Հին հայկական հարսանիքը, Էլիզա տատիկը և Օֆելյան

Հին հայկական հարսանիքը, Էլիզա տատիկը և Օֆելյան

1440

Լուսանկարը՝ wedding.am-ից

Ավանդական հայկական հարսանիքների արմատները ձգվում են դեպի ուրարտական ժամանակաշրջան։  Հարսանեկան պատկերների մասին վկայությունները մեզ են հասել հինգերորդ դարից սկսած։ Դե իսկ Արտաշեսի ու Սաթենիկի հարսանիքի մասին մինչև այսօր բոլորն են խոսում:  

Տարբեր համացանցային աղբյուրներ օգնում են վերակերտել հայկական հարսանիքի ընթացքը։

Ազգագրագետների հավաստմամբ՝ հայկական յուրաքանչյուր շրջան ու գավառ ունեցել է իրեն հատուկ հարսանեկան ծիսակարգը, որի մեջ եղել են և այնպիսին բաղադրիչներ, որոնք ընդհանուր են եղել բոլորի համար։ Հարսանիքները կատարվում էին հիմնականում աշնանը կամ ձմռանը՝ գյուղատնտեսական աշխատանքներից հետո, և տևում էին 3-7 օր՝ կախված ամուսնացնող կողմերի նյութական բարեկեցության աստիճանից։ Շատ հաճախ գերադասում էին սկսել հինգշաբթի կամ ուրբաթ և ավարտել կիրակի։

Ամուսնական տարիքը կախված էր նրանից, թե տվյալ ժամանակաշրջանում ով էր որոշում կայացնողը։ Շատ հաճախ որոշում կայացնում էին ծնողները, ընտանիքը, գերդաստանը։ Սակայն քիչ դեպքեր չէին կազմում նաև սիրով ու իրենց իսկ ընտրությամբ կատավող ամուսնությունները։

Լուսանկարը՝ armeniadiscovery.com-ից

Ավանդական հայ ընտանիքներում ամուսնությանը տանող ճամփան սկսվում էր «աղջկատեսի» արարողությունից, որը կատարում էին տղայի գերդաստանի ավագ կանայք։ Տղայի մայրը մի քանի ազգականուհիների հետ հյուր էր գնում աղջկա ընտանիք։ Եթե հայուհու ծնողները տրամադրված էին համաձայնության, թույլ էին տալիս իրենց աղջկան զննել, որի ընթացքում թել ու ասեղ էին տալիս նրան՝ թելելու՝ տեսողությունը ստուգելու կամ ցածրաձայն որևէ բան էին խնդրում՝ լսողությունը ստուգելու համար։

-Հայկ պապիի հետ ծանոթացել եմ…չեմ ծանոթացել, ազի՛զ ջան,-իր հարսանիքը հիշելիս շփոթվում է 70-ամյա Էլիզա տատիկն ու ծիծաղում։ Չցանկանալով ընդհատել արթնացած հիշողությունները՝ շարունակում է. -Իմ հայրական տանը հարսանիք ա էղել` իմ հորոխպոր տղու հարսանիքը։ Իրենք էլ են հրավիրված էղել։ Տեսել են ինձ, հավանել, 70 թվի հունվարի 20-ին նշանել` անտես ու անծանոթ։ 15 տարվա տարբերություն կա մեր մեջ, բայց երբեք չեմ զգացել։ Լավ եմ ապրել։   

Մինչև պսակը յուրաքանչյուր օր կատարվում էին ծեսեր ու արարողություններ: Նախ տեղի էր ունենում «խնամախոսություն», որի ընթացքում տղայի ազգականները աղջկա ծնողներից պետք է ստանային տղայի հետ ամուսնացնելու համաձայնությունը: Սրան հաջորդում էր «խոսքկապը»-ը, որի հիմնական նպատակը ապագա հարսնացուի ու փեսացուի ծնողների պաշտոնական ծանոթությունն էր: Դե իսկ հաջորդ փուլում երիրտասարդի կողմից ոսկյա զարդ ընդունելը նշան էր աղջկա՝ պաշտոնապես համաձայն լինելուն։ Այլ կերպ ասած՝ դա նրանց «նշանադրությունն» էր։ Պաշտոնական համաձայնությանն էլ անմիջապես հաջորդում էր «հղե կտրելը»։ Այսպես է կոչվում այն արարողությունը, որի ընթացքում ամուսնացող կողմերը պայմանավորվում են հարսանիքի ժամկետի շուրջ։

Հարսանեկան բուն նախապատրաստություններն սկսվում էին հարս ու փեսային լողացնելու արարողությամբ, որը ուղեկցվում էր երգ ու պարով։ Փեսային լողացնելու գործընթացը տեղի էր ունենում, երբ երիտասարդ տղաները հավաքվում էին մի տեղում, որից հետո քավորը լողացնում էր փեսացուին: Վերջինիս ու նրա գլխավոր ընկերոջը` «ազաբ բաշի»-ին կամ մակարապետին, որին փեսան ընտրում էր հատուկ արարողակարգի համաձայն՝ աճուրդով, նստեցնում էին միմյանց կողքի և ջուր լցնում նրանց վրա: Արարողակարգի խորհուրդը հետևյալն էր. փեսացուն բաժանվում էր ամուրի ընկերներից և մուտք գործում նոր կյանք:

Լուսանկարը՝ Hetq.am-ից

Wedding.am-ի հայտնած տեղեկությունների համաձայն՝ ազաբ բաշին կատարում էր նաև փեսացուի և հարսնացուի թիկնապահի դերը` պահելով իր ձեռքին թուրն ու հարսանեկան ծառը: Քավորի տանը փեսացուին հագցնում էին ու այդ ծառը զարդարում ուռենու ճյուղերով, որը նույնպես պտղաբերություն էր խորհրդանշում:

 Մինչև պսակի արարողությունը հնում գոյություն ուներ «հալավօրհներքի» արարողություն, որի ժամանակ օրհնվում էին հարսի ու փեսայի մատանիները, որից հետո սկսվում էր «բոյչափեքն» ու «շորձևքը» կամ որ նույնն է հարսի շորը ձևելու արարողությունը, երբ կանայք հարսանեկան զգեստը ձևելիս կտորից մի փոքր հատված կտրում ու աղջիկներից յուրաքանչյուրին տալիս էին ինչ-որ մաս կարելու առաջադրանք:

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը նշում է, որ բուն արարողությունից երկու օր առաջ փեսացուի տանը «տաշտադրեքի» ծեսն էր լինում, որի ժամանակ հարսանիքի հացն էին թխում: Արարողությանը մասնակցում էին հարսի և փեսայի մտերիմ ընկերները, որոնք երգում և պարում էին` միմյանց վրա ալյուր շաղ տալով: Հյուրերը միմյանց վրա էին շպրտում նաև ալյուրի հետ շաղախված քաղցրավենիքներ, չրեղեն, ընկույզ։

 Հաց թխելու հաջորդ առավոտյան տեղի էր ունենում «եզմորթեքը» ։ Փեսացուի տնից մարդ էին ուղարկում՝ բարեկամներին և ծանոթներին նույն օրվա երեկոյան հարսանիքին հրավիրվելու:

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ից

Հաջորդ առավոտյան փեսայի տան կտուրից զուռնան կանչի եղանակով ազդարարում էր հարսանիքի սկիզբը։ Հյուրերի հավաքվելուց հետո քավորն ու փեսան, մակարներով շրջապատված, նվագի ներքո սկսել են մսացու եզը մորթելու արարողությունը։ Չնայած ծեսի անվանը՝ գրեթե անհնար էր որևէ մեկի հարսանիքին սեղանին տեսնել եզի միս։ հիմնականում մորթվում էր ցուլ։ Իսկ անունը կապում էին աշխատասիրության հետ, որը պետք է ուղեկցեր նորապսակներին իրենց ողջ կյանքում։

 -Շատ մեծ հարսանիք եմ ունեցել,- շարունակում է Էլիզա տատիկը,-ադաթներով, հետաքրքիր ձևով։ Փետրվարի 28-ին էր։ Շատ ճոխ էր, սաղին նվերներով ճամփի են դրել մերոնք,- ապա հիշելով տեգոր նորապսակ թոռան` Գևորգի հարսանիքը, համեմատում է,- Գևոյի հարսանիքից շատ մարդիկ կային մեր հարսանիքին, բայց իր հարսանիքն էլ ադաթներով էղավ, մենակ իրանք վերջում գնացին ռեստորան։ Մենք տանն ենք արել։

Կեսօրին կամ երեկոյան գնում էին հարսի հետևից։ Մակարներով շրջապատված փեսայի աջ կողմում կանգնում էր քավորը, ձախում՝ փեսախպերը, հետևում՝ պարողների խումբը։ Մակարներից մեկը մատուցարանով տանում էր հարսի հագուստները։  

Հարսանեկան այս թափորը չէր կարող բաղկացած չլինել «աղվեսից», որը պետք է նախապես լուր հասցներ հարսի ընտանիքին հարսնաքավորների գալու մասին: «Աղվեսին» թշնաբար էին դիմավորում, քանի որ նրա առաջադրանքներից մեկը հավանոցից հավ գողանալն էր: Հետագայում հավով նրան ուղղակի պարգևատրում էին` լուրը հասցնելու համար: 

Լուսանկարը՝ ankakh.com-ից

Ըստ ավանդույթի` հաջորդ առավոտյան փեսայի բարեկամները քավորի գլխավորությամբ գալիս էին հարսի տուն, մերկացնում նրան, և ամենաերիտասարդ կինը, ում առաջնեկը տղա էր, սկսում էր հագցնել հարսնացուին իր տոնական կարմիր զգեստը, որն ընդունված էր մինչև 20-րդ դարը: Այս ընթացքում հավաքված տիկնայք փառաբանական երգեր էին կատարում`ի պատիվ հարսնացուի: Հագցնելու արարողության ընթացքում հարսնացուի մազերը հյուսում էին՝որպես կանացիության ու հասունության խորհրդանիշ: Հարսին հագցնելիս քավորը, վերցնելով գոտին ու գոգնոցը, 3 անգամ պտտվում էր հարսի շուրջը, ապա կապում այն ու թիկունքին խփելով՝ մաղթում տղա ունենալ։ Դե իսկ քավորկինն էլ ծածկում էր հարսին մեծ ծածկոցով, որից հետ երեխաներ ունեցող և երջանիկ համարվող ամուսնական մի զույգ բռնում էր հարսի ձեռքը և կանգնեցնում փեսայի կողքին։

armeniasputnik.am-ը պատմում է՝ճանապարհ ընկնելուց առաջ նորապսակները, ի նշան հարգանքի, համբուրում էին թոնրի շուրթը, հրաժեշտ տալիս ծնողներին, բարեկամներին ու հարևաններին։ Այնուհետև հարսանքավորները երգելով, պարելով, ծափ ու աղմուկով, կրակելով ու ուրախության բացականչություններով գնում էին եկեղեցի, ուր մակարները հսկում էին, որ չարակամ մարդիկ չխանգարեն պսակադրությանը։ Հայկական ամուսնական արարողությունը քրիստոնեության ընդունման օրից չի կորցրել իր կրոնական, ավանդական և իմաստային ձևը:

Լուսանկարը՝ mamul.am-ից

«Պսակի տարիքը կապված է մարդկության ծննդի հետ,- բացատրում է Տեր Շահե քահանան․- հրեաները հարց էին տալիս Քրիստոսին` իրավունք ունե՞նք ամեն մի վնասի համար կնոջից ազատվել։ Եվ Նա ասաց, որ դա այդպես չէ, որովհետև կինը օգնական նշանակվեց տղամարդուն։ Եվ միայն մեղքից հետո Աստված պատվիրեց ենթարկվել ամուսնուն։ Այսինքն հենց սկզբում Աստված ստեղծել է նրանց լիապես հավասար`մեկը մյուսին օգնական, և Քրիստոսի հորդորն էր, որ այն, ինչ Աստված հիմնեց, մարդն այլևս չբաժանի։ Ամուսիններն այլևս երկու չէ, այն մեկ մարմին են, և եկեղեցու հայրերը, երբ մեկնում են պսակի խորհուրդը, ասում են` կինը թող չհպարտանա, որ ինքը ծննդաբերում է և առաջին պլան չմղի իրեն, քանի որ կինն ընդամենը հատուցում է Ադամի կատարած գործը, քանի որ նրա կողից ծնվեց ինքը։ Այժմ կինն ընդամենը փոխհատուցում է` ծնելով երեխաներ։ Այստեղ ահա մենք կարծես նորից վերադառնում ենք Դրախտ, կարծես հավասարություն, որը Աստված ստեղծեց հենց սկզբում։

Պսակադրությունից հետո նորապսակները պետք է ուրիշ ճանապարհով գնային փեսայի հայրական տուն, որտեղ շեմքին նրանց սպասում էր տղայի մայրը։  Շեմի ծեսերի մասն են կազմում նաև նորապսակների ուսերին լավաշ գցելը, մեղր հյուրասիրելը, նրանց գլխին ցորեն, քաղցրավենիք շաղ տալն ու ափսե կոտրելը։

Լուսանկարը՝ armfilm.co-ից

Չնայած հարսանեկան ավանդույթների այս գունագեղությանը՝ վերջին տարիներին հարսանիքներն ավելի ժամանակակից տեսք են ստանում։

-Ես միշտ պատկերացրել եմ, որ իմ հարսանիքը պետք է լինի լեռներում ու կոնկրետ Տավուշի մարզի լեռներից մեկում, որովհետև ծնողներս էնտեղից են։ Միշտ գնացել եմ` այդ լեռներով հիացել եմ ու իմ մտքում պատկերացումներս ձևավորվել են այնպես, որ հարսանիքս անպայման պիտի լինի լեռներում` փոքր-ինչ շեղված ավանդական հայկական հարսանիքներից։ Այսինքն՝ հարսի ու փեսայի տուն գնալ, մնացած արարողությունները, որ սերտորեն կապված են դրանց հետ, ես չեմ պատկերացնում,- իր դիրքորոշումն է հայտնում տասնիննամյա Օֆելյան։

Հարցին, թե ինչու՞ չի նախընտրում ավանդականը, Օֆելյան երկմտում է. «Հստակ չեմ կարող ասել, մտածում եմ՝ շատ ծեծված է։ Ես հասկանում եմ, որ դրանք հայկական ավանդույթներ են ու շատերի կողմից ընդունելի, բայց ինձ ավելի շատ ժամանակակից մոտիվներն են դուր գալիս։ Բնականաբար ԶԱԳՍ, եկեղեցի, եթե դրանք դիտարկում ենք  որպես ավանդույթի մաս, միանշանակ լինելու են, բայց մնացած շատ բաներ, որից մեկը հենց տուն գնալն է, չեմ նախընտրում։  Ամեն դեպքում կարծում եմ, որ կան մարդիկ, ովքեր կողմնակից են ավանդույթների պահպանմանը ու չնայած ժամանակակից մոտիվներով հարսանիքների շատացմանը՝ միևնույն է կպահեն ազգայինը,- ասում է Օֆելյան։

Լուսանկարը՝ www.modernwedding.com.au-ից

Զրույցի վերջում Էլիզա տատիկը, լսելով ավանդականից շեղված այս ու նման այլ տեսակետներ, նեղսրտած բողոքում է․ «էն ժամանակ լավ էր, հիմա բանի պետք չի։ Բանակի քեֆն էլ էսօրվա հարսանիքից լավ ա անցնում։ Իմ Սամվելի հարսանիքը իմնի նման եմ կազմակերպելու»։

Մարիամ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել