Ճամփորդություն հայ մամուլի պատմության էջերով

Ճամփորդություն հայ մամուլի պատմության էջերով

760

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողները այս տարի «Հայ մամուլի պատմություն» դասընթացի շրջանակներում  յուրատեսակ «ճամփորդություն  իրականացրին» 19-րդ դարում և  20-րդ դարասկզբին լույս տեսած հայկական պարբերականների էջերով:

Երկրորդ կուրսի ուսանողուհի Օֆելյա Հարությունյանն ասում է․

«Նախքան պարոն Պետրոսյանի հետ մեր հանդիպումը թվում էր, թե այս «ծանրաշունչ»  առարկան  դժվար թե հետաքրքրություն առաջացնի, սակայն առաջին հանդիպման վերջում պատկերացումներս փոխվեցին, հասկացա, որ գաղտնիքը  դասավանդման մեթոդի, դասախոսի մոտեցումների և մատուցման ձևի մեջ է»:

Այս առիթով մեր հարցին ի պատասխան Դավիթ Պետրոսյանը նշեց.

-Յուրաքանչյուր դաս ինձ համար յուրատեսակ ներկայացում է, որտեղ ուսանողների առաջ մենախոսությամբ հանդես գալը ճիշտ չեմ համարում: Լսարանում նրանք ինձ համար կրավորական «հանդիսատեսներ» չեն, այլ ներկայացման անմիջական «դերակատարներ», որոնք համատեղ մասնակցում են գիտելիք ստանալու և յուրացնելու գործընթացին:

-Պարոն Պետրոսյան, ուսանողներին հաճախ զարմացնում է այն, որ Դուք  կուրսում համարյա բոլորին անուն-ազգանունով հիշում եք:

-Ես ընդհանրապես հատուկ հիշողությամբ չեմ փայլում, բայց եթե դասը վարելիս նրանցից յուրաքանչյուրին չանհատականացնեմ (դա կատարվում է նախ և առաջ անունով դիմելով), ապա «ներկայացումը» հաջողություն չի ունենա: Անվանապես դիմելով՝ դու արժևորում ես ուսանողին, վստահության ձեռք մեկնում, և նա սիրով դառնում է քո նախընտրած «սցենարի» կատարողն ու մասնակիցը: Դասախոսությունների ընթացքում երկխոսությունների վերածվող նման ինտերակտիվ շփումները ավելի արդյունավետ են լինում:

-Մեզ համար հետաքրքիր էին նաև  «Հայ մամուլի պատմության»  գործնական ժամերը, որոնց ընթացքում Դուք կարևորում եք հատկապես ուսանողի ստեղծագործական ունակությունների բացահայտումը:

-Գործնականի ժամերը հենց դրա համար են նախատեսված: Այս դեպքում  սովորական-զեկուցում մենախոսությունների փոխարեն ես նախընտրում եմ  նույն թեմայով երկու և ավելի զեկուցողների առկայությունը: Բայց դա բավարար չէ: Տարիների փորձը ցույց է տվել, որ այն գործնականները, որոնց ընթացքում ուսանողին առաջարկում ես դուրս գալ սովորական զեկուցողի կարգավիճակից  և հանդես գալ, ասենք, տվյալ թերթի խմբագրի, աշխատակցի, անգամ թերթը պաշտպանող փաստաբանի և նմանատիպ այլ դերերում, նա հաճույքով կերպարանափոխվում է: Այս անգամ նույնպես ստացվել են զեկուցում-ներկայացումներ,  որոնք, համոզված եմ,  նրանց հիշողության մեջ երկար կմնան:

-Իսկապես, այդ  զեկուցումներում մեր մի շարք կուրսեցիներ փայլեցին ոչ միայն գիտելիքներով, այլև հանդես եկան այնպիսի դերակատարումներով, որոնք բացահայտումներ էին  մեզ համար: Դե, իսկ լավագույն զեկուցումներին շնորհած Ձեր մրցանակները…

-Դրանք ոգևորիչ են, ինչ խոսք: Այդ մրցանակները, հատկապես մասնագիտական գրքերի տեսքով, լավ առիթ են՝  ուսանողին մեկ անգամ ևս հաղորդակցելու լրագրության ոլորտում առկա մասնագիտական գրականությանը:

-Կուրսում առանձնահատուկ ոգևորությամբ էին ընդունվում  Ձեր նվիրած «Ոսկե գրիչ»-ները Journalist.am-ում տպագրած  լավագույն հրապարակումների համար:

-Այս նախաձեռնությունն իր հիմնավորումն ունի: Դուք ձեր այսօրվա գործունեությամբ ու հրապարակումներով ոչ միայն ներկան եք իմաստավորում, այլև դառնում եք հայ մամուլի պատմության մերօրյա ժամանակագիրները, որոնց գնահատել է պետք: Ես սրա մեջ եմ տեսնում «Ոսկե գրիչ»-ի խորհուրդը:

…Վերջին դասն է: Ի մի է բերվում անցած երեք ամիսների աշխատանքը, որն այս տարի կազմակերպվել էր խմբային գործունեության մեթոդով: Խմբերի ակտիվությունը գնահատվում էր դասերի ընթացքում նրանց հավաքած միավորներով: Ի վերջո «Լավագույն խումբ» անվանակարգում առաջին մրցանակի արժանացավ  «Արձագանք-22» խումբը (ավագ՝ Լիանա Խաչատուրյան):

Դավիթ Պետրոսյանի հետ նոր հանդիպումների սպասումով՝

Անահիտ Ղազարյան

Լիանա Խաչատուրյան

2-րդ կուրս

Կիսվել