Հասակակիցներս ամեն անգամ զարմանքով էին նայում ինձ, երբ հորական տատիս դիմում էի «Մարուս մամ»-ով։ Հետո ամեն անգամ բացատրում էի, որ մեր ընտանիքում դա ավանդույթ է. ծնողներս և մնացած հարազատներս «մամ»-ով են դիմել նաև պապիկիս մայրիկին, թեև չեմ տեսել նրան, բայց իմ հիշողության մեջ էլ նա պահպանվել է որպես Գուհի մամ։
Տատիկիս հետ ապրել եմ ավելի քան 13 տարի։ Ճիշտ է՝ ամենասիրելի թոռնիկը չեմ եղել, բայց երբեք չեմ նեղվել այդ փաստից, քանզի բոլորիս համար էլ սովորական էր, որ տատիկի սիրելին պետք է լիներ իր ամենամեծ թոռնիկը՝ ավագ տղայի՝ հազարավոր կիլոմետրեր հեռու ապրող աղջիկը։ Մեր մեծ՝ 7 հոգանոց ընտանիքում էլ նրա ամենասիրելին չեմ եղել, այդ պատվին էլ եղբայրս էր արժանացել։ Ինչևէ, բողոքելու փոխարեն ասեմ, որ նրա հետ հաճելի պահերն էլ քիչ չեն եղել։
Տատիկիս՝ ձյան պես ճերմակ վարսերի շնորհիվ հնարավոր էր դառնում հեռվից ճանաչել նրան, բազմության մեջ տարբերվում էր բոլորից, միանգամից նկատելի էր։ Ծնվածս օրվանից տեսել ու զգացել եմ նրա ամբողջությամբ կնճռոտ դեմքն ու ձեռքերը. հեքիաթների տատիկների իսկական տիպար։
Մանկությունս անցել է Մարուս մամի շալակին. ոչ մի անգամ հնարավորությունը բաց չեմ թողել բարձանալու նրա մեջքին և վայելելու տատիկիս հոգատարությունը։ Այսօրվա նման հիշում եմ տատիկիս շալակին լինելու ընթացքում մեզ շրջապատող երեխաների նախանձագին աչքերը։ Այդպես հաճախ ենք գնացել ձնծաղիկ հավաքելու, զբոսնելու կամ էլ երեկոյան կովերին տուն բերելու։
Տարիներ առաջ, երբ գազօջախը գյուղեր չէր հասել, ավանդույթի համաձայն՝ ամեն շաբաթ գյուղը հավաքվում էր մեր տանը՝ փռում հաց թխելու։ Մինչ մեր տուն մտնելն էլ բոլորը հասկանում էին, որ Մարուսը փուռը վառել ու հաց է թխում. թարմ հացի բույրը տարածվում էր ու շատերին մեր տուն կանչում։ Շատերը հացի խմորով լի խոնչաները ուսերին դրած գալիս էին իրենց բաժին հացը թխել-տանելու, շատերն էլ, իմանալով, որ Վալյունց Ժորիկի Մարուսը հաց է թխում, գալիս էին ուտելու ոչխարի պանրով թարմ հաց, թթու և գինի խմելու. սրանք միշտ անպակաս են եղել մեր սեղանից։ Ամեն անգամ, երբ տատիկիս ներկայությամբ բողոքում էի, որ սոված եմ, իսկ տանը ուտելու բան չկա, նա գոհունակությամբ ասում էր՝ ամեն ինչ էլ ունենք՝ թթուն կա, հացը կա, պանիրը կա։ Սակայն պանիրն ու հացը միշտ չէր, որ դժգոհություն էր առաջացնում ինձ մոտ։ Մի անգամ, երբ երեխաներով խաղում էինք պարտեզում, տատիկս ինձ համար բերած մի կտոր պանիր-հացը տվեց ինձ. ես կուշտ էի, անչափ գոհ տատիկիցս ու նրա՝ «մեր տանը ամեն համով բան կա» խոսքերում համոզված։
Մի անգամ մայրս տոլմա էր պատրաստել, բայց աղը կարծես շատ էր արել։ Ինչ արած, այդքան էլ ուրախ չէինք, բայց ստիպված էինք ուտել. հո ամեն օր տոլմա չենք ուտում։ Առավոտյան, երբ երկրորդ անգամ կերանք նույն տոլման, աղի լինելը չզգացինք. աղի չէր, բայց այս անգամ էլ քաղցր էր։ Մտածեցինք՝ երևի շատ եփելուց ինչ-որ գերբնական ուժով աղին փոխակերպվել է քաղցրի։ Հենց այդ ժամանակ էլ պապիկս պատմեց, որ տեսել է, թե ինչպես է տատիկս կռացած ինչ-որ բան բռով լցնում կաթսայի մեջ։ Հասկացանք, որ շաքարավազ է եղել։ Ինչքան էլ տատիկս փորձում էր համոզել, որ ճիշտ չէ, հետո էլ համոզել, որ շատ քիչ է լցրել, այնուամենայնիվ մի բոլ ծիծաղեցինք և մինչև հիմա էլ նույնկերպ ենք արձագանքում, երբ հիշում ենք այդ դեպքի մասին։
Չնայած նրան, որ նշեցի եղբորս հանդեպ տատիկիս սիրո մասին, հիմա էլ պետք է հակադարձեմ ինքս ինձ. ինձնից էլ, քրոջիցս էլ ու անգամ եղբորիցս էլ առավել տատիկս սիրում էր իր կարծիքով աշխարհի ամենալավ փեսային՝ քրոջս ամուսնուն՝ ապագա բժիշկ՝ ամենախելացի, ամենատաղանդավոր, ամենասիրուն, ամենա, ամենա… Իսկ այդ սերը արտահայտվում էր հատկապես ամեն անգամ փեսայի գալու առթիվ աքլոր մորթելով։ Եվ չնայած նրան, որ աքլորները շուտ-շուտ էին լքում հավանոցը, միևնույն է, չգիտես ոնց՝ գտնվում էր մեկը, որը հատուկ փեսայի համար էր։ Սա արդեն չափազանց էր, այս ամենին անգամ եղբայրս էր նախանձում։
Անցել է ավելի քան 6 տարի և եթե անցնի 60 տարի էլ, էլի չեմ մոռանա այն քառյակների շարքը, որը տատիկս արտասանեց, երբ խնդրեցի նրան այդ մասին.
– Ճղյացի տյուռը փոս ա,
Քար կքցեմ, կխոսա։
Ա՜յ, իմ նանե, ազիզ փեսա,
Քյաքյուլդ ետ սանդրած տեսա։
Լյուդմիլա Շիրվանյան
2-րդ կուրս