«Ես ի սկզբանե պետք է նկարիչ ծնվեի». Ավետիս Խաչատրյան

«Ես ի սկզբանե պետք է նկարիչ ծնվեի». Ավետիս Խաչատրյան

873

Ավետիս ջան կպատմեք մի փոքր ձեր մասին, ինչու՞ հենց նկարիչ։

-Ծնվել եմ արվեստագետի ընտանիքում։ Հայրս գեղանկարիչ է, իսկ լուսահոգի մայրս՝ գորգագործուհի, տիկնիկագործ, ունեմ 2 եղբայր, որոնցից միջնեկ եղբայրս ևս նկարիչ է։ Ես մութ ու ցուրտ տարիների սերունդի ներկայացուցիչ եմ, և երևի հենց այդ տարիներից է ձևավորվել իմ տեսակը, իմ եսը, իմ հեքիաթը։ Դրանից առաջ՝ սովետական միության տարիներին, մեզ սովորեցնում էին սովետական դաստիարակություն, ինչպես հարգել մեծերին, և որ Լենին պապին ամենաբարի պապին է։ Նույնիսկ հասցրել եմ կարմիր վզկապ կրել։ Այս ամենից հետո եկան մութ ու ցուրտ տարիները, և միաժամանակ մանկություն, որն անցկացրել եմ գյուղում՝ տատիս պապիս հետ։ Սարվորի տուն ունեինք, և հենց էնտեղ էլ անցնում էին իմ մանկության օրերը։

Արվեստը մարդու տեսակն է, մարդու էթնիկ բնույթն է, ու երևի հենց այդպես էլ պետք է լիներ, ուրիշ բան չէր կարող լինել, ես ի սկզբանե պետք է նկարիչ ծնվեի։

Խոսեցիք մանկությունից, դուք ի՞նչ եք բերել ձեզ հետ մանկությունից։

-Սա այն հարցերից մեկն է, որի մասին կարելի է ասել՝ յուրաքանչյուր մարդ ապրում է, բայց շատ դեպքերում չի գիտակցում։ Բոլորն ի վերջո ձևավորվում են իրենց մանկությունից։ Այսօր էլ աշխարհում ինչ տեղի է ունենում, դրանք մանկության խաղերն են՝ որոնք մարդիկ իրենց հետ բերել են մեր աշխարհ, իրենց իրականություն. հետաևաբար մեծերն էլ են խաղում իրենց խաղերը։ Ամեն մարդ իր կյանքում իր խաղը խաղում է իր գործիքով. մեկը՝ գրիչով, մեկը՝ վրձինով, մյուսը քաղաքականության մեջ է խաղում։

Մարդն իր ամբողջ տիեզերքով, իր էությամբ իր մանկության արտացոլանքն է։

-Նկարիչներն ու առհասարակ արվեստագետներն ունեն իրենց ձեռագիրը: Ո՞րն է ձեր ձեռագիրը և ինչպե՞ս է այն ծնվել։

-Ձեռագիրը ծնվում է մարդու չափից շատ անկեղծ լինելուց, այսինքն դու անկեղծ ես ինքդ քեզ հետ, դու չես փորձում քեզ խաբել, որովհետև եթե դու խաբես, դու կընկնես անվերջ պրպտումների մեջ և չես կարող կողմնորոշվել, թե ով ես դու, ով է քո տեսակը, ինչպիսին է քո տեսակը, քո եսը: Եվ եթե դու ուզում ես ունենալ ձեռագիր, ապա այդ ձեռագիրը պետք է ծնվի քո սկզբունքային տեսակից։ Ես սկսնակ նկարիչներին հենց դա եմ խորհուրդ տալիս, որ որքան հնարավոր է չխաբեն իրենց և չընկնեն տարբեր ազդեցությունների ճիրանները, քանի որ ազդեցությունները շեղում են մարդուն ինքն իր հետ մոտ լինելուց։

Ձեր նկարներում շատ են գերակշռում ծաղիկները, ինչո՞վ է դա պայմանավորված, միգուցե ծաղիկները որևէ խորհուրդ ունեն։

-Նկարում եմ ծաղիկներ, որովհետև դա իմ իրականությունն է։ Ես նկարում եմ ինձ շրջապատող այն ամենը, ինչն իմ աչքին հաճելի է, և ես սիրում եմ։ Ես ծաղիկներ շատ եմ սիրում, որովհետև ես բնության մարդ եմ։ Դա երևի հենց մարդու էությունից է խոսում, դա իմ տեսակն է։ Հենց հիմա էլ տանը տարբեր տեսակի շատ ծաղիկներ ունեմ և ես հաճույք եմ ստանում։

Նոր այգի եմ ստեղծել, անցյալ տարի աշնանատունկ արեցի, երկու օր առաջ էլ գնացի ծառերը էտեցի, ու դա աշխարհի ամենաերջանիկ զգացողություններից մեկն է, երբ դու շփվում ես բնության հետ։

Կա՞ որևէ նկար, որը կառանձնացնեք ձեր բոլոր նկարներից՝ որպես ամենաստացված աշխատանք։

-Հիմա, եթե փորձեմ իմ աշխատանքներից ամենասիրված աշխատանքը առանձնացնել, դրան կհաջորդի մեկ ուրիշ աշխատանք, հետո կառանձնացնեմ երրորդը, չորրորդը և վերջում կհասկանամ, որ ես իմ բոլոր աշխատանքները առանձնացրեցի, քանի որ ես իմ բոլոր նկարները սիրում եմ: Դրանք ծնվել են ինձնից, իսկ ես սիրում եմ այն, ինչ ծնվել է ինձնից՝ դա կլինի տխուր պատմություն, դա կլինի ուրախ պատմություն, ես սիրում եմ դրանք, ի վերջո ես նկարում եմ իմ պատմությունները, իմ եղածներն ու չեղածները, իմ հորինածները, իմ սերերը։ Բոլորն իմ երեխաներն են, ո՞նց կարող է մարդն իր ձագերին չսիրի։

Եղե՞լ է, որ հենց դուք որևէ բան սովորեք ձեր աշակերտներից կամ արվեստի հետ կապված բացահայտեք որևէ բան, որը մինչ այդ չէիք բացահայտել։

-Մենք մեր ամբողջ կյանքն ենք սովորում։ Ժամանակի ընթացքը, կյանքի ընթացքը հենց սովորելու մեջ է. սովորում ենք երեխաներից, սովորում ենք բնությունից։ Եթե դու տեսակով ընդունակ ես տալու, դու նաև սիրում ես վերցնել։ Մի երեխա կարող է այնքան խելոք ու այնքան սիրուն բան անի, որ դու հիանաս, հասկանաս, որ դա քեզ պետք էր այդ պահին։ Եվ հաճախ երեխաներից ավելի շատ բան կարելի է սովորել, քան մեծահասակներից, քանի որ երեխաները չեն խաբում։ Ինչքան մարդ փոքր է լինում, այնքան ավելի մոտ է լինում իր իսկական տեսակին, իր արմատին։ Ինչքան մարդը հեռանում է իր արմատից, այնքան սկսում է խաբել, իր տեսակից հեռանալ։ Երեխաներից կարելի է սովորել ապրել, ու եթե բոլորը երեխաների նման պարզ ու անարատ լինեին, կյանքը հիասքանչ կլիներ, պատերազմներ էլ չէին լինի։

-Ձեր կյանքի ընթացքում կարողացե՞լ եք ճանաչել ինքներդ ձեզ, թե՞ դեռևս կան չբացահայտված կողմեր։

-Ինքս ինձ ճանաչել, կնշանակի ճանաչել Աստծուն։ Ես ինձ չեմ դրել Աստծո տեղը, բայց ես Աստծո մարդն եմ, ես բնությունն եմ, իսկ բնությունն անբացահայտելի է, հետևաբար մարդը ևս անբացահայտելի է, որովհետև մարդն այնքան խորն է, այնքան տաղանդավոր է, որ նրան դժվար է բացահայտելը: Հնարավոր չէ մարդուն ճանաչել, քանի որ դու տվյալ պահին այդ մարդուն մի ձև ես ընկալում, վաղը այդ մարդը ուրիշ ձև կունենա, ուրիշ բնույթ կունենա, ուրիշ մտածողություն, որովհետև մենք ընթացքի մեջ ենք։ Մարդը հազարավոր շերտեր ունի, և որքան խորանում ես դրանց մեջ, ավելանում են նոր շերտեր և հները փոխվում են նորերով։ Այսօրվա Սիլվին երեկվա Սիլվին չի, ու վաղվա Սիլվին էլ այսօրվա Սիլվին չի, դրա համար չես կարող քեզ ճանաչել. դու անընդհատ փոփոխման պրոցեսի մեջ ես։

Սիլվի Սիրականյան

2-րդ կուրս

Կիսվել