«Անմահների ակադեմիա»՝ հրաշապատում ժանրի հայկական վեպ

«Անմահների ակադեմիա»՝ հրաշապատում ժանրի հայկական վեպ

1063

«Փոքր տարիքում հրաշապատում ժանրի գրականություն շատ էի կարդում։ Միշտ մտածում է՝ ինչո՞ւ այս ժանրի հայկական գործեր չունենք։ Ես որպես դեռահաս այդպես էլ չկարդացի հայկական հրաշապատում, փոխարենը սկսեցի գրել «Անմահների ակադեմիան», որը ֆենթզի վեպ է հայկական հրաշքի մասին»,- այսպես 27-ամյա գրող Համլետ Առաքելյանը բնութագրեց «Անմահների ակադեմիան» վեպը գրելու՝ իր գաղափարը:

Հոկտեմբերի 2-ին «Զանգակ» գրատանը կայացած գրքի շնորհանդեսի ժամանակ երիտասարդ գրողը ներկայացրեց իր գրքի հիմնական գաղափարը. «Վեպը բաղկացած է 3 մասից՝ տարակույս, հույս, լույս։ Սովորաբար սկզբում մարդիկ տեղաշարժեր են ունենում իրենց կյանքում, որից ծնվում է հույս, և որի միջոցով մենք գնում ենք դեպի լույս։ Գիրքը յուրաքանչյուր մարդու փորձությունների ճանապարհի արտացոլանքն է»:

Ներկաներից մեկը հարցրեց Համլետ Առաքելյանին, թե որն է իր սիրած հերոսը այս վեպում, որ հերոսին պետք  է ավելի շատ ուշադրություն դարձնել: Նա պատասխանեց. «Ես կուզեի, որ ընթերցողը ուշադիր լինի 2 գլխավոր հերոսների անցած ճանապարհին, թե որտեղ են նրանց սահմաններն առանձնանում և հատվում»։

Հեղինակն ասաց, որ իր ստեղծած կերպարներից ամենից շատ սիրում է չար հերոսներին, իրենց ուժի, անսահմանության համար, ու պարզաբանեց. «Ես փոքր տարիքից շատ եմ սիրել չար կերպարներին։ Մարդիկ ասում են, որ մենք սիրում ենք չար կերպարնեին, որովհետև մենք բարի ենք։ Երևի էդպես է, չգիտեմ»:

Մեզ հետ զրույցում Համլետն ասաց, որ իր գիրքը հասցեագրված է մեծամասամբ դեռահասներին, որոնք գտնվում են հասունացման շրջանում։ Ինքը՝ հեղինակը, գիրքը սկսել է գրել հասունացման շրջանում՝ 17 տարեկանում և ավարտել է, ինչպես ինքը նշեց, երբ արդեն հասունացել է։

«Անմահների ակադեմիան» վեպ-վերադարձ է դեպի մեր արմատները։ Հայկ Նահապետը, Տորք Անգեղը, Ձենով Օհանը գալիս են և գլխավոր հերոսներին՝ Արեգին ու Արային դասեր տալիս, օգնում վերաիմաստավորել իրենց կյանքը։

Գիրքը գրելու այս երկար ճանապարհին հեղինակի ընտանիքի անդամները, ընկերները մշտապես եղել են իր կողքին։ Համլետի հայրը նշեց, որ այդ յոթ տարիների ընթացքում Համլետին գրեթե ոչնչով չեն օգնել, կարևորը միշտ կողքին են եղել, հոգեբանորեն են աջակցել։ Համլետի մտերիմ ընկերներից Լիլիթը մեզ հետ զրույցում նշեց, որ Համլետին ավելի շատ էմոցիոնալ առումով է օգնել ու պատմեց. «Համլետը յոթ տարի ապրել է այս գրքով։ Ինչ-որ շրջան էր լինում, որ ասում էր՝ էլ չեմ կարողանում գրել, հետո պահ էր գալիս, ասում էր՝ նորից պետք է շարունակեմ։ Պահ էր գալիս դադարում էր գրել, հետո շարունակում։ Էս ամբողջ ընթացքում շատ կարևոր էր, որ իր կողքին էինք»։

Գիրքն ունի նաև իր թիզերը՝ փոքրիկ հաղորդագրություն, որը որոշ տեղեկություն է տալիս գրքի բովանդակության մասին։

Նշենք նաև, որ Համլետ Առաքելյանը վեպից բացի գրում է նաև պատմվածքներ, պոեմներ: Նրա պոեմները զետեղվել են “Tantric” գրքում:

Ալյոնա Մուժիկյան

3-րդ կուրս

Կիսվել