Մարտի ձյունը և ապրիլի ցուրտը. ազդեցություններ գյուղատնտեսության վրա

Մարտի ձյունը և ապրիլի ցուրտը. ազդեցություններ գյուղատնտեսության վրա

433

Հանրային hեռուստաընկերության «Լուրեր» հաղորդման գլխավոր թողարկման ժամանակ փետրվարի 9-ին օդերևութաբան Գագիկ Սուրենյանը ներկայացնում է եղանակային կանխատեսումները և նշում, որ Հայաստան ներթափանցող ցիկլոնը կգործի մինչև փետրվարի 11-ի առավոտ, և տեղումները հանրապետությունում կդադարեն։ Օրեր անց հայտարարում է, որ առաջիկա օրերը տարվա այդ ժամանակահատվածի համար կլինեն զգալի տաք։

Բայց կարծես թե մի բան այնպես չի ընթանում։ Մարտի 2-ից Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում սկսում է տեղադրել լուսանկարներ ու տեսանյութեր Հայաստանի տարբեր մարզերի գյուղերից ու քաղաքներից, որտեղ գլխավոր հերոսն առատ ձյունն է։

Սկզբում Ամասիան, Թալինը, Արթիկը, Աղվերանը, Ապարանը, Վարդենիսը, հետո նաև Երևանը ճերմակ էին հագել։ Ավելի ուշ օդերևութաբանը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում սկսել է պտտվել միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնը։ Արևմտյան Սիբիրից ցուրտ օդային հոսանքներ, որոնք առատ տեղումների հետ միասին առաջացնում են անոմալ ցրտեր։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն (HMC) իր պաշտոնական էջում հայտնում է, որ մարտն աչքի է ընկնում խիստ ցածր ջերմային ֆոնով ու բացառիկ առատ ձյան տեղումներով. վերջին 40 տարիների ընթացքում մեր երկրում մարտ ամսին նման ինտենսիվությամբ և տևողությամբ ձյան տեղումներ չեն եղել։

Զրուցեցինք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մերուժան Գալստյանի հետ։ Նա նշեց, որ մարտ ամսվա ընթացքում տեղացած ձյունը ոչ թե մեծագույն վնաս է պատճառել, այլ հակառակը՝ դրա տված օգուտը ավելի շատ է։  

Լեռնային շրջաններում, ըստ մասնագետի, որտեղ դեռ վեգետացիոն գործընթացները (վեգետացիայի շրջանը սկսվում է վաղ գարնանը` բողբոջներն ուռչելու պահից, և վերջանում աշնանը` տերևաթափով: Հայաստանում դեղձենու և ծիրանենու վեգետացիան տևում է 7-8 ամիս, տանձենու, խնձորենու ներմուծված սորտերինը` 6-7 ամիս) չէին սկսել, գարնան գյուղատնտեսական աշխատանքները գրեթե չէին սկսել, մարտի ձյունը և ուղեկցվող քամիները կարողացան ստեղծել ձյան ամբարներ, որոնք ապագայում կծախսվեին ձյան հալոցքից առաջացած ջրով ոռոգման ջրի քանակն ավելացնելու նպատակով:

«Իսկ Արարատյան դաշտում ու նախալեռնային գոտում ծիրանենու, դեղձենու ծաղկման գործընթացը դեռ չէր սկսել, ու կոկոնակալել էին միայն պտղատուները, ուստի տեղացած թաց ձյունը չխանգարեց, այլ խոնավության ահագին մեծ պաշար ստեղծեց,- նշում է պրոֆեսորը։ – Արարատյան դաշտում, որտեղ աշնանացանն արդեն թփակալվել էր, առանձին հատվածներում խողովակակալման փուլն էր սկսել։ Այդ ժամանակահատվածում ոռոգման ջրի մեջ պահանջարկ կար, և քանի որ առանձին տնտեսություններում ոռոգման ջրի խնդիրը դեռ կարգավորված չէր առուները ճիշտ ժամանակին չմաքրելու, ոռոգման համակարգերի վերանորոգման աշխատանքները չավարտելու պատճառով, մարտյան ձյունը օգուտ տվեց` որոշակի պաշար ավելացնելով գյուղատնտեսական մթերքների, մասնավորապես, աշնանացան ցորենի, աշնանացան հացաբույսերի մշակման ու խոնավության ապահովման առումով»։  

Ասվածը հաստատում է նաև Գյուղատնտեսության նախարարության կայքը։ Ըստ կայքի` ոռոգվող հողերում աշնանացանը ջրում են բույսերի խողովակակալման, հասկակալման և հատիկալիցքի փուլերում: Առատ տեղումների դեպքում աշնանացանը կարելի է չջրել: Ջրումների թիվն Արարատյան հարթավայրում կազմում է 3­6, նախալեռնային շրջաններում` 3­5, լեռնային շրջաններում՝ 2­4 անգամ: Ջրումները կատարվում են կորիներով` մեծ թեքություններում, մարգերով` հարթ կամ փոքր թեքություններում, ակոսներով և անձրևացմամբ: Ջրման նորման, կախված հողային պայմաններից, կազմում է 600­900 մ/ հա:

Ագրարային համալսարանի պրոֆեսորի խոսքով՝ մարտյան ձյան տված վնասը քիչ էր, քանի որ բացասական ջերմաստիճան գրեթե չեղավ։ Բայց բացասական ջերմաստիճան եղավ ապրիլ ամսվա մի քանի օրերին, հատկապես Արարատյան դաշտի և Էջմիածնի, Արարատի ու Մասիսի շրջաններում, երբ փոշոտում էր տեղի ունեցել, և առանձին հատվածներում սառնամանիքի պատճառով արդեն ցրտահարման երևույթներ նկատվեցին։

Ըստ գյուղատնտեսի՝ ծիրանենու ծաղկման փուլը համընկնում է գարնանային ցրտահարությունների հետ: Միաժամանակ ծիրանենու բերքի ձևավորման վրա զգալի ազեցություն են թողնում նաև առատ տեղումները, որոնք սովորաբար տևում են ապրիլի 15-ից մինչև մայիսի 15-ը: Նշված խնդիրներն էլ առավել բարդանում են կլիմայի գլոբալ փոփոխությունների պայմաններում: Օրինակ, եթե նախկինում ծիրանենին ցրտահարվում էր 4 տարին մեկ անգամ, ապա վերջին 20 տարիների դիտարկումները ցույց են տալիս, որ 4 տարվա ընթացքում ցրտահարվում է 2-3 անգամ:

Մեր զրուցակից Մկրտիչը, որն ունի միջին մեծության այգի, նշում է, որ մարտյան ձյունն ազդեցություն չի ունեցել ծառերի վրա։ «Մարտին ծառերը դեռ չէին ծաղկել, բայց արդեն ապրիլին ծաղկած էին, ու սառեցին։ Պարզ է, որ բերքի պակաս կունենանք»,- ասում է այգեմշակը։

Մկրտիչն այգին մշակում է ընտանիքի համար։ Չի վաճառում։ Բայց մեր մյուս զրուցակից Դավիթը, որն Էջմիածնի բնակիչ է, սեփական այգու տված բերքը վաճառում է, և նշեց, որ վնասի դեպքում բերքի պակասի պատճառով բերքի արժեքը կբարձրանա։ «Մենք բերքը հիմնականում տան դիմացից ենք վաճառում, ունենք արդեն հաճախորդներ, որ գիտենք` անպայման մեր բերքից են գնելու, բայց ապրիլի ցրտերը բերքը հաստատ կքչացնեն»,- նշում է Դավիթը։

Իսկ ագրարային համալսարանի պրոֆեսոր Մ. Գալստյանը հաստատում է՝ բերքի պակաս կլինի անպայման։ Ըստ նրա՝ ծաղկման սեզոնում նույնիսկ սովորական տեղումների ընթացքում ծաղկափոշին խոնավանում է, փոշոտում տեղի չի ունենում, և այդ ժամանակ նույնպես բերքի կորուստ է լինում։ Իսկ այս տարի ցրտահարությունն է լիարժեք պատճառ դառնում, որ 10-15%-ով բերքի պակաս ունենանք։

Օֆելյա Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել