879 ուսանող օգտվել է եկամտահարկից ուսման վարձավճարը փոխհատուցելու հնարավորությունից

879 ուսանող օգտվել է եկամտահարկից ուսման վարձավճարը փոխհատուցելու հնարավորությունից

889

Առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող եւ միաժամանակ աշխատող ուսանողները շուրջ երկու տարի է՝ կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։Հարկային օրենսգրքում 2020թ․ մարտի 6-ի փոփոխություններով ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով սահմանվել է եկամտային հարկի վերադարձի իրավունք  աշխատող ուսանողների համար: Փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները։ Ընդ որում՝ վարձու աշխատող հանդիսացող ուսանողը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար։

Կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի 1125-N որոշմամբ սահմանվել է «Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը», համաձայն որի մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարը վերադարձվում է՝ տվյալ ուսումնական տարին հաջողությամբ ավարտելու, այսինքն՝ կրթական ծրագրով նախատեսված բոլոր քննությունները հանձնելու դեպքում։ 

Սակայն, ոչ բոլոր աշխատող ուսանողներրը կարող են օգտվել այս հնարավորությունից։ ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի թիվ 1035-Ն  որոշմամբ հաստատվել է այն մասնագիտությունների ցանկը, որոնց վրա տարածվում է եկամտահարկի վերադարձի օրենքը: 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից նշում են, որ այս միջոցառումը միտված է մասնագիտությունների գրավչությունը բարձրացնելուն, և վերոհիշյալ ցանկում ներառված են աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունները:

Նախագծի ընդունումից մինչև 2022թ․ ապրիլի 12-ը, ըստ ՊԵԿ-ի, 879 ուսանող է դիմել՝ ծրագրից օգտվելու համար։ 769 ուսանողի արդեն վերադարձվել է եկամտային հարկի գումարը։

Լուսինե Խաչատրյանը Հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի մագիստրատուրայի արտ-թերապիա բաժնում է սովորում։ Լուսինեն ևս օգտվում է այս ծրագրից։ Մագիստրատուրայի 1-ին կուրսն ավարտելուց հետո նա անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է հարկային մարմին։ Առաջին անգամ նրա դիմումը մերժվել է փաստաթղթերում առկա որոշ խնդիրների պատճառով, իսկ արդեն երկրորդ անգամ՝ հաստատվել։ Ասում է՝ այս ծրագրի շնորհիվ է ուսումը շարունակել մագիստրատուրայում․ վարձավճարն ամբողջությամբ փոխհատուցվել է։ Համալսարաններում այս հնարավորության մասին ուսանողներին չեն տեղեկացնում, իրազեկման աշխատանքներ չեն կատարվում։ Լուսինեն ինքն է Մանկավարժական համալսարանի իր ընկերներին օգնել այս հարցում։

Դիմումից բացի, ուսանողները հարկային մարմին են ներկայացնում բարձրագույն ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը, անձը հատատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը, ուսումնական հաստատության ղեկավարի  տրամադրած տեղեկանքը։

Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Լենա Մուրադյանը նշեց, որ իրենց ֆակուլտետում ևս իրազեկում չեն իրականացրել ծրագրի վերաբերյալ։ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Սևակ Մելքումյանը նույնպես օգտվում է եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումից։ Սևակը ցանկանում էր մագիստրատուրայում ուսումը շարունակել, նախագիծն էլ օգնեց, որ վարձավճարն ամբողջությամբ փոխհատուցվի։

Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ ուսման վարձի փոխհատուցման դիմումներում գերակշռում են «Հատուկ մանկավարժություն», «Կրթական գիտություններ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Վիճակագրություն» մասնագիտությամբ սովորող ուսանողների թիվը։

 Աստղիկ Գևորգյան

 3-կուրս

Կիսվել