Ինքնագլորները՝ տրանսպորտային միջո՞ց, թե՞ զվարճանքի առարկա

Ինքնագլորները՝ տրանսպորտային միջո՞ց, թե՞ զվարճանքի առարկա

952

Աշխարհում օրեցօր ավելանում են փոխադրամիջոցներ, որոնք հեշտացնում են մարդկանց տեղաշարժը: Հայաստանը կարծես հետ չի մնում աշխարհից, ու արդեն քանի ամիս է՝ քաղաքի տարբեր մասերում կանգած ենք տեսնում ինքնագլորներ։

Առաջին ինքնագլորները՝ սկուտերները, արտադրվել են 1915-1921 թվականներին: Ամբողջ 20-րդ դարում սկուտերը հիմնականում օգտագործվել է որպես մանկական բացօթյա խաղալիք։ Այնուամենայնիվ, որոշ երկրներում (Չեխիա, Լեհաստան, Ավստրալիա) սկուտերն օգտագործվում է սպորտում, առօրյա կյանքում զբոսանքի և քաղաքով մեկ գործուղումների համար։ Դրանք ծառայում են նրանց, ովքեր շտապում են քաղաքի մի հատվածից մյուսը կամ ուղղակի սիրում են զվարճանալ:  

Արդյո՞ք սարքերն օգնում են քաղաքում տեղաշարժվել ավելի արագ, զերծ մնալ խցանումներից կամ ուղղակի վայելել քաղաքը՝ միաժամանակ շատ գումար չծախսելով: Այս հարցերի պատասխանները ստացել ենք ինքնագլորներ ներկրող   JET AM ընկերության ներկայացուցիչ Գոռ Մելքոնյանից:

Երևանում հիմա մոտավորապես 500 ինքնագլոր է շահագործվում։ Ըստ Գոռ Մելքոնյանի՝ ինքնագլորների ներմուծման նպատակը եղել է որպես տրանսպորտային միջոց օգտագործելը։ Բայց վերլուծությունները ցույց են տալիս, որ դրանք օգտագործվում են նաև որպես զվարճանքի միջոց։ Ինքնագլորներն օգտագործելիս մեկ րոպեն արժե երեսուն դրամ, որը, ինչպես նշեց ներկայացուցիչը, շուկայական գին է, որն իրենց թույլ է տալիս ապահովել ծառայության անխափան աշխատանքը։  Այսինքն այն արժեքն է, որով կկարողանան սպասարկել քաղաքացիներին։ Մյուս քաղաքներում դրանք ավելի թանկ են։ Գոռ Մելքոնյանի խոսքով՝ հիմա ինքնագլորները բոլոր խավերին հասանելի են։      

Ինքնագլորները բացարձակ չեն վնասում շրջակա միջավայրին, քանի որ աշխատում են էլեկտրական շարժիչներով։ Դրանք միանում են բջջային հավելվածի միջոցով: Սահմանված է առավելագույնը 22 կմ/ժ արագություն: Օգտագործման այս և մյուս կանոններն անգիր գիտի մեր զրուցակից Արմանը, որն ամեն օր աշխատանքից տուն է վերադառնում ինքնագլորներով։  

«Երբ նոր էին սամակատները քաղաքում, մտածում էի, որ շահավետ չեն, չեն կարող ծառայել որպես տրանսպորտային միջոց, բայց մի անգամ որոշեցի օգտվել, ու մինչև այսօր դրանք դարձել են իմ օրվա փոխադրամիջոցը»,- ասում է Արմանը։

Իսկ մեր մյուս զրուցակիցը` Լիլիթը, որը նույնպես օգտվել է ինքնագլորներից, ասում է, որ իրեն այդքան էլ ձեռնտու չեն դրանք․ «Մի քանի անգամ երթուղայինի շատ երկար չսպասելու համար օգտվել եմ, բայց այդքան էլ ձեռնտու չեն։ Հիմա չեմ կարող հիշել, թե քանի կանգառ գնացի, բայց ավելի շատ գումար վճարեցի, քան երթուղային տրանսպորտով կծախսեի։ Սրան գումարած՝ ավել ժամանակ է պահանջում հավելվածից օգտվելը, սարքն ակտիվացնելը։ Բայց դե այդ ամենին վարժվել է պետք, եթե ուզում ես դրանով հաճախ երթևեկել»։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից ասացին, որ ինքնագլորները, ինչպես հեծանիվները, չեն համարվում տրանսպորտային միջոց։ Jet AM կազմակերպության ներկայացուցիչն էլ նշեց, որ դրանք ամբողջ աշխարհում չեն հաշվառվում որպես տրանսպորտային միջոց։  

Գոռ Մելքոնյանին հարցրինք նաև՝ ինչպես են օգտագործում սամակատները քաղաքացիները: Պատասխանը հետևյալն էր. «Մի քիչ անփույթ են վարվում։ Կարծում ենք, որ պետք է վարելու մշակույթը զարգանա, որ նորմալ օգտագործեն»։  

Այն մարդիկ, որոնք ունեն ինտերնետի հասանելիություն, կարող են ներբեռնել բջջային հավելվածը և օգտվել։ Բայց դրանք հիմնականում նախատեսված են 16-ից բարձր անձանց համար: Ամենակարևորը բանկային քարտի առկայությունն է։ Ինչպես նշում է Գոռ Մելքոնյանը, ենթադրվում է, որ 16 և ցածր տարիք ունեցող երեխաները չեն կարող ունենալ բանկային քարտ և կցել։ Հենց դրանով էլ փորձել են կանխել մինչև 16 տարեկան երեխաների վարելը։

«Կանգառից կանգառ գնալու համար ավելի շահավետ է օգտվել ինքնագլորներից։ Դրանք ավելի քիչ գումար են պահանջում», – ասում է ինքնագլորներ ներկրող   ընկերության ներկայացուցիչը։ Իհարկե, սա այն դեպքում, երբ կանգառից մյուս կանգառ ճանապարհը մեծ հեռավորություն չէ, հակառակ դեպքում ավելի ձեռնտու են երթուղայինները։  

Ամեն դեպքում, սարքերը քաղաքում օգտագործում են հարյուրավոր մարդիկ: Նրանցից շատերի համար դրանք դարձել են տեղից տեղ գնալու ավելի ձեռնտու տարբերակ, շատերն էլ գաղափար անգամ չունեն՝ ինչ են իրենցից ներկայացնում  քաղաքում կանգնած այդ սարքերը:

Օֆելյա Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել