Թիֆլիսի ու Երևանի մեջտեղում

Թիֆլիսի ու Երևանի մեջտեղում

814

Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասի պատշգամբները երեկոյան ժամը վեցից հետո լցվում են մարդկանցով։ Այստեղ ապրողները դուրս են գալիս պատշգամբ ու վայելում թիֆլիսյան մաքուր օդը։ Մեր տան պատշգամբից երևում է ամբողջ բակն, ու յուրաքանչյուր հատված ունի իր պատմությունը։ 

Այնտեղ տիրում է խաղաղություն, պարզություն ու մաքրություն, համենայն դեպս, ինձ համար․ չէ՞ որ այստեղ է անցել իմ կյանքի լավագույն ժամանակահատվածը՝ մանկությունը։

Երբ դեռ Թիֆլիսում էինք ապրում, չբավարարվելով բակում խաղալով, ամբողջ գիշեր պատշգամբում ես ու հարազատ եղբայրս տարբեր խաղեր էինք խաղում, զրուցում ու երազում։ 

Մի օր էլ ծնողներս կայացրին որոշում, որն ամբողջովին պետք է փոխեր մեր կյանքի ընթացքը։

-Գնում ենք Էրևան։

-Էրևա՞ն, ինչի՞, ստեղ լավ ա։

Ծնողներիս նպատակն էր, որ երեխաներն ապրեն և մեծանան իրենց հայրենիքում՝ շրջապատված հայերով։

***

-Գամարջոբա, չիփսի մինդա։

-Չի՞փս ես ուզում։

-Ըըը, հա․․․

Թիֆլիսից Երևան նոր տեղափոխված վեց տարեկան երեխայի համար զարմանալի էր ու, միևնույն ժամանակ, երջանկություն էր այն, որ խանութի աշխատակիցը հասկանում է հայերեն։

-Մամ, գիդա՞ս՝ նոր ի՞նչ էղավ, խանութում հայերեն խոսացին հետս։

-Հայաստանում ենք, ստեղ բոլորը հայերեն են խոսում։

-Վա՜յ, ինչ հավես ա։

Սակայն, հայերեն խոսելն այնքան էլ չէր թեթևացնում թիֆլիսահայ երեխայի հաղորդակցումը երևանաբնակների հետ։

-Ի՞նչ ասացիր, չեմ հասկանում, հայերե՛ն խոսիր։

-Այսի՞նքն, հայերեն չե՞մ խոսում։

Թիֆլիսահայերի բարբառը բնականաբար տարբերվում էր. բառեր, որոնք անհասկանալի էին իրենց համար, և բառեր, որոնք անհասկանալի էին ինձ համար։

***

Եվս մեկ անգամ պատկերացրեք վեց տարեկան երեխայի երջանկությունը, որ եկել է իր հայրենիք, բայց․․․

-Դու վրացի ես, չէ՞։

-Չէ՛։

-Ո՞նց, բա Վրաստանի՞ց չես եկել։

-Հա, բայց վրացի չեմ, հայ եմ։

-Չէ՛, որ Վրաստանից ես եկել, ուրեմն վրացի ես, հա՛մ մեր նման չես խոսում, հա՛մ մեր նման չես մտածում, հա՛մ էլ մեր նման չես հագնվում։

-Մտածու՞մ, հագնվու՞մ, էս նոր բան էր։

***

Վրաստանում՝ հայ, Հայաստանում՝ վրացի։ Ժամանակի ընթացքում իմ սիրելի եղանակները դարձան ամառն ու ձմեռը, որովհետև հենց այդ ժամանակ էր, որ մենք նորից վերադառնում էինք Թբիլիսի, իսկ Վարկեթիլի թաղամասի տանը մեզ սպասում էին տատիկս, պապիկս, բոլոր հարազատները, բարեկամներն ու ընկերները։ Ամեն օր հավաքույթներ, բարձր երաժշտություն, ուրախություն, անհոգ օրեր․․․

Շուտով կլրանա մեկ տարին, ինչ այս տանը մարդ չի բնակվում։ Տատիկս ու պապիկս մահացել են, հարազատներս ու բարեկամներս մեկնել են տարբեր երկրներ, ընկերներս մեծացել են, չգիտեմ էլ ՝ հիշու՞մ են ինձ, թե՞ ոչ, եղբայրս, ում հետ կիսում էի Թիֆլիսում անցկացրած օրերս, հերոսացել է։

Սակայն այս պատշգամբն արթնացնում է աննկարագրելի հիշողություններ նախորդ տարիներից։ Ու մինչ պատշգամբում կանգնած հիշում եմ այս ամենը, դուռը բացվում է, և առանց տեսնելու, թե ով է, ասում եմ․

-Էս տունը չվաճառեք, խնդրում եմ…

Լիանա Խաչատուրյան
2-րդ կուրս

Կիսվել