Օգտագործել ուղեղն իր ողջ զորությամբ և ունենալ լավ հիշողություն

Օգտագործել ուղեղն իր ողջ զորությամբ և ունենալ լավ հիշողություն

843

Ինչպես որ մարզում ենք մարմինն ու ունենում գեղեցիկ մկաններ, այնպես էլ մարզում ենք ուղեղն ու ունենում․․․ թե ինչ ենք ունենում, կներկայացնեմ ստորև։

Լարա Բոյդը բժիշկ է, որը զբաղվում է ուղեղի գիտահետոզատական աշխատանքներով։ Իր ելույթներից մեկի ժամանակ նա խոսել է սովորելու 3 ճանապարհների մասին։

Առաջին ճանապարհը քիմիականն է, երբ որևէ նոր բան թռուցիկ սովորելով՝ մենք խթանում ենք ուղեղի նեյրոնների ավելի արագ աշխատանքը։ Այս ճանապարհով սովորելու դեպքում մենք զարգացնում ենք մեր կարճաժամկետ հիշողությունը։ Երկրորդը ճանապարհը ֆիզիկականն Է, որի դեպքում ուղեղի կառուցվածքը ենթարկվում է փոփոխությունների։ Սա նպաստում է երկարատև հիշողության լավացմանը։ Երբ երկար ժամանակ ենք հատկացնում որևէ բան սովորելուն, այդ ժամանակ մեր ուղեղը ենթարկվում է ֆիզիկական փոփոխության, և համապատասխանաբար բարելավվում է երկարատև հիշողությունը։  Երրորդն ուղեղի ֆունկցիոնալ փոփոխությունն է․ որքան շատ ենք օգտագործում ուղեղը, այնքան ավելի հեշտ է դառնում որևէ բան սովորելը։

Ուղեղի լավ աշխատանքն ուղղակիորեն կապված է առավոտն ինչպես սկսելու հետ։ Ջիմ Քվիքը, որն աշխարահռչակ ուղեղի մարզիչ է, իր դասերից մեկի ժամանակ խոսել է այն գործողությունների մասին, որոնք ինքն անում է առավոտյան։ 1-ին բանը երազները հիշելն է, որը բացատրում է այպես․ «Երբ դուք քնում եք, ձեր միտքը կանգ չի առնում ու շարունակում է մտածել ձեր խնդիրների լուծման մասին, իսկ երազներում այն կարող է տալ անիրական լուծումներ»։ 2-րդը ննջարանը հավաքելն է։ Սրա համար բերում է երկու պատճառ՝ երբ մաքրում ես միջավայրդ, դու ունենում ես մաքուր միտք և օրը սկսում ես հաջողությամբ։ Երեկոյան ծանրաբեռնված օրվանից հետո վերադառնալով տուն՝ տեսնում ես հաջողությունդ։ 3-րդ կետը շատ ջուր խմելն է։ Մեր ուղեղի 80% ջուր է, և երբ ջուր չենք խմում, բնականաբար ուղեղը ջրազրկվում է։ 4-րդ կարևոր կետը շնչառական վարժությունն է։ Ուղեղը մարմնի 2%-ն է կազմում, բայց սպառում է ստացած թթվածնի 20%-ը։ Առանց թթվածնի ու առանց ջրածնի ուղեղը դառնում է մառախլապատ։ 5-րդ՝ ճաշեք կամ լվացեք ձեր ատամները հակառակ ձեռքով։ Սա օգնում է մարզել ուղեղի մյուս կիսագունդը։ 6-րդ կետը Քվիքի անվանած «Brain tea» (ուղեղային թեյ) (բաղադրությանը ծանոթանալու համար անցեք հղումով՝ brain tea )  խմելն է։ Սա ուժեղացնում է կենտրոնացումն ու հիշողությունը։ 7-րդ կետն օրագիր ունենալն է։ Քվիքն օրագրում պլանավորում է օրն ու գրում այն բաները, ինչի համար ինքը շնորհակալ է։ Շնորհակալ լինելու համար պետք է թվարկես այն բաները, որոնք գումարով չես կարող գնել։ 8-րդ կետը 3-4 րոպե տևողությամբ ակտիվորեն ֆիզիկական վարժություններ անելն է։ Սրա կարևորությունը Քվիքը բացատրում է հետևյալ կերպ․ «Այն, ինչ լավ է քո սրտի համար, նաև լավ է քո գլխի համար։ Երբ ես արագացնում եմ իմ սրտի աշխատանքը, ես ունենում եմ ավելի շատ արյան հոսք և ավելի շատ թթվածին դեպի իմ ուղեղ»։ 9-րդ բանը, որ անում է, էներգետիկ կոկտեյլ խմելն է։ ԵՎ վերջին բանը, որ նա անում է, 20-30 րոպե գիրք կարդալն է, որովհետև «առաջնորդները կարդացողներ են»։

Ջիմ Քվիքը գրում է գրքեր ուղեղի աշխատանքն ու հիշողությունը գերազանց դարձնելու մասին ու կազմում անհատական բանաձևեր արագ միտք ունենալու համար, և սա անում է այն մարդը, որը վատ հիշողության պատճառով 3 տարի ուշ է գնացել դպրոց։

Նիշանտ Կասիբհատլան դարձել է գինեսի ռեկորդակիր՝ հիշելով 1944 թվանշան։ Թվանշաններն ունեցել են հետևյալ տեսքը․

 «Իսկապես նշանակություն չունի, որ մտածում ես, թե ունես լավ կամ վատ հիշողություն, որովհետև փաստն այն է, որ դու կարող ես մարզել քո ուղեղն ավելի լավ հիշելու, ավելի արագ սովորելու և հմտանալու համար այն բանում, ինչ դու ուզում ես քո կյանքում»,- ասել է Նիշանտը։ Սովորելու և հիշողությունը լավացնելու համար նա առաջարկում է հետևյալ բանաձևը՝ սովորել – արտահայտել – իրականացնել – տարածել։

«Լավ  մասնագետ դառնալու համար պիտի ավելի շատ կենտրոնանաս ոչ թե մուտքի, այլ ելքի վրա»,- ասում է Նիշանտն ու մեկնաբանում բանաձևը հետևյակ կերպ․ սովորելը մուտքն է, իսկ արտահայտելը, իրականացնելը և տարածելը՝ ելքը։

Փոքրիկ հասարակական հարցում կատարեցի, որին մասնակցեց 32 մարդ։ Այն հարցիս, թե անու՞մ են ինչ-որ քայլեր իրենց ուղեղի աշխատանքը բարելավելու համար, մարդիկ տվեցին տարբեր պատասխաններ, ինչպես՝ «ինտելեկտուալ թեստեր եմ լրացնում», «գրքեր եմ ընթերցում շատ», «փորձում եմ հնարավորինս քիչ օգտվել սմարթֆոնից», «նոր լեզուներ եմ սովորում, դասական երաժշտություն լսում, մեդիատացիայով ու յոգայով զբաղվում» և այլն։ Հարցվածների ավելի փոքր մասն էլ պատասխանեց, որ ժամանակ չի ունենում, լուրջ չի վերաբերվում նման բաներին, այդ մասին երբևէ չի մտածել և այլն։ Թե ինչ քայլեր են անում մոտիվացված սովորելու համար, պատասխանեցին, որ մոտիվացնող գրքեր են կարդում, ճամփորդում են, հետաքրքիր գրիչներ ու տետրեր են օգտագործում, հստակ նպատակներ են գծում և այլն։
Հարցվածների մեծ մասը կարծում էր, որ ունի միջին կարգի հիշողություն, երկրորդ տեղում «շատ լավ» պատասխանն էր, երրորդ տեղում՝ «վատ»-ը։ Այն հարցիս, թե խնդիրներն ավելի արագ լուծելու և հիշողությունը լավացնելու տարբերակներ իմանալու դեպքում կօգտագործեին, թե ոչ, գրեթե բոլոր հարցվածները պատասխանեցին «Այո, մեծ ուրախությամբ կկիրառեմ», իսկ ոմանք էլ՝ որ կզլանային, կզլանային, բայց կփորձեին, չեն հավատում, որ կօգնի։

Ուղեղը մարզելու հնարքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք ուսումնասիրել Ջիմ ԿվիկիՆիշանտ ԿաշիբհատլայիԼառա Բոյդի Youtube-յան ալիքները։

Լուսինե Մելիքսեթյան

2-րդ կուրս

Կիսվել