Հաղորդավար դառնալու ցանկությամբ

Հաղորդավար դառնալու ցանկությամբ

1179

«Նստում էի հեռուստացույցի դիմաց և ուշիուշով հետևում լրատվական թողարկմանը…

Մերոնք մտածում էին՝ կլանված լուրերն եմ լսում, բայց ընդամենը 10 տարեկան աղջնակին հետաքրքում էին ոչ թե հաղորդվող տեղեկությունները, այլ հենց հաղորդողը․ նրա սանրվածքը, հագուստը (թերևս այդ ժամանակներից հետո եմ սկսել դասական հագուստով հանդես գալ. այդպես ավելի մոտ էի կանգնում իմ երազանքին), ձեռքերի շարժումները, հայացքն ու դեմքի ամեն մի շարժ ինձ հետաքրքում էին:

 Լրատվական թողարկման ավարտից հետո էլ սենյակում ինձ մեր տան հայելին էր սպասում. կանգնում էի դիմացը և սկսում ձևացնել՝ իբրև լուրերի թողարկման հաղորդավարը ես եմ ու ժամերով խոսում էի. թե ինչ, կարևոր չէր: Կարևորն այն էր, որ ես հաղորդավարի դերում էի այդ պահին:

Անբացատրելի պահեր էի ապրում…

Հիմա էլ 19 տարեկան եմ, բայց նորից նույն ձևով հետևում եմ հաղորդավարների շարժուձևին ու փորձում քայլ առ քայլ մոտենալ իմ երազանքին:

 Այս աղջիկը ես եմ` Օֆելյան: Սովորում եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Այստեղ իմ երազանքից շատերն ունեն` գրեթե նույն ձևով և բովանդակությամբ: Միջանցքներում ուսանողները  հաճախ են իրենց հաղորդավար դառնալու` սիրուն պատկերացումներով ցանկությունը բարձրաձայն հնչեցում, որը սկսում է պտտվել ֆակուլտետով մեկ, բախվում սրա-նրա ականջին, երբեմն էլ օդից կախ մնում: Ցանկությունդ դառնում է ավելի շոշափելի, երբ միջանցքներում տեսնում ես քո սիրելի հաղորդավարներից  Քրիստինե Ալագուլյանին, Լիլիթ Աղբալյանին, Նաիրի Հոխիկյանին, որոնց ուշիուշով հետևել ես գրեթե միշտ և հաճախ նրանց մասին պատմող հաղորդավարական մանրուքներին նրանցից ավելի վարպետորեն ես տիրապետում:

Այո, ես ուզում եմ դառնալ հաղորդավարուհի… Գեղեցիկ է հնչում, բայց որքանո՞վ է դա իրատեսական ժուռնալիստիկայի ֆակուլտետում»:

Առաջին կուրսում ֆակուլտետում սովորողները դեռ ամուր պահում են իրենց` մանկությունից եկած հաղորդավար դառնալու երազանքը, երկրորդ կուրսում խմբագրական շունչ են ստանում դասերը. ժուռնալիստի վարպետության դասերը փոքրիկ խմբագրությունների տեսքով են, դասախոսն էլ խմբի գլխավոր խմբագիրն է:

Եվ ահա սկսում ես գրել, գրել օբյեկտիվ, գրել հակիրճ, բայց ամեն ինչի մասին, գրել` բազմակողմանի ներկայացնելով թեման: Բայց հաղորդավար դառնալու երազանքով այդ նույն ուսանողը վերցնում է գրած նյութը և սկսում կարդալ այնպես, կարծես լուրերի թողարկում է վարում:

Դեռ երազանքներն իրենց ամրությունը չեն կորցրել: Անվերջ գրում են այդ ուսանողները, ու գրելու անդադար ընթացքի մեջ հաղորդավար դառնալու ցանկությունը սկսում է կամաց-կամաց հետ քաշվել:

Ֆակուլտետի ուսանող Մարիամը Ղազարյանը պատմում է իրենց կուրսի՝ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հարություն Մովսիսյանի հետ ունեցած հանդիպման մասին․ նրա հետ խոսել են նաև հաղորդավարի աշխատանքից:

Մովսիսյանը զարմացական հայացքով է նայել այն ուսանողին, որը հարցրել է, թե արդյոք ֆակուլտետում հաղորդավարներ պատրաստում են: Ուսանողն էլ թվել է այն բոլոր դասախոսությունները, որոնք թույլ են տալիս հմտություններ ձեռք բերել հաղորդավարական ասպարեզում:

Այս առիթով զրուցել ենք Ժուռնալիստիկայի ֆակուլտետի փոխդեկան Անահիտ Մենեմշյանի հետ։ Նա ասաց, որ ֆակուլտետը հաղորդավարներ չի պատրաստում, սակայն կարևոր համարեց անդրադառնալ հաղորդավար տերմինին: «Հիմա հաղորդավարներ չկան, կան մեկնաբաններ, որոնք մեկնաբանում են այս կամ այն իրադարձությունը կամ կարդում են ուրիշի գրած տեսքսը, իսկ արդեն նման կադրեր ֆակուլտետը շատ է տվել»,- ասաց փոխդեկանը:

Ֆակուլտետում սովորում են լրագրություն, սակայն  դասերի շրջանակներում կա «Մեկնաբանի աշխատանքը եթերում» կամընտրական առարկան, և մեկանաբան դառնալ ցանկացողները կարող են ստանալ հմտություններ հենց այս դասի շրջանակներում, իսկ գրագետ և կիրթ խոսքի ձևավորման համար ուսանողն ուսումնասիրում է «Եթերային խոսքի մշակույթ» առարկան: Տիկին Մենեմշյանը կարևոր համարեց նշել, որ մեկնաբանի ու լրագրողի աշխատանքները գրեթե նույնն են։ «Պիտի կարողանաս ճիշտ մատուցել նյութը, ինչը մեզ մոտ սովորում է ուսանողը։ Ինչ վերաբերում է զուտ հաղորդավարներին, ապա անգամ այսպիսի ինստիտուտ չկա»,- ասաց նա:

Ըստ Ա․ Մենեմշյանի՝ մեկնաբանին անհրաժեշտ են խոսքի հմտություններ, օպերատրական հմտություններ, նյութի ճիշտ մատուցում, հագուստի ճիշտ ընտրություն: Այս ամենը, միանշանակ, սովորում են ֆակուլտետի ուսանողները:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի չորրոդ կուրսում սովորող Հասմիկ Անդրեասյանը մինչև հիմա էլ բարձրաձայնում է իր՝ հաղորդավար դառնալու ցանկությունը և հստակ քայլեր անում ցանկության իրագործման համար: Նա ասաց, որ ցանկության իրագործման համար մեդալի երկու երեսին էլ հարկավոր է նայել: Ֆակուլտետում կան դասընթացներ, որոնք իսկապես թե՛ գործնական, և թե՛ տեսական գիտելիքներ են տալիս հաղորդավարական ասպարեզում քեզ փորձելու համար: Այս առիթով Հասմիկը հիշեց «Դիտակետ» հաղորդաշարը, որի առանձին հաղորդումներից մեկն ամբողջությամբ իրենք էին վարում: «Ես առավոտյան եթեր հեռարձակվող հաղորդման մեկնաբանն էի, կուրսընկերուհիս ուղիղ միացմամբ իտալական ճաշատեսակ էր պատրաստում, մյուսն էլ հարցազրույց էր անում դիամահարդարի հետ»,- ասաց Հասմիկը: Սա, ըստ նրա, մեդալի առաջին երեսն է:

Հասմիկի ասելով՝ երկրորդ երեսին եթե նայենք, կտեսնենք, որ շատ ուսանողներ սահմանափակվում են միայն ֆակուլտետի տված գիտելիքներով, իսկ դա սխալ է: Պետք է նաև ինքնակրթվել, իսկ այս ոլորտը, բնականաբար, բացառություն չէ:

«Մեդալը, հետաքրքիր է, բայց նաև երրորդ կողմ ունի․ այդ կողմը հեռուստաընկերություններն են,- ասաց ուսանողուհին: – Կարևոր է նշել այն փաստը, որ հաճախ թե՛ տեղեկատվական, թե՛ ժամանցային ծրագրերում տեսնում ենք այնպիսի հաղորդավարների, որոնք հայտնի երգիչներ կամ դերասաններ են։ Ստացվում է, որ հաղորդավարի հաստիքում տեղ են գտնում նրանք, ովքեր փորձառու են։ Հեռուստաընկերությունները ձգտում են աշխատել հենց նրանց հետ»:

Անահիտ Մենեմշյանի միտքը լրացնում է Հասմիկի նկատած «երրորդ երեսը»։ Ըստ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի փոխդեկանի՝ հաճախ հաղորդավարների, մեկնաբանների մրցույթներ չեն հայտարարվում, քանի որ հեռուստաընկերություններն օգտագործում են ներքին մարդկային ռեսուրսները․ «Եթե նրանք դիտվում են էկրանին, ունեն որոշակի հմտություններ և համապատասխան արտաքին, սկսում են որպես մեկնաբան աշխատել նրանց հետ: Որակյալ հեռուստաընկերություններն աշխատում են փարձառու լրագորղների հետ։ Ուղղակի հնարավոր չէ տալ հայտարարություն, և դիմողը մի քանի օրում դուրս գա ուղիղ եթեր, հետևաբար այս ասպարեզում հաճախ լրագրողական բազմամյա փորձ ունեցող մարդիկ են հայտնվում, որոնք նաև մեկնաբանի որոշ առանձնահատկությունների են բավարարում»:

Այսօր բացի ժուռնալիստիկայի ֆակուլտետից և այլ բուհերի համանուն ֆակուլտետներից, որոնք տալիս են բարձրագույն կրթություն, քիչ չեն նաև մասնավոր դպրոցներն ու կազմակերպությունները, որտեղ սովորողները հմտանում են լրագրության ոլորտում և նաև հաղորդավարական ասպարեզում: Journalist.am-ը զրուցել է նաև «Պանարմենիա» մեդիադպորցի տնօրեն Նաիրա Իսահակյանի հետ։ Նա նշեց, որ այստեղ վեց ամիս ընթացող դասերը տալիս են հաղորդավարական կրթություն։ Ավարտելուց հետո բոլորը չէ, որ աշխատանքի են անցնում, բայց ակտիվ և աշխատասեր ուսանողներին պրակտիկայի հնարավորություն է տրվում, և շատերը շուտով սկսում են զբաղեցնել տարբեր հաստիքներ: Տնօրենի խոսքերից պարզ դարձավ, որ հաճախ հեռուստաընկերություններն առաջնահերթություն են տալիս «իրենց» ուսանողներին, ոչ թե այլ տեղերից եկածներին:

Շատերի համար այդպես էլ ցանկություն է մնում մեկնաբանի աշխատանքով զբաղվելը, բայց քիչ չեն նաև նրանք, ովքեր ցանկությունն իրագործում են, ոմանց համար էլ դառնում իսկական ոգեշնչման աղբյուր:

Հաղորդավարի աշխատաքնի մասին խոսելիս շատերը հիշում են ֆակուլտետի շրջանավարտ Գարեգինյան Աննային, որը հիմա Շանթ հեռուստաընկերության լրագրող-հաղորդավար է: Մեզ հետ զրույցում Աննան նշեց, որ ֆակուլտետում սովորելու հենց սկզբից էլ հասկացել է, որ հաղորդավար լինելը հեշտ չէ, քանի որ լավ հաղորդավար դառնալու համար նախ պետք է տեղեկացված և բանիմաց լրագրող դառնալ, աշխատել ոլորտում, ծանոթանալ աշխատանքի մանրամասներին և «կուլիսից» հետևել հաղորդավարի գաղթակղիչ աշխատանքին: «Համալսարանում ստացած լրագրողական գիտելիքներին գումարվում է հաղորդավարական ձիրքը, քանի որ հաղորդավարի աշխատանքը չի սկսվում և վերջանում պարզապես գեղեցիկ արտաքին ունենալով»,- ասաց Աննան և վերջում հավելեց, որ այսօր առավել, քան երբևէ զգում է  ֆակուլտետից ստացած գիտելիքների և հմտությունների անհրաժեշտությունը և օր օրի սիրահարվում լրագրող-հաղորդավարի բարդ և միաժամանակ հաճելի աշխատանքին:

Աննայի փորձը, իսկապես, հաղորդավար դառնալու գեղեցիկ օրինակ է, սակայն միայն նման պատմություններ լսելը և մի փոքր էլ ոգի առնելը բավարար չէ ցանկությունների իրականացման համար: Մեր ունեցած զրույցներից պարզ դարձավ, որ բացի ֆակուլտետի տված հմտություններից նաև կարևոր են ուսանողի քայլերը դեպի ցանկություն․ որքան դրանք հստակ լինեն ու անվախ, այնքան ավելի շատ կլինեն ֆակուլտետից դուրս եկած հաղորդավարները:

Անահիտ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել