100 դրամանոցներով վճարումը կփոխարինվի էլեկտրոնային վճարմամբ

100 դրամանոցներով վճարումը կփոխարինվի էլեկտրոնային վճարմամբ

892

Տարիներ շարունակ հանրային տրանսպորտի վիճակը գնալով բարելավվում է. հին մեքենաները փոխարինվում են նորերով, նորկառույց թաղամասերի բնակիչների համար էլ ստեղծվում են նոր երթուղիներ։ Ակնհայտ է, որ սա թեթևացրել է շատ երևանցիների հոգսը, բայց նոր տրանսպորտային միջոցները նաև որոշակի պայմաններ ունեն. մեքենաներում տեղադրված են արկղեր` գումարը գանձելու համար, որոնց մեջ միայն 100 դրամանոցներ կարող ենք գցել։ Այն երթուղիները, որոնք սպասարկում են Երևանի շատ բնակչություն ունեցող թաղամասերը, նոր վճարային համակարգով են աշխատում, և դրանց թիվը գնալով շատանում է։ Շատ քաղաքացիներ ստիպված են լինում իրենց մոտ ունենալ գոնե 2-3 100 դրամանոց քաղաքում երթևեկելու համար, ոմանք իջնում են չունենալու պատճառով, ոմանք էլ գումարը վարորդին են տալիս։ Մեզ հետ զրույցում ավտոբուսի վարորդներից մեկն ասաց. «Շատերն արդեն սովորել են և իրենց մոտ պահում են 100 դրամանոցներ, բայց կան ուղևորներ, որ 200 դրամանոց կամ թղթադրամ են տալիս, հո չե՞նք թողնի, որ չնստեն։ Մանրում ենք, մարդ են, աշխատանքի են գնում, մանր գտնելու համար կուշանան»։

2021թ. փետրվարի 4-ից գործարկվեց առաջին նոր երթուղին։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դեռևս այդ ժամանակ խոստացել էր մեքենաներում տեղադրել էլեկտրոնային վճարման համակարգ՝ փոքրիկ տերմինալ, որը քարտի մեկ հպումով գանձում է ուղեվարձը։ Քաղաքապետը բազմիցս նշել է, որ ցանկանում է նոր մեքենաների ներմուծմամբ փոխել Երևանի տրանսպորտի որակը և առավել հարմարավետ դրաձնել երթուղայինով երթևեկող քաղաքացիների համար։  Սա, իհարկե, ուրախացնում է քաղաքացիներին, բայց մյուս կողմից անհարմարություն է առաջացնում․ պետք է միշտ իրենց մոտ 100 դրամանոցներ ունենան։ Ըստ բնակիչների՝ էլեկտրոնային վճարման տարբերակը կարող է լուծել այդ խնդիրը։

Զանգահարեցինք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվական բաժին։ Այն հարցին, թե ինչպե՞ս որոշվեց, որ պետք է տեղադրվեն արկղեր, և կա՞ր հնարավորություն՝ բացի 100 դրամանոց մետաղադրամներից ընդունելու այլ մետաղադրամներ ևս, պատասխանեցին. «Ի սկզբանե արկղերը տեղադրվել են ժամանակավոր, քանի որ էլեկտրոնային վճարման տարբերակի տեղադրումը ձգձգվում է։ Իսկ սարքը 100 դրամանոցից բացի այլ մետաղադրամ չի ընդունում և մանր չի վերադարձնում, քանի որ բազմաֆունկցիոնալ արկղերն ավելի թանկ արժեն, իսկ մենք չենք ցանկացել բյուջեից ավելի շատ գումար վերցնել ժամանակավոր արկղերի համար։ Մի քանի ամսից քարտային տարբերակը կգործի»։ Էլեկտրոնային եղանակով վճարման համար ընդունելի կլինեն և՛ բանկային քարտերը, և՛ քաղաքապետարանի կողմից թողարկված քարտերը, որոնք լիցքավորվում են ցանկացած տերմինալով։ 

Ռուբինա Բրուտյան

2-րդ կուրս

Կիսվել