«Ուրարտուն» ու «Ուրարտուի» մամուլի ծառայությունը

«Ուրարտուն» ու «Ուրարտուի» մամուլի ծառայությունը

525

Հարցազրույց  «Ուրարտու»  ֆուտբոլային ակումբի մամուլի բաժնի կոնտենտ մենեջեր Նելլի  Մելքոնյանի հետ՝  ակումբի գործունեության մեջ մեդիայի աշխատանքի, դերի ու նշանակության մասին:

-Վերջին տարիներին, կարծես, հայկական ակումբները սկսել են ավելի լուրջ աշխատանք տանել սեփական մեդիայի ուղղությամբ: Որքանո՞վ եք կարևորում մեդիայի դերը ֆուտբոլային ակումբների գործունեության մեջ:

– Յուրաքանչյուր իրադարձություն սպորտային աշխարհում տարածվում է, հասնում է մարդկանց հենց լուսաբանման շնորհիվ։ Հատկապես ֆուտբոլային ակումբների համար սա առաջընթացի ամենակարևոր բաղադրիչներից է, քանի որ ֆուտբոլասեր հասարակությանը հետաքրքիր է ոչ միայն բուն խաղը կամ հաշիվը, որով այն ավարտվում է, այլև այլ նրբություններ, որոնք կարելի է ցուցադրել ու բացահայտել հանդիպումից առաջ և հետո։ Կարծում եմ՝ հատկապես գրագետ ու ճիշտ լուսաբանումը կօգնի տվյալ թիմին իր մասին առավել կարևորը հասցնել լսարանին։

-Ուրարտու ֆուտբոլային ակումբը բավական ակտիվ է և՛ սեփական կայքում, և՛ լրատվամիջոցների հետ հարաբերություններում: Ձեր աշխատանքի մեջ ի՞նչն եք համարում առաջնային:

– Շատ եմ կարևորում թիմային աշխատանքը, որն «Ուրարտուում» աշխատելուս շուրջ 2 տարվա ընթացքում ամենաշատ է օգնել ինձ։ Ինչպես լրագրության ցանկացած ոլորտում, սպորտայինի դեպքում էլ շատ կարևոր է օպերատիվությունը, մարդկանց հասկանալու ու փոխադարձ կապ ստեղծելու կարողությունը։ Ի վերջո, հեշտ չէ ստանալ այն, ինչ կցանկանաս տվյալ պահին, քանի որ այս տարիների ընթացքում հանդիպել եմ ֆուտբոլիստների, որոնք չեն ցանկացել նույնիսկ հարցազրույց տալ։ Դա, իհարկե, պետք է առիթ ստեղծի այլընտրանք գտնելու, որովհետև պարզապես հրաժարվել նրանից, ինչի հետևից գնում ես, սխալ է։

-Ակումբի մամուլի ծառայության աշխատանքը բարձր մակարդակով կազմակերպելու համար ի՞նչ որակներ են անհրաժեշտ:

– Մասնագետները, որոնք ինչ-որ չափով կապ ունեն մեդիայի հետ, պետք է ամենակարևորը տիրապետեն ոլորտին։ Այդպես ավելի հեշտ կլինի միասին ինչ-որ բանի հասնելը։ Բացի այդ, քանի որ բոլոր թիմերում էլ լեգեոներներ կան, շատ կարևոր է նրանց հետ հաղորդակցություն ապահովելը, ինչը նշանակում է, որ լեզուների իմացությունը նույնպես մեր աշխատանքում անչափ կարևոր է։

-Ի՞նչ է անհրաժեշտ մեր ակումբների մամուլի ծառայություններին, որպեսզի նրանք էլ հասնեն եվրոպական մակարդակին:

– Իմ կարծիքով՝ նախևառաջ եվրոպական մակարդակի պետք է հասնի թիմը՝ իր ելույթներով, նվաճումներով, որից հետո ակումբի մամուլի ծառայությունը կիմանա՝ ինչի համար աշխատել, ու այդ աշխատանքը կտեսնի ոչ թե երկրպագուների շատ քիչ խումբ, այլ մեծ լսարանը, որը կներառի նաև եվրոպականը։ Իսկ բուն աշխատանքը որակյալ դարձնելու համար որակյալ մասնագետներից բացի անհրաժեշտ է լավագույն տեխնիկա և պրոֆեսիոնալ մոտեցում աշխատանքին։

Լինա Մեհրաբյան

2-րդ կուրս

Կիսվել