ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄ

2139

«Խնդիրը հրատապ է: Մենք ունենք հարևաններ և այդ հարևանների հետ հարաբերությունները էական են: Դրանցում կատարվող փոփոխություններն ու զարգացումները հետաքրքիր են մեզ համար: Այսօր բացի մեդիայից, բացի քաղաքական գործիչներից,  հայ-թուրքական հարաբերություններով հետաքրքրված են նաև հետազոտողները: Եվ սա է այն հիմնական նախադրյալը, որ պարբերաբար կազմակերպվում են երկկողմանի գիտաժողովներ»:

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի տնօրեն Հեղինե Մանասյանը այսպես կարևորեց «Հայաստան-Թուրքիա. Երկխոսության ուղիների որոնում» միջազգային գիտաժողովի դերը՝ հայ-թուրքական խզված կապերը վերականգնելու գործում: Գիտաժողովը, որը կազմակերպվել էր «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի կողմից(CRRC Armenia) և տեղի էր ունենում «Աջակցություն Հայաստան-Թուքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում, մայիսի 18-19-ին անցկացվում էր ԵՊՀ-ում: Գիտաժողովին ներկա էին շուրջ 40 մասնակիցներ Հայաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից և Եվրոպայից:

Հեղինե Մանասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարևան պետությունից մասնակիցները մեծ դժվարությամբ են համաձայնում մասնակցել նմանատիպ միջոցառումների: Կազմակերպիչները նշեցին, որ գիտաժողովի հիմնական նպատակն է ստեղծել հարթակ Հայաստանի և Թուրքիայի հետազոտողների, տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագետների, ուսանողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և պետական հատվածի միջև: Գիտաժողովի ընթացքում բանախոսները ոչ միայն ներկայացնում էին փաստեր և խնդրի լուծման ուղիներ, այլ նաև կիսվում էին սեփական փորձով:

Նիլ Դելահայեն, ով ազգությամբ թուրք է և մի քանի տարի շարունակ Ստամբուլում զբաղվել է կապոեիրա մարտարվեստով, պատմեց մի հայի հետ ունեցած իր զրույցի մասին. «Երբ մենք զրուցում էինք մի խումբ հայերի հետ, նրանցից մեկը ասաց, որ ցանկանում է սպանել բոլոր թուրքերին: Ես հարցրի, թե նա ինձ էլ է ուզում սպանել, չէ՞  որ ես էլ եմ թուրք, նա պատասխանեց՝ ո՛չ, հարցրի իսկ իմ ընտանիքին, ընկերներիս, նա կրկին ոչ պատասխանեց և ասաց, որ ես անգամ թուրքի էլ նման չեմ, որ ես ագրեսիվ չեմ: Չգիտես ինչու ես դա որպես հաճոյախոսություն ընդունեցի»:

Էլենի Դիքերը «ԲոՄոՎու» հասարակական կազմակերպության համահիմնադիրն է: Այս ՀԿ-ն նվիրված է մարմնի շարժումների միջոցով սոցիալական հզորացմանը: Էլենին, ով նախաձեռնել է «Հաշտեցման խաղեր Հարավային Կովկասում» ծրագիրը պատմեց, թե թուրք երեխաները ինչ վերաբերմունք ունեն հարևան պետության իրենց հասակակիցների նկատմամբ. «Այս ծրագիրը ներառում է ազգային խաղեր, որոնք մենք խաղում ենք հիմնականում սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաների հետ: Խաղի ավարտից հետո երեխաները մեզ հետ կիսվում են իրենց հույզերով ու հետաքրքիր մտքերով: Մի այդպիսի խաղից հետո, երբ մենք հարցրինք, թե երեխաները կցանկանան նույն խաղերը խաղալ հայ երեխաների հետ, մի քանիսը պատասխանեցին՝ ո՛չ, հայերի հետ կխաղան միայն նրանց իսլամացնելուց հետո: Մի քանիսն էլ պատասխանեցին, որ կխաղան, չէ՞  որ նրանք էլ են երեխաներ»:

Դահլիճում ներկա հյուրերը հետաքրքրվեցին, թե որտեղից են այդպիսի պատկերացումներ արմատավորվել երեխաների մոտ այդքան վաղ տարիքում: Էլենին պատասխանեց. «Եթե կան փակ սահմաններ, ապա դրանք ստիպում են ծնողներին, որ նրանք խոսեն իրենց երեխաների հետ այդ թեմայով և ասեն, որ չի կարելի մոտենալ այդ սահմանին, քանի որ սահմանից այն կողմ թշնամին է»:

Էլենի Դիքերը հույս հայտնեց, որ մի օր 2 պետությունների միջև բանակցությունները կհասնեն այնպիսի մակարդակի, որ կբացվեն սահմանները, և երեխաները միասին կխաղան: Բանախոսներից Նիկալի Մայքլ Չիակիոն, ով ներկայումս հետազոտող է աշխատում Խաղաղարարների դաշինքում, ասաց, որ հայերն ու թուրքերը միմյանց հետ երկար տարիներ ապրել են նույն տարածաշրջանում, ունեն շատ նմանատիպ ծեսեր ու ավանդույթներ, անգամ ուտելիքներն են նման, և այս հանգամանքում երկու ազգերը չեն կարող չազդել իրար վրա, և չի կարող շարունակվել փակ սահմանների քաղաքականությունը:

Տարածաշրջանային վերլուծաբան Ալին Օզինյանը իր ելույթում ասաց, որ այսօր բացի հասարակական կազմակերպություններից ուրիշ ոչ ոք չի զբաղվում հայ-թուրքական խնդրի կարգավորմամբ. «Կար ժամանակ, երբ ֆուտբոլային քաղաքականությունը, երկկողմանի այցերը կարծես բերում էին սահմանների բացմանը, բայց դա տեղի չունեցավ, և այսօր ոչինչ չկա, և մենք ՀԿ-ներս փորձում ենք այսպիսի քայլերով ինչ-որ բանի հասնել»:

Հեղինե Մանասյանն ասաց, որ չնայած կազմակերպիչները մեծ դժվարությամբ են կազմակերպում նմանատիպ գիտաժողովներ, բայց ապագայում սրանք շարունակություն կունենան, և կկազմակերպվեն նաև Թուրքիայում:

 

Լիանա Եղիազարյան

2-րդ կուրս

Կիսվել