«Ուժասպառ լինել, ինձ համար նշանակում է հանձնվել»

«Ուժասպառ լինել, ինձ համար նշանակում է հանձնվել»

878

Շահեն Աղայանը ծնվել է Կապանում, մանուկ հասակից շատ է սիրել զբաղվել ֆուտբոլով։ Տարիների ընթացքում նրա հոբբին դարձել է մասնագիտություն։ 2011 թվականից աշխատում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայում որպես մրցավար։

-Ինչպե՞ս եք պատրաստվում կայանալիք ֆուտբոլային հանդիպումներին։

-Ուսումնասիրում եմ երկու թիմերին, ծրագրում իմ ֆիզպատրաստության գրաֆիկը։ Խաղի օրը նախաճաշում եմ, վերցնում անհրաժեշտ պարագաները՝ համազգեստ, խաղակոշիկներ, սուլիչ, դեղին և կարմիր քարտեր, գրիչ և կարևոր թղթաբանություն, ու գնում ֆեդերացիա։

-Ինչպե՞ս հայտնվեցիք Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայում։

-Հանձնել եմ քննություններ և 2011 թվականից սկսել իմ կարիերան։

-Ի՞նչ քննություններ եք հանձնել։

-Ֆիզպատրաստություն. պետք էր հանձնել 150 մետրանոց նորմատիվ 15 վայրկյանում։

-Հիշո՞ւմ եք Ձեր առաջին խաղը որպես մրցավար։

-Դա եղել է 2011 թվականին Համլետ Մխիթարյանին նվիրված հուշամրցաշարի ժամանակ «Միկա»-«Փյունիք» խաղը։ Իսկ արդեն որպես պաշտոնական հանդիպում եղել է մինչև 10 տարեկանների առաջնությունը։

-Իսկ ինչպե՞ս եք լրացնում անհրաժեշտ փորձի պակասը։

-Ես անձամբ այդ պակասը լրացնում եմ անհատական պարապմունքներով, շատ եմ դիտում ֆուտբոլ, ինչպես նաև մեկնում ենք ուսումնամարզական հավաքների, որտեղ մեզ են միանում մրցավարներ FIFA-ից և UEFA-ից։ Դե իսկ հարցերի դեպքում էլ դիմում եմ մեր տեսուչներին, որոնք էլ ոչ մի հարց առանց պատասխանի չեն թողնում։

-Ի՞նչ երգ է հնչում Ձեր ականջակալներում, երբ Դուք մարզվում եք։

-Մարզվելու ընթացում կարող եմ լսել և՛ ջազ, և՛  բլյուզ․ կարևոր է, որ այն լինի ռիթմային։ Կարող եմ լսել Բեթհովենից մինչև Էմինեմ։

-Ի՞նչն է ամենաբարդը մրցավարի մասնագիտության մեջ։

-Ես ունեմ իմ հստակ կարծիքը․ 90 րոպեում սանդղակի վերևում պետք է պահել պատասխանատվությունը, հետո կարևոր է խաղին լուրջ տրամադրվելը և երրորդն այն է, որ խաղադաշտում բոլորը քեզ համար հավասար են։

-Մրցավար լինելուց բացի Դուք նաև ֆուտբոլի երկրպագու եք։ Ո՞րն է Ձեր սիրելի ակումբի ամենատպավորված խաղը և ինչո՞ւ։

-Սա մի քիչ զավեշտալի պատմություն է․ իմ ամենասիրելի թիմը 1999 թվականից առ այսօր իտալական «Միլանն» է։ 2005 թվականին, երբ «Միլանը» խաղում էր Չեմպիոնների Լիգայի եզրափակչում անգլիական «Լիվերպուլի» հետ, առաջին խաղակեսից հետո հաղթում էր 3-0 հաշվով։ Ես ուրախացա, որ վաղը, երբ կիջնեմ բակ, ընկերներիս մոտ կսկսեմ գովել իմ սիրելի ակումբին Երկրորդ խաղակեսում, սակայն, «Լիվերպուլը» երեք գոլ խփեց։ Ի վերջո «Միլանը» 11 մետրանոց հարվածաշարով պարտվեց։ Այդ պահին ես սկսեցի արտասվել։ Դրանից հետո 1-2 օր չեմ իջել բակ, որովհետև գիտեի, որ ընկերներս կսկսեին ծիծաղել իմ թիմի անհաջողության վրա։

-Մասնագիտական ո՞ր ֆիլմն է, որ Դուք կարող եք անընդհատ նայել։

– Վերջերս հանդիպեցի մի հաղորդման, որի շրջանակներում նկարահանում են մրցավարներին, նրանց առօրյան։ Հաղորդումը կոչվում է «Man in the middle»: Դա ինձ մոտիվացրեց ունենալ երազանք և հասնել դրան․ամեն ինչ քայլ առ  քայլ կլինի, քանի որ վերջինս կախված է հենց այն մարդուց, որը մեջտեղում է՝ մրցավարից։

-Լինո՞ւմ են պահեր, երբ ուժասպառ եք լինում։ Ինչպե՞ս եք դա հաղթահարում։

-Լինում են պահեր, երբ քրտնաջան աշխատում ես և հոգնածություն ես զգում։ Բայց ուժասպառ լինելն ինձ համար նշանակում է հանձնվել։ Ուժասպառ լինելն իմ մասին չէ։ Իմ «օրենքներից» մեկն է՝ չհանձնվել, ինչ էլ որ լինի։ Ես շատ փորձությունների միջով եմ անցել, որոնք ինձ չեն կոտրել, այլ դարձրել են էլ ավելի ուժեղ։ Հանդիպումների ժամանկ, երբ արդեն մնում է 10 րոպե, ու ես հոգնածություն եմ զգում, ինքս ինձ ասում եմ՝ հավաքի՛ր քեզ, այս վերջին 10 րոպեն պիտի մնացած 80 րոպեներից էլ ավելի լավը լինեն։ Հետո հետհայացք եմ գցում ու նորից ինքս ինձ ասում՝ տեսա՞ր, չհանձնվեցիր ու ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։

Ռուզաննա Ստեփանյան

2-րդ կուրս

Կիսվել