Լցոնած կարտոֆիլից մինչև արքայական կառք

Լցոնած կարտոֆիլից մինչև արքայական կառք

687

Փոքր տարիքում այնքան հարցասեր էի, որ բոլորը փախչում էին ինձնից: Միայն տատիկս էր, որ համբերատար լսում էր ինձ ու հերթով պատասխանում, անգամ, անիմաստ հարցերիս:

Տարիները ոչինչ չփոխեցին. տատիկս լավագույն զրուցակիցս է մնացել մինչ օրս: Սակայն նա ատում է իմ քչակերությունը: Երեկ էլ, երբ հրաժարվեցի հացից, նա ինձ ասաց. «Գնահատի՛ր այն»,- և պատմեց մութ ու ցուրտ տարիներին իրենց ապրածի ու հացի հերթի մասին: Ի զարմանս տատիկի՝ ես ծիծաղեցի և ասացի.

-Տա՜տ, իսկ դու տրանսպորտի հերթ տեսե՞լ ես:

Մեր մարզային տրանսպորտի հերթը, հաստատ, նման չէ տատիկիս պատմած հացի հերթին: Այստեղ նրա ասած կտրոնները չկան, ու մեծ է հավանականությունը, որ գրեթե 45 րոպե կանգնածած մնալուց հետո այդպես էլ տրանսպորտ չես նստի: Բայց կա մի նմանություն՝ նոր ընկերները, որոնց ես և տատիկս ձեռք ենք բերել հենց այդտեղ՝ սպասող բազմության անվերջանալի շղթայում:

Մինչ ես մտքերով հասել էի մութ ու ցուրտ տարիներ ու հերթ էի կանգնած, համալսարանում զանգը հնչեց: Սովորությանս համաձայն՝ վերցրի հեռախոսս և նայեցի ժամին:

-Արագացրե՛ք, ուշանում եմ:

-Քիս, կլինի՞ մի օր, որ տրանսպորտից բացի, դու ուրիշ բանի մասին մտածես:

Ընկերներս միշտ այս հարցն են տալիս և դժգոհում են, որ իրենց շտապեցնում եմ, որպեսզի ճիշտ ժամանակին կանգառ հասնեմ: Ես մեղավոր չեմ. եթե ուշանամ, օրս կորած է: Ամենաթանկ բաներից մեկի՝ ժամանակի անիմաստ կորուստը ինձ համար ուղղակի ողբերգություն է:

Գրեթե կես ժամ անց Կիլիկիա ավտոկայանում եմ: Մինչև կանգառ հասնելը, պետք է անցնել գետնանցումով: Հաճախ է պատահել, որ երբ մտել եմ գետնանցում, տրանսպորտն անցել է՝ խլելով կյանքիցս 45 և ավելի րոպե: Գիտե՞ք, թե ինձ ինչ դերում եմ պատկերացնում գետնանցումով անցնելիս: Ծիծաղելի է, բայց ես, կարծես, Մարիոն լինեմ, ով հասել է դևի աշխարհին և կարող է պարտվել մի սխալ քայլի պատճառով:

Հաղթահարելով այդ աշխարհը՝ խաղը չի ավարտվում, իսկ այդ խաղի նոր էտապում ինձ են միանում իմ բախտակիցները՝ «տրանսպորտի վկաները». մենք ենք մեզ այդպես անվանել:

Սպասելու ընթացքում խոսում ենք ամեն ինչի և ոչնչի մասին: Հավաքվում է հոծ բազմություն, որոնք նույնպես սպասում են:

-Ինքը հաստատ մեր տրանսպորտից ա, իրա դեմքը ծանոթ չի, էն սև մազերով տատին ամեն օր տեսնում եմ:

Այսպես՝ քննարկում ենք, թե կանգնածներից քանիսն են մեր տրանսպորտի ուղևոր, քանիսը՝ այլ, որպեսզի որոշենք մեր անելիքը:

– Նայեք, ուրեմն, ստրատեգիան ենք մշակում: Քնարիկը կանգնում ա դռան դիմաց, Ջուլիանան բարձրանում ա ու հետևի չորս նստատեղը պահում, մենք էլ արագ մտնում ու նստում ենք,- սա է «տրանսպորտի ընկերներիցս» ավագի՝ Արփիի մարտավարությունը: Այն, երբեմն, աշխատում է, իսկ ավելի հաճախ՝ ոչ: Որովհետև կա՛մ չենք հասցնում բարձրանալ, կա՛մ էլ բարձրանում ենք, սակայն մնում ենք կանգնած:

Իսկ դուք անիվների վրա լցված կարտոֆիլ տեսե՞լ եք: Մենք՝ ընկերներով, այո՛: Եթե տեսնելու ցանկություն առաջացավ, ուրեմն ուղղակի ժամը 15:15-ին եղեք ավտոկայարանում (բայց չեմ խոստանում, որ կհասցնեք մտնել և տեսնել կարտոֆիլի «ներսը»): Իսկ եթե ավելի լուրջ, մենք մեր տրանսպորտին այդպես ենք կոչել, որովհետև մարդկանց մեծ թվի պատճառով դուռը փակելն անգամ լուրջ գլխացավանք է դառնում:

Օրը հաջողված կարող ենք համարել, եթե մեր մարտավարությունը աշխատել է, ու մենք հասցրել ենք նստել: Զբաղեցնում ենք մեր ստրատեգիայով պլանավորած տեղերը և սպասում, որ մարդիկ հավաքվեն, «կարտոֆիլը ամբողջությամբ լցոնվի», որպեսզի շարժվենք:

Մինչև վերջին միլիմետրը մարդկանցով լցնելուց հետո միայն տրանսպորտը պոկվում է իր տեղից՝ ավտոկայարանում թողնելով շատերին, որոնց մարտավարությունը, գուցե, չէր աշխատել:

Շարունակում ենք մեր զրույցը, որը դրսում էինք սկսել: Զրույցի ընթացքում հասկանում ենք, որ իրար ուղղակի չենք լսում. մեր տրանսպորտում հնչող երաժշտությունը շատ բարձր է ու խլացուցիչ: Մեզ համար այս բարձր երաժշտությունն արդեն սովորական է դարձել: Կարող ենք 1000 հոգու միջից հասկանալ, թե որն է մեր երթուղայինի վարորդի երաժշտական ճաշակին համահունչ երգը: Նրա միացրած երգերը մեզ ստիպում են, անգամ, տրանսպորտի ետևում նստած բաժակաճառ ասել և հուսալ, որ շուտով տուն կհասնենք:

Առաջինը իմ կանգառն է: Ինձ համար ամենաանտանելի երևույթը «Կանգառում կանգնեք» ասելն է, մանավանդ այն դեպքում, երբ ես նստած եմ վերջում, երաժշտությունը ձայնիցս անհամեմատ բարձր է, իսկ մարդիկ, գրեթե, իրար «գրկած», կանգնած են: Բարեբախտաբար, իմ բախտակիցներն ինձ հետ են: 5-րդ փորձից հետո վարորդը լսում է մեր բոլորի ձայնը և կանգնում կանգառից 500 մետր այն կողմ:

«Զգու՜յշ կիջնես արքայական կառքիցդ»,- ասում եմ մտքումս, մի կերպ հասնում եմ դռանը, վճարում եմ և ներսից մի փոքր վախվորած, բայց դրսից ինքնավստահ և արագ ցանկանում եմ բացել դուռը: Այս դռան հետ կապված լավ հիշողություններ չունեմ: Մի անգամ՝ դուռը բացելիս, պոկվեց ու քիչ մնաց ընկնեի երթուղու միջից: Հետո վարորդը դուռը այնպես ամրացրեց, որ միայն ինքը կարողանա դրսի կողմից բացել ու ամեն իջնողի հետ իջնում էր, բացում դուռը և միևնույն ժամանակ կատակում, թե արքայական ծառայություն է մատուցում իր ուղևորներին:

Երբ դուրս ես գալիս տրանսպորտից, հասկանում ես, որ էներգիայիդ ողջ պաշարը թողել ես դրա մեջ ու ամեն անգամ իջնելիս շարունակելու ես թողնել, քանզի «լցոնված կարտոֆիլ»-ն առանց այդ էներգիայի անհամ է:

Քրիստինե Թորոսյան

 2-րդ կուրս

Կիսվել