Ռիսկը հաջողության կեսն է․ ուսանող գործարարներ

Ռիսկը հաջողության կեսն է․ ուսանող գործարարներ

1766

«Հաջողությունների գաղտնիքը վախը հաղթահարելու քաջություն ունենալն է։ Այսպես թե այնպես մի օր պիտի սկսես, ուրեմն սկսիր հենց այսօր»․- սա է 20-ամյա Նարե Վարդումյանի շարժիչ ուժն ու բանաձևը։ Նարեն բանաստեղծ է, գրող, ունի սեփական փոքրիկ բիզնեսն ու արաբերեն – հայերեն դասավանդաման սեփական առցանց հարթակ։  

Փոքրիկ բիզնեսի՝ թեյերի արտադրության գաղափարը ծնվել է հանկարծակի, ընկերոջ հետ քննարկումից հետո։ «Իմ անինքնավստահությունն էր ավելի ինձ խանգարում մի քիչ արագ շարժվել, հետ էի կանգնում։ Հիմա, կարելի է ասել, դժվարություն չկա»,- պատմում է Նարեն։ Կես տարեկան փոքրիկ բիզնեսի արդյունքներից գոհ է․ արդեն ունեն ճանաչում, վաճառքներ։ Թեյերը Երևան են հասնում Լոռու մարզի բարձադիր լեռներից, տեղավորվում ապակե ու փայտե տարաների մեջ ու ճամփորդում դեպի պատվիրատուները։

Փոքրիկ բիզնեսը Նարեին տալիս է նոր գիտելիքներ, քանի որ զուգահեռ սովորում է բիզնես վարել, ինքնավստահություն, որն առաջանում է  քոնն ունենալու զգացողությունից, և, իհարկե, եկամուտ։

Արաբերեն սկսել է դասավանդել վերջերս, քանի որ եկել է այն համոզման, որ պետք չէ սպասել պետական աշխատանքի հրավեր ստանալուն․ եթե կարող ես ստեղծել քոնը, ուրեմն պիտի ստեղծես։

Խիտ գրաֆիկը (հասցնում է սովորել անվճար, կառավարել բիզնեսը և աշխատել) խնդիր չէ, եթե բոլորին սիրով ես վերաբերվում։ «Եղել է՝ ես գիշերներն եմ սկսել պարապել, դասերս անել, բայց քանի որ ես սիրում եմ իմ բոլոր անելիքները, հասցնում եմ ամեն ինչ»,- պատմում է Նարեն։

Օֆելյա Հարությունյանն էլ զբաղվում է զարդերի պատրաստմամբ։ Որոշել է զարդեր պատրաստել, երբ հասկացել է, որ իր ցանկացածները կա՛մ չկան Հայաստանում, կա՛մ էլ թանկ են։ «Սկզբում պատրաստում էի միայն ինձ համար, բայց երբ հասկացա, որ կրելիս շատերը հավանում են  ու հարցնում, թե որտեղից եմ գնել, որոշեցի, որ պետք է ունենամ ինչ-որ փոքրիկ բիզնես ու իմ էջում վաճառեմ այն զարդերը, որոնք ես ինքս եմ կրում ու հավանում››,- պատմում է Օֆելյան։ «Ո՞րն է սեփական բիզնեսն ունենալու ամենահաճելի զգացողությունը» հարցին նա պատասխանում է․«Աշխատանքային ծանրաբեռնված օրվաից հետո, երբ մտնում եմ խանութ որևէ բան գնելու, ու ինձ ասում են, որ իրենց խանութում ունեցածս զարդերից մի քանիսը վաճառվել են, դրանից հետո մոռանում եմ հոգնածությանս մասին ու ճանապարհին,  նոր դիզայններ մտածելով,  շտապում եմ տուն»։

Բիզնեսն ու ուսումը չեն խանգարում իրար, քանի որ երկուսի մեջ էլ անչափ սեր է դրված։

Օֆելյան ևս խորհուրդ տվեց չվախենալ ինչ-որ բան սկսելուց, նոր գաղափարները կյանքի կոչելուց, որովհետև դրանք, եթե անգամ չստացվեն էլ, կտան շատ ավելին, քան կտանեն։

Այսպիսով՝ բիզնես սկսելը միշտ չէ, որ կապվում է մեծ ֆինանսների և կամ տարիքի հետ։ Երբեմն միայն գաղափարն ու այն իրագործելու քաջություն ունենալն արդեն բավարար է։

Վերջում էլ հիշենք մի քանի գործարարների, որոնք իրենց քայլերը սկսել են նույնքան վաղ տարիքում, որքան մեր հերոսները։ Օրինակ՝ Մարկ Ցուկենբերգը միայն 20 տարեկան էր, երբ դարձավ Ֆեսյբուք սոցիալական ցանցի համահիմնադիրներից մեկը, Սթիվ Ջոբսը 15 տարեկանում արդեն ստեղծել էր առաջին կոմերցիոն համակարգիչը, իսկ Մայքրոսոֆթը ստեղծվել է մոտ 20 տարեկան Բիլ Գեյթսի կողմից։

Էմիլյա Հոսյան

2-րդ կուրս

Կիսվել