«Աուտիզմը դատավճիռ չէ»

«Աուտիզմը դատավճիռ չէ»

583

«Աուտիզմը դատավճիռ չէ». այսպես է խոսում աուտիզմ ունեցող երեխայի մայրը՝ Արմինե Հակոբյանն, ով հանուն իր երեխայի փոխեց իր մասնագիտությունն ու ապրելակերպը։

-Դուք փոխել եք ձեր մասնագիտությունը, թարգմանչից դարձել եք էգոթերապիստ, ինչպե՞ս ստացվեց։

-Ընտրել էի թարգմանչություն, քանի որ սիրում էի այդ մասնագիտությունը, սակայն մտքովս էլ չէր անցնի, թե ճակատագիրն ինչ անակնկալ է պատրաստել ինձ համար։ Ունեցա երկրորդ երեխան, որի մոտ ախտորոշվեց աուտիզմ, և իմ կյանքում տեղի ունեցավ մեծ շրջադարձ։ Բժշկական և տարբեր մասնագիտական միջամտություններից հետո նկատեցի որոշակի առաջընթաց և որոշեցի փոխել մասնագիտությունս՝ երեխայիս ավելի օգտակար լինելու ու նրա խնդիրները ճիշտ ընկալելու համար։ Ընտրեցի էգոթերապիան, որը զարգացնող ու վերականգնող մանկավարժությունն է։

 –Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել և ինչպե՞ս եք հաղթահարել դրանք։

 -Ամենամեծ դժվարությունը հանդիսացել է հասարակության վերաբերմունքը երեխայի նկատմամբ, քանի որ հասարակությունը դժվարանում է ընդունել իր հասակակիցներից տարբերվող երեխային։ Ինձնից մեծ ջանքեր է պահանջվել երեխային դպրոցական միջավայրին, բակային խաղերին ու ընդհանրապես տարբեր միջավայրներին ինտեգրելու համար։ Այս ամենը փորձել եմ հաղթահարել մասնագիտական հմտությունների միջոցով։

 –Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում երեխայի խնամքն ու դաստիարակությունը կազմակերպելու հարցում։

 -Առաջնային սկզբունքը երեխայի հանդեպ սերն ու հոգատարությունն է, նրան ընդունել իր առանձնահատկություններով հանդերձ, համբերատար լինելը և որ ամենակարևորն է՝ ամեն ինչ անել նրա միջոցով, ոչ թե նրա փոխարեն։

Հոգեբանական ինչպիսի՞ աջակցություն եք ցուցաբերում ձեր երեխային։

 -Հաճախ եմ նրան գովեստի խոսքեր ասում, գրկում, ժպտում և հիմնվելով նրա ուժեղ կողմերի վրա՝ փորձում զարգացնել թույլ կողմերը։ Ի վերջո, աուտիզմը դատավճիռ չէ, այլ պարզապես ապրելակերպ։

 –Ո՞րն է ձեր կյանքի կարևորագույն նպատակը։

-Իմ կարևորագույն նպատակն է տեսնել նրան երջանիկ՝ ժպիտը դեմքին, և եթե այն երբեմն չի համապատասխանում հասարակության նորմերին, դա իմ խնդիրը չէ, որովհետև մինչ ես կփորձեմ հասարակությանը կրթել՝ հասկանալու աուտիզմը, իմ երեխան կկորցնի երջանիկ լինելու բոլոր հնարավորությունները։ Այսօր ես խոսում եմ որպես ծնող, ոչ թե որպես մասնագետ։

Մարիամ Վարդանյան

2-րդ կուրս

Կիսվել