Մեծ պապիս պատմածը՝ տատիկիս պահած տետրից

Մեծ պապիս պատմածը՝ տատիկիս պահած տետրից

714

Տատիկիս տան խորը սենյակներից մեկում՝ ամենագեղեցիկ պահարանի վերին դարակում, մի քանի նկարների ու շքանշանների հետ սրբորեն պահվում է նաև մի տետրի կրկնօրինակ։ Սրա բնօրինակն ու մյուս կրկնօրինակները նույնպիսի խնամքով պահվում են նաև նրա քույրերի ու եղբոր տներում։ Դրանք նրանց հոր՝ Եղեռնից փրկված Հովհաննես Բուլուդյանի հուշուրն են՝ ամփոփված 4-5 էջանոց մի տետրում։

20-րդ դարասկզբի մեծ ոճիրը՝ Եղեռնը, անտարբեր չի անցել նաև իմ ընտանիքի կողքով․ մորս պապը, մի կերպ փրկվելով թուրքի յաթաղանից, հասել է Լոռի։ Իր հուշերում գրում է․ «1914 թ 1-ին համաշխարհայինին բոլոր հայերին սրի քաշեցին այդպես էլ մեր ազգությանը։ Մեր գյուղը մոտ 300-500 տնտեսություն էր։ Բոլորին սպանեցին և միայն 10 տղամարդ, 10-20 կին և մի քանի երեխաներ մնացին կենդանի։ Իմ հայրս, լինելով հայտնի որմնադիր, կարողանում է իր տնտեսությունը փրկել մի քուրդ խանումի միջոցով։ Այստեղ ապրեցինք մինչև 1916 թ-ը․․․»։ Երբ թուրքերը մտել են գյուղ, ամբողջ գյուղն արագ դատարկվել է, իսկ մորս պապին ախոռում թաքցրել է մի քուրդ խանում։ Ահա այսպես Հովհաննես Բուլուդյանը փրկվել է, հետո ոտքով հասել Ալեքսանդրապոլ, Կիրովական, Նախիջևան, Ղափան ու Գորիս՝  իր գերդաստանի հետ Բաքու հասնելու ու այնտեղ հաստատվելու նպատակով, սակայն Բաքվի թուրքերը չեն թողել մտնել քաղաք, և նրանք շարունակել են  ճանապարհը՝ հասնելով Ախթալա։ Անցյալում թողնելով Էրզրում նահանգն ու Թերջայն վիլայեթը՝ նրանք սկսել են նոր կյանք։

Կյանքը փորձությունների ալիքի մեջ է գցել ոչ միայն իմ պապին ու իր գերդաստանին, որից մնացել են միայն ծնողները, ինքն ու քույրը, այլև բախտակից շատ հայերի։ «Ծնողներս ունեցել են 12 երեխաներ, բայց մնացել ենք մի եղբար ու քույր․․․Զմրուխտ քույրս զույգ է  եղել, մյուսի անունն է Յաղութ Առաքելի Բուլուդյան, այս քույրս եղել է Ալեքսանդրապոլի որբանոցում։ Այդ որբանոցը ամերիկացիներն էին խնամում։ 1921 թ-ին գնացինք, որ բերենք, չգտանք որքան ման եկանք, չգտնվեց։ Մինչև հիմա էլ հայտնի չեղավ նրա  որտեղ լինելը»,- գրել է Հովհաննես Բուլուդյանը և մի քանի նկարագրությամբ ցույց տվել ոչ միայն իր, այլև այդ ժամանակի շատ հայերի բախտն ու ճակատագիրը․ ակամա նետվել կյանքի տարբեր ափեր ու հավերժ կորցնել հարազատներին։

Սա նոր սկզիբ ու մարտահրավեր էր․ «Իմ հասակի ժամանակ դպրոց չի եղել, որ սովորենք, բայց շատ հավես եմ ունեցել սովորելու։ Առանց դպրոց գնալու սովորեցի բոլոր հայկական բառերը և մի քանի տարվա մեջ լրիվ կարդում էի, գրում և գիտեի թվաբանություն և որոշ հանրահաշիվ», – կարդում ենք մորս պապի հուշերում։ Այս ամենի վկայությունն են խնամքով, մեկը մյուսի ետևից գեղեցիկ շարված տառերը, ճիշտ կետադրությունն ու լեզվի հարթությունը։  Գաղթի ճամփա բռնելը, տնից, հիմնական ապրուստից ու հայրենիքից զրկվելը կյանքի ավարտ չէր, չէր կարող կոտրել նրան։ Ու պատահական չէ, որ մայր հայրենիքից զրկված, ջարդ ու կոտորած տեսած գաղթական փոքրիկը՝ Հովհաննեսը, հետո պիտի մասնակցեր նաև 2-րդ համաշխարհային պատերազմին ու հասներ մինչև Բեռլին, դառնար Ախթալա բանավանի համայնքապետը, իր որդուն ուսման ուղղարկեր Մոսկվա և այլն։

Հովհաննես Բուլուդյանը խիստ աշխատասեր հայ էր: Դուստրը՝ Դիանան, հիշում է, որ իրեն քույրերի հետ սովորեցնում էր հավաքել այգին, մշակել, իսկ դրա փոխարեն նրանց ուղարկում էր, օրինակ՝ կինո։ Միակ որդուն՝ Նորայրին, ուղարկում էր ծանր աշխատանքի՝ հանքում աշխատելու, որպեսզի կոփի նրա կամքն ու ցույց տա, որ միակ ճշմարիտ ուղին աշխատանքն է։

Տետրակն ավարտվում է մի նամակ-ուղերձով՝ հետագա սերունդներին, որտեղ պապս հորդորել է հնարավորության դեպքում գնալ Տաճկաստան ու գտնել այն գյուղը, որտեղ անցել է իր մանությունը։

«Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտ»  հիմնադրամի էջից ծանոթանում ենք  Ֆրանսիացի հոգեբան, կլինիկական և սոցիալական հոգեբանության փորձագետ Անն Անսելին Շուտցենբերգերի «Նախնիների սինդրոմ» հասկացությանն ու տեսությանը։ Ըստ այս տեսության՝ ցեղասպանությունն ու առհասարակ յուրաքանչյուր վատ ու լավ երևույթ իր հոգեբանական ազդեցությունն ունի սերունդների վրա։ Ըստ հոգեբանի՝ մարդիկ անգիտակցորեն կրկնում ու հավատարիմ են մնում սեփական ազգատոհմին, որը դրսևորվում է տարբեր կերպ՝ որդիներին ու դուստրերին Վրեժ ու Վրեժուհի անվանելով և կամ համակերպումով։

 Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմերի, երգերի ու տեսահոկոլվակների նկատմամբ  շատ ավելի զգայուն են հատկապես Եղեռնից մի կերպ փրկված նախնի ունեցողները։ Ու երևի պատահական չէ, որ ամեն անգամ «Մայրիկ» ֆիլմը դիտելիս տատիկս, գուցե վերապրելով իր հոր զգացածը, խորը ախ է քաշում, սրբում աչքերն ու մի քանի րոպե անթարթ հայացքով նայում․․․ դեպի անցյա՞լ, թե՞ ապագա․․․

Էմիլյա Հոսյան

2-րդ կուրս

Կիսվել