Ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը

Ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը

834

Petekamutner.am կայքի ձևակերպմամբ՝ «հսկիչ դրամարկղային մեքենաների արդիականացման և հնարավոր խնդիրներից խուսափելու համար» ՊԵԿ-ը նոր քայլ է կատարել։ Կայքը տեղեկացնում է, որ կառավարության որոշման համաձայն` ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը։ «Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է տալիս ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի միջոցով ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման համար գեներացնել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն»,- պարզաբանում է կոմիտեի կայքը։

Էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգի վերաբերյալ զրուցեցինք տնտեսվարողների հետ՝ նրանց կարծիքները և դիրքորոշումները պարզելու նպատակով: Ճաշարանների ցանցի տնօրեն Հ․ Բարխուդարյանն ասաց, որ ինքը տեղյակ է էլեկտրոնային ՀԴՄ-ների հետ կապված օրենքի և ընթացակարգի մասին, բայց մեխանիզմներին ծանոթ չէ։ Բարխուդարյանը դեռևս երկու տարի առաջ իր ընկերների և աշխատողների հետ անընդհատ նոր կառավարությանը ոլորտը սպասարկողների միջոցով հասցեագրում էր, թե ինչու են ՀԴՄ-ներ գնել տալիս բիզնեսներին, եթե կարելի է էլեկտրոնային ՀԴՄ կիրառել։ Այժմ էլ թերահավատ է․ «Այն ժամանակ շահագրգռված չէին, և չեմ կարծում, թե հիմա շահագրգռված են, որ անցում կատարենք էլեկտրոնային ՀԴՄ-ին։ Բայց աշխարհը փոխվում է, և հույս ունեմ, որ մեր կառավարությունն էլ կանցնի էլեկտրոնային ՀԴՄ-ներին»։

Բարխուդարյանը հավելեց, որ չի գործածել էլեկտրոնային ՀԴՄ-ներ և չգիտի՝ հարմար է աշխատել այդ տարբերակով, թե ոչ, բայց կողմ է դրան և ցանկանում է անցնել էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառմանը։ «Խնդրել եմ կառավարությանն ուղարկել ընթացակարգը, որպեսզի հասկանամ՝ դա ինչպե՞ս ենք կցելու մեր կայքին, ինչպե՞ս ենք դա աշխատեցնելու»,- նշեց գործարարը։

Բարխուդարյանը պատմեց նաև կորոնավիրուսի ժամանակ եղած դժվարությունների մասին. «Էլեկրոնային հարթակում աշխատելը կորոնավիրուսի ժամանակ օգնեց, որ մենք քիչ թե շատ գոյատևենք»։

Զրուցակիցս անդրադարձավ նաև Էլեկտրոնային վճարումների խնդիրներին։ Դրանցից մեկը Arca քարտային համակարգն է, որը, ըստ տնօրենի, շատ վատ է աշխատում. գումարը չի գանձվում, ուշացումներ են լինում, կամ գումարը սխալ հասցեով է փոխանցվում։ Հաջորդ խնդիրը, որը մտավախություն է առաջացնում Բարխուդարյանի մոտ, տեխնիկական խնդիրն է. «Պետությունը, որը պետք է ստեղծի էլեկտրոնային այս համակարգը, արդյո՞ք այնքան հզոր սերվերներ կունենա, որպեսզի ապահովի համակարգի անխափան աշխատանքը»։

Զրուցեցինք նաև ճաշարանների մեկ այլ ցանցի սեփականատեր Բ․ Մելքոնյանի հետ: Վերջինս նշեց, որ էլեկտրոնային ՀԴՄ-ները կարող են լինել լուծման երկրորդ տարբերակը:  

«Արտերկրում առևտուր անելիս վճարումն անմիջապես ՀԴՄ-ին ենք մոտեցնում, հեռախոսի միջոցով ծրագիրը կարդում է QR կոդը, և վճարումների հետ խնդիր չի լինում։ Այդ դեպքում ո՛չ քարտ, ո՛չ տերմինալ, ո՛չ էլ հավելյալ սարքեր պետք չեն»,- ասաց սեփականատերը։ Ըստ նրա՝ ՀՀ-ում նույնպես վճարման հետ խնդիրներ չեն լինում, քանի որ գումարը քիչ է, և հիմնականում կանխիկ են վճարում։

Խոսելով Covid-19-ի առաջացրած խնդիրներից՝ Մելքոնյանը պատմեց, որ մինչև կորոնավիրուսը իրենք հանել էին առաքման ծառայությունը, որովհետև ճաշացանկն անընդհատ փոփոխվում էր: Կորոնավիրուսի ժամանակ և դրանից հետո նորից վերականգնեցին առաքումը, նոր աշխատողներ ընդունեցին և շարունակում են լավ աշխատել։

«Կորոնավիրուսի ժամանակ առաքումն անհամեմատ շատացել է։ Այն ժամանակ մարդիկ գերադասում էին դուրս գալ, դրսում նստել, իսկ հիմա հիմնականում տնից են աշխատում, դուրս չեն գալիս և պատվիրում են»,- ընդգծեց Մելքոնյանը։
Նշեց նաև, որ սկզբում իրենց համար խնդիր էր այն, որ մարդկանց արգելված էր տնից դուրս գալ, և առաքումներ էլ չէին լինում։ Դրանից հետո ամեն ինչ ընկավ հունի մեջ։ Այժմ բավականին լավ է, և մոտենում են մինչքովիդյան  թվերին՝ շուրջ 70%։
Կարևոր փոփոխություն է նաև այն, որ Էլեկտրոնային առևտուր այսօր կատարում են բազմաթիվ հարթակների միջոցով։  

Ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերով ձեռագործ իրերի էլեկտրոնային առևտրով զբաղվող Ս․ Մեսրոպյանն էլ իր փորձից պատմեց. «Ի սկզբանե՝ դեռ մինչ Covid-19-ը, հենց էլեկտրոնային առևտրով եմ սկսել կատարել վաճառքը և շարունակում եմ»։ Սիրանուշը նշեց, որ լսել է էլեկտրոնային ՀԴՄ-ների մասին, բայց չգիտի կիրառման մեխանիզմների մասին։ Նա հավելեց. «Հույս ունեմ, որ պետության կողմից իրազեկում կկատարվի, որպեսզի հետագայում անտեղյակության պատճառով խնդիրներ չառաջանան»:

Ըստ ՊԵԿ-ի՝ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր բնույթ չի կրում: Իսկ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտները:

Լիլիթ Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել