։ Անկախ եղանակային պայմաններից՝ կարող ես աշխատել մեղուների հետ։ Տեղափոխումն էլ է հեշտացել։ Եթե զգում եմ՝ մի վայրում արդեն պաշարն ավարտվում է, իսկ մեղուների շարժը կանգնում, մոտ 15-20 կմ հեռավորության վրա եմ տեղափոխում։ Հիմա արդեն աշունը խորանում է, և ձմռանն ենք պատրաստվում։
Եթե Կարո պապին շարունակես հարցեր տալ մեղվաբուծության մասին, նա անվերջ կարող է խոսել։ Օրվա մեծ մասն անցկացնում է գունավոր ավտոբուսի մեջ, որը գյուղում բոլորն են ճանաչում։ Նրա կինը՝ տիկին Ալիսան, ասում է, որ իրենց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում պապը մեղուների հետ ավելի շատ է ճանապարհ գնացել, քան իր հետ։ Բայց թոռները գոհ են, քանի որ սիրում են, երբ պապի հետ մեղուներին «զբոսանքի» են տանում։
-Մեղուները սիրում են մաքրություն,- փեթակներից ավելորդ մեղրամոմը հեռացնելով՝ ասում է Կարլեն պապը։ -Նրանց հետ պետք է աշխատել շատ հանգիստ, առանց թշնամանքի։ Մեղուն լավ ընկեր է․ ինչ որ տաս, այն էլ քեզ կվերադարձնի։
Ա՛յ, վերցրու, էս մի գդալ մեղրը կեր, էլ չես հիվանդանա։
Վա՛յ, պապի՛, պապի՛։ Ձայնիցս ոնց էլ հասկացել էր, որ վատառողջ եմ։
-Պա՛պ, ախր մեղր չեմ սիրում։
-Կե՛ր,կե՛ր, շատ չես հասկանում։
Դե եթե հայտնվել ես Կարո պապի մոտ, աշխատում ես նրա հետ, միևնույն է, առանց իր պատրաստած մեղրը համտեսելու քեզ բաց չի թողնի։
-Պապի՛, շատ համեղ էր։
-Եթե մի բանի մեջ սեր ես դնում, վատը ստացվել չի կարող։ Ինչպես կյանքում, այնպես էլ այստեղ ամենակարևորը սերն է։ Եթե կարողանաս դիմացինիդ սեր տալ, ինքն էլ քեզ սիրով կպատասխանի։ Հիմա սեր է պետք հա՛մ մեղվին, հա՛մ աշխարհին, բալա՛ ջան։
Պապի խոսքի հնչերանգում չէի ասի հիասթափության, բայց կյանքի մեծ փորձ ունեցող մարդու նեղսրտություն զգացի։ Սակայն չցանկանալով բացասաբար ազդել պապի տրամադրության վրա՝ նրանից ներկերը խնդրեցի ավտոբուսի գույները թարմացնելու համար։
Կարո պապն իր փորձով կիսվում է բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են տիրապետել մեղվապահության գաղտնիքներին։ Գաղտնիքներից մեն այն է, որ պապը մեղվաընտանիքին իր ընտանքի նման է վերաբերվում։ Մեղվաընտանիքում աշխատանքները բաժանված են՝ ծերերը ջուր են կրում, միջահասակները մեղր են բերում, իսկ մինչև 5 օրեկանները փեթակում մեղր են մշակում․ աշխատում են բոլորը։
Գյուղի մեծերը նշում են, որ ուստա Կարոն աշխատում է մեղվի պես ու օրինակելի է բոլորի համար։ Մեջբերում են պապի խոսքերը․ «Աշխատանքը մարդուն ոչ թե գեղեցկացնում է, այլ առողջ է պահում։ Ով աշխատի, նա կապրի։ Իսկ մարդ ինչքան ապրում է, այնքան պետք է օգտավետ ծառայություն մատուցի մարդկանց, որ իր գնալուց հետո էլ ասեն՝ ա՛յ, Կարլեն պապի նման արդար վաստակով պետք է ապրել»։
Ողջ օրը պապի, իսկ հետո գյուղից մեզ միացած երիտասարդների հետ գունավորեցինք մեղվատունը՝ ավտոբուսը՝ վայելելով բնության գեղեցկությունն ու օդի թարմությունը։ Պապն ասում է․ «Վառ գույները ստիպում են ավելի տրամադրված աշխատել»։
Արևն արդեն թաքնվում էր սարերի հետևում, իսկ դա մեզ միայն մեկ բան էր հուշում՝ ժամանակն է գյուղ բարձրանալու։ Ետդարձի ճանապարհին էլ Կարո պապը միայն մի բան էր փաստում․ «Կա՛մ պետք է ստեղծել, կա՛մ չունենալ»։

Արփինե Ավետիսյան
2-րդ կուրս

Կիսվել