Անբարոյակա՞ն պարտություն

Անբարոյակա՞ն պարտություն

508

Մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվեց Նորվեգիայի ընտրանուն։ Մինչ հանդիպումը հայ երկրպագուները մարտական էին տրամադրված։ Մոտ մեկ շաբաթ առաջ մերոնք սեփական հարկի տակ առավելության հասան Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղում։

Երևանում, հիմնականում, աչքի ընկավ պաշտպանությունը` Վարազդատ Հարոյան, Արման Հովհաննիսյան, Ստյոպա Մկրտչյան և մյուսներ։ Վերջինը նորամուտն էր նշում ազգային հավաքականում և բավական զգացմունքային խաղ անցկացրեց, իսկ խաղավերջում հեռացավ դաշտից՝ կարմիր քարտ ստանալով։ Դե, իսկ մեր պաշտպանության առաջատար Վարազդատ Հարոյանը կռիվ էր տալիս դարպասի անառիկության համար։

Այս ամենից ոգևորված՝ մերոնք մեկնեցին Նորվեգիա, որ դիմակայեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին՝ Էրլինգ Հալանդին։ Իսկ դիմակայել նրան մերոնք որոշել էին ոչ սպորտային տարբերակով։ Խաղի մեկնարկից սկսած՝ Հալանդը, մեկ խաղակեսի ընթացքում, բազմաթիվ նպատակային հարվածներ ստացավ ոտքերին, բայց մնաց կանգուն և ավարտին հասցրեց առաջին խաղակեսը։ Չնայած մեծ ճնշմանը՝ Հալանդը նպաստեց, որ մեր պաշտպանը կարմիր քարտ ստանա և հասցրեց հեղինակել երկու գոլ։

10 հոգով մնացած Հայաստանի ընտրանին այլևս ի զորու չէր պայքարել մրցակցի դեմ և հանդիպումը ավարտվեց ամոթալի՝ 9:0 հաշվով։

Արդարացվա՞ծ էր, արդյոք, Կապառոսի ընտրած մարտավարությունը։ Շարքից հանել Հալանդին և ամեն գնով անառիկ պահել դարպասը՝ հնարավորության դեպքում նետվելով կայծակնային հակագրոհի։ Եթե մոռանանք մարզական արդար խաղի բոլոր կանոնները, ապա դա իրագործելի տարբերակ էր։ Սակայն իսպանացի մասնագետը հաշվի չէր առել, որ նորվեգացիները մերոնցից ֆիզիկապես անհամեմատ ուժեղ են և միայն ծանր վնասվածք հասցնելու դեպքում էր հնարավոր խաղից հանել Դորտմունդի առաջատարին։

Հայ պաշտպաններն իրենց ուժերի ներածի չափով փորձեցին հնարավորինս ծանր վնասվածք հասցնել Հալանդին։ Չնայած հարվածների բազմազանությանը և նորվեգացու ոտքի արնահոսությանը՝ Հալանդը պատվով դուրս եկավ դաշտից։

Դե, իսկ հիմա խոսենք արդար խաղի կանոններով։ Սա ընդամենն ընկերական հանդիպում էր և ոչ մարտի դաշտ։ Եկեք հիշենք մի քանի տարի առաջ տեղի ունեցած Գերմանիա-Հայաստան հանդիպումը։ Գերմանացիների առանցքային կիսապաշտպան Մարկո Ռոյսը ծանր վնասվածք ստացավ հայ ֆուտբոլիստի հարվածի հետևանքով և բաց թողեց ֆուտբոլային կարևորագույն իրադարձությունը՝ աշխարհի առաջնությունը։ Դեռ պարզ չէ՝ արդյոք, Հալանդին հաջողվե՞լ է առանց լուրջ վնասվածքի ավարտել հանդիպումը։ Եթե Հալանդը արժանանա Ռոյսի ճակատագրին, ապա չի մասնակցի մրցաշրջանի մնացած հատվածին, իսկ ամռանը ողջ ֆուտբոլային աշխարհը սպասում է Հալանդի տրանսֆերին։ Այս պարագայում Հալանդի կարիերան կարող է անբեկանելի փոխվել և ամենն ընդամենն ընկերական խաղում ստացած վնասվածքի պատճառով։ Այս տհաճ տեսարանները պետք է բացառվեն, քանի որ ֆուտբոլային հանդիպումը տևում է 90 րոպե, իսկ ֆուտբոլիստի կարիերան տասնյակ տարիներ…

Ինչ վերաբերում է մերոնց, պետք է մոռանալ այս հանդիպումը և լրջորեն պատրաստվել ամռանը կայանալիք Ազգերի լիգայի մրցաշարին:

Լևոն Կիրակոսյան

2-րդ կուրս

Կիսվել