Զիլինայից ու պահմտոցիից դեպի Instagram ու TikTok

Զիլինայից ու պահմտոցիից դեպի Instagram ու TikTok

740

Ժամը մեկին Ալբերտ պապիկենց հայաթում. այսպես էինք պայմանավորվում թաղի երեխաներով ու ժամը լրանալուն պես վազում հավաքատեղի: Գնդակն ու օղակները տանելն իմ պարտականությունն էր, վրանն ու խաղաքարտերը բերելը՝ Էդգարի, իսկ համեղ կարկանդակներն ու խնձորները՝ Լիլիթի: Գարեգինն էլ միշտ մոռանում էր թաշկինակն ու նույն նախադասությունը կրկնում ամեն անգամ. «Մաման լվացել ա թաշկինակը, պարանին ա մնացել, երեխեք»:

Սկզբում բոլորով գնում էինք Սինամենց տուն՝ նրա մայրիկին համոզելու, որ թողներ Սինամին մեզ հետ խաղալ, իսկ հետո Խաչատուրին էինք օգնում, որ վերջացներ գործերն ու միանար մեզ: Ժամը երեքին, վերջապես, Ալբերտ պապիկենց հայաթում էինք լինում բոլորս միասին: Ինչու՞ հենց այդտեղ, որովհետև Ալբերտ պապիկն ու իր ընտանիքն այլևս գյուղում չէին ապրում, ազատ էր իրենց տան շրջակայքը: Այնտեղ մեզ ոչ ոք չէր խանգարում, իսկ մեզ՝ տասը չարաճճիներիս, բոլորի աչքից հեռու մի տեղ էր հարկավոր:

Հիշում եմ, երբ գարնանային պայծառ ու տաք օրերին գնում էինք դաշտերն ու բանջար քաղում: Ալ կարմիր կակաչներն ու թարմ բանջարները գրկած՝ տուն էինք դառնում ու զարմացնում տնեցիներին: Աշնանն էլ սունկ ու հատապտուղ էինք հավաքում: Տղաները խորովում էին հավաքած սնկերն ու վա՜յ չուտողին: Շա՜տ համեղ էին պատրաստում, մինչև հիմա համը բերանումս է:

Մայրս մի անգամ խիստ բարկացավ մեզ վրա: Այդ օրը մինչև ուշ երեկո զիլինա ու պահմտոցի էինք խաղում, իսկ մայրս ինձ էր փնտրում ու չէր գտնում: Գտնելուն պես նախատեց մեզ, ապա ձեռքիցս քարշ տալով տուն տարավ: Երեք օր չգնացինք մեր հավաքատեղի. նեղացել էինք Անուշ քուրիկից, ինչպես Սենիկն էր ասում: Սակայն, երեք օր անց նորից շարունակվեց նույն պատմությունը:

Առավոտից երեկո մի համերաշխ ընտանիքի պես միասին էինք անցկացնում: Միասին ուտում էինք, միասին խաղում, միասին գողանում այգիների անուշաբույր մրգերն ու միասին ամոթխած հայացքով գլխիկոր կանգնում անկյունում՝ իբրև ներողություն:

Այսպես մեծացանք մենք: Տասը տարի է անցել ու այնքա՜ն բան է փոխվել այս տասը տարում: Գնդակ և օղակ այժմ համակարգչի մի քանի ստեղներով են խաղում, կարկանդակներ ուտելիս էլ Instagram-ում պարտադիր story են «գցում», իսկ գարեգինների՝ պարանին փռված թաշկինակները դժվար թե գտնենք հիմա: Եթե առաջ մեզ համար միակ վտանգավոր բանն այն էր, որ հարևան Վրեժը կբռնացներ մեզ իր խնձորները գողանալիս, ապա հիմա ամեն ինչ այլ է… հաքերներ, կիբերհանցագործներ, ֆեյքեր: Եթե առաջ ծնողները բարկանում ու նախատում էին երեխաներին, որ փողոցային խաղերից չեն կտրվում ու տուն չեն գնում երեկոյան, ապա հիմա ծնողները բարկանում ու նախատում են, որ տնից դուրս չեն գալիս, գոնե ընկերների հետ քայլելու համար: Եթե առաջ կարևորվում էին  միմյանց հետ դեմառդեմ կանգնած շփվելը, խոսելը, ապա այսօր դա նորաձև չէ:

Բոլորը հիմա անտարբեր են դարձել: Քարացած արձանի պես իրենց ձեռքն են առնում հեռախոսն ու ապրում վիրտուալ մի իրականությունում, որը չարիք է ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար: Մանկության հեքիաթը մոռացած ու ինչ-որ տեղ անհետ թաղած այս սերունդը այլևս չի վազում ոլոր-մոլոր հետագիծ թողնող գնդակի հետևից, այդպիսիք վաղուց չեն հետաքրքրում իրենց:

Զիլինայից ու պահմտոցիից եկանք մի այնպիսի ժամանակաշրջան, որտեղ գերիշխում են սոցիալական էջերն ու համակարգչային ծրագրերը: Հիմա երեխաների հետաքրքրություններն այլ են: Չկան օղակներ, պարաններ, գնդակներ, ցեխից պատրաստված թխվածքաբլիթներ, կա սմարթֆոն, որն օդ ու ջուր է դարձել: Իսկ ի՞նչ էինք անում մենք առաջ, ու ի՞նչ է անում նոր սերունդը հիմա: Նորը սմարթֆոնների դիմաց կանգնում ու պարում է, ինչ-որ անհասկանալի շարժումներ անում, հետո տեղադրում Instagram-յան ու TikTok-յան էջեր և ասում, թե սա է մեր մանկությունը…

Համաշխարհային մի սարդոստայնի մեջ ենք ընկած բոլորս, որը մեզ ձգում ու տանում է անհայտ ու անգույն աշխարհներ՝մոռացնել տալով անցյալն ու իրականը:

Սաթենիկ Խալաթյան

2-րդ կուրս

Կիսվել