«Առանց մշակույթ՝ չոր ու ցամաք ապրել, հնարավոր չէ». Երվանդ Բիչախչյանի

«Առանց մշակույթ՝ չոր ու ցամաք ապրել, հնարավոր չէ». Երվանդ Բիչախչյանի

633

Իր մասին պատմելիս սկսում է սկզբից. «Ծնունդով Արթիկից եմ, Բիչախչյան Երվանդ, գեղանկարիչ։ Ծնվել եմ բանվորի ընտանիքում՝ հայրս խառատ-բանվոր է եղել, իսկ մայրս՝ տնային տնտեսուհի։»

Անկեղծորեն պատմում է, թե ինչպես գծագրություն առարկայից ստանալով անբավարար՝ չընդունվեց ինստիտուտ։ Ծառայությունից հետո միայն ընդունվեց Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան: Այնուհետեւ կրթությունը շարունակեց Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչական բաժնում։

Մեզ հետ զրույցում ասում է, որ դեռեւս փոքր հասակից նկարելու հանդեպ սեր է ունեցել: Վեցերորդ դասարանում ֆիզիկայի դասագրքից դիմանկարներ  էր նկարում ու հասկացավ, որ դա իր մոտ լավ է ստացվում։

Հարցնում եմ, թե որն է արվեստի դերը հասարակության կյանքում։ Մի պատմություն է պատմում. «Չերչիլին պատերազմի տարիներին ցուցակ են ներկայացնում, թե ինչպես են բաշխելու ֆինանսավորումը։ Չերչիլը տեսնում է, որ ցուցակում մշակույթը բացակայում է։ Հարցնում է՝ իսկ ո՞ւր է մշակույթին հատկացվելիք գումարը։ Հասկանու՞մ եք՝ մշակույթը հոգևոր սնունդ է մարդկանց համար։ Առանց մշակույթ՝ չոր ու ցամաք ապրել, հնարավոր չէ»,- ասում է վարպետը։

Սիրում է բնության գրկում ստեղծագործել՝ չնայած բնանկարներ շատ չի նկարում։

Հարցնում եմ, թե ո՞րն է իր արվեստի գլխավոր ասելիքը, ի՞նչ է ուզում իր արվեստով աշխարհում փոխել։ Ինձ տանում է իր նկարած վերջին  նկարի մոտ և ասում, որ կարդամ, թե ինչ է գրված։ Խայտաբղետ գույների, փակցված տարադրամների արանքից կարդում եմ` «Թքեմ քո երեսին անարդար աշխարհ»:

«Այդ անարդարությունն եմ ուզում փոխել։ Ողջ պատմության ընթացքում արդարության բացակայությունը չարիք է եղել մարդկության համար։ Հիմա ամբողջ աշխարհը քաոսի է վերածվել։ Ինչ արդարության, դեմոկրատիայի մասին է խոսքը, երբ մի պետություն մյուսին կարող է ոչնչացնել, այդքան զոհեր պատճառել։ Պատերազմները զուտ փող կուտակելու համար են, մի կողմը կոտորվում է, մյուս կողմը՝ հարստանում»,- ասում է արվեստագետ-նկարիչ Երվանդ Բիչախչյանը։

Այս օրերին Նկարիչների միությունում  ցուցադրվում Է Երվանդ Բիչախչյանի  ստեղծագործությունները։ Աշխատանքներն ընդգրկուն են իրենց թեմատիկայով։ Նրա կոմպոզիցիոն աշխատանքները հակում են դեպի խորհրդապաշտությանը: 

Ժաննա Բեքիրյան

2-րդ կուրս

Կիսվել