Ճյուղերը դեռ ձգվում են երկինք

Ճյուղերը դեռ ձգվում են երկինք

729

Աշնան խաղաղ ու արևոտ օրվան հաջորդեց անսպասելի հողմն ու մրրիկը։ Այն պոկեց ճյուղն` իր փարթամ տերևներով։ Փոթորիկն ավելի ուժգնացավ ու արմատախիլ էր անում հաստաբուն ծառը, բայց այն չընկավ, մնաց կանգուն` առանց տերևներով փարթամ ճյուղերի։ Առանց այն ճյուղերի, որոնք գարնանը բերք էին տալու…

Ծառը մտածում է, որ առանց ճյուղերի իմաստ չկա շարունակել կյանքը, բայց փոթորկից հետո միշտ է արև ծագում։ Նոր ճյուղեր են աճելու ու գեղեցկացնելու ծառը, գարնանն էլ բերք կտան։ Այդ ճյուղերը չեն մոռանա նախորդ ճյուղերին` որոնց արժանի հետնորդն են դառնալու։

2020 թվականի սեպտեմբերի 27-ը Արցախի և Հայաստանի համար մի նոր ցեղասպանություն էր։ Բնավեր արեցին մի շարք բնակավայրեր, տեղահանվեցին հազարավոր բնակիչներ, որոնք կորցրին իրենց տունն, իսկ մայրերը` իրենց որդիներին, որոնք ունեին իղձեր ու նպատակներ և շարունակելու էին վեր բարձրացնել տոհմածառի ճյուղերը։

Առավոտյան ժամը 07:10-ին ադրբեջանական զորքերը շփման գծի ամբողջ երկայնքով սկսեցին օդային, հրթիռահրետանային և ցամաքային հարձակում: Թիրախի տակ առան խաղաղ բնակավայրեր, որի արդյունքում ունեցանք քաղաքացիական զոհեր: Հրետակոծվեցին նաև դպրոցներ ու մանկապարտեզներ։

Հայոց բանակը այն հաստաբուն ծառն էր, որը արմատախիլ չեղավ, այլ շատ ու շատ ճյուղեր կորցրեց։ Հայ բանակի մարտունակությունն ու ազգի ճակատագիրը պետք է փնտրենք հայ մայրերի մեջ, ովքեր դաստիարակում են խիզախ որդիների, և մոր կատարյալ օրինակ են հանդիսանալու իրենց դուստրերի համար։ Պատերազմը բոլորին կոտրեց, իսկ մայրերին խոր վշտով ու տառապանքով պարուրեց։ Մեծ ցավը, սակայն, սփոփելու համար ոմանք նոր կյանք աշխարհ բերեցին։

Անսահման հույսով ու ուրախությամբ լցվեցի, երբ լսեցի Գևորգ և Գոհար Դավթյանների մասին, ովքեր 24 տարի անց՝ 60 տարեկան հասակում, կրկին դառնալու էին ծնողներ։ Նրանց միակ որդին` Գարիկ Դավթյանը զոհվել էր 44-օրյա պատերազմում։ Նոր կյանքը ծնվել է փոխնակ մոր շնորհիվ ու կրում է Գարիկի անունը։ Ծնողները վստահ են, որ փոքրիկն իրենց ընտանիքի հույսն ու հավատն է լինելու։ Նա հույսն է լինելու ոչ միայն իր ընտանիքի, այլ ամբողջ ազգի համար։

Իհարկե, նա նոր մարդ է, և չի կարող փոխարինել Հերոսին, բայց նա չի ծնվել կամ ծնվելու փոխարինելու համար։ Նա ծնվելու է գործն ավարտին հասցնելու, նոր քաջ սերունդներ կրթելու ու դաստիարակելու համար։ Իսկ մեր փոքր ազգին հիմա անհրաժեշտ են արժանի հետնորդներ, ովքեր, հատկապես, կրում են իրենց հերոս եղբայրների արյունը։

Նման կամքի ուժ ունեցող ծնողների տեսնելով` մնացած որդեկորույս մայրերը պետք է թույլ տան նույն արևն իրենց տունն ու հոգիներն էլ ջերմացնի։ Կան շատ կոտրված մայրեր, ովքեր չեն կարողանում իրենց մեջ ուժ գտնել ու նորից մայրանալ։ Հերոսների մայրերը նույնպես հերոսներ են, և հատկապես նրանք, ովքեր, բոլոր դառնությունների միջով անցնելով, լույս աշխարհ են բերում նոր սերունդների։ Այդ սերունդները մեծանում են հայրենասիրական երգերի ու պատմությունների ներքո, որ ապագայում կերտեն իրենց պատմությունը, տեր լինեն իրենց ժառանգած հայրենի հողին։

Այն ծառի արմատները, որոնք ամուր մխրճված են ու խորն են, ոչ մի հողմ ու մրրիկ չի կարող արմատախիլ անել այն, իսկ ծառի ճյուղերը դեռ երկար կձգվեն դեպի երկինք։

Լուսինե Հենրիկի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել