Սերոբ Խաչատրյան․ Ցանկացած ռեֆորմ կայանում է, երբ դառնում է համակարգ

Սերոբ Խաչատրյան․ Ցանկացած ռեֆորմ կայանում է, երբ դառնում է համակարգ

607

Հայաստանում կրթական համակարգի ներառականության ապահովումն այսօր ոլորտի կարևորագույն խնդիրներից է համարվում: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում նախատեսվում է ներդնել համընդհանուր ներառական կրթության համակարգ: Գործընթացի իրականացման և արդյունավետության մասին զրուցել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ:

-Ո՞րն է համընդհանուր ներառականացման նպատակը, և որքանո՞վ են դպրոցն ու հասարակությունը պատրաստ դրան։

Համընդհանուր ներառականացման նպատակը հասարակության բոլոր անդամներին լիարժեք կրթություն ստանալու հնարավորություն տալն է: Սակայն սա միայն հումանիստական նպատակն է: Ներառականությունը, իրականում, շատ բարդ խնդիր է։ Աշխարհի բազմաթիվ երկրներ, տասնյակ տարիներ, լինելով այս գործընթացում, դեռևս բազմաթիվ խնդիրներ ունեն։ Դրանք առաջանում են, որովհետև հիմնականում հանրակրթական դպրոցի ու ներառական կրթության նպատակներն իրար չեն համապատասխանում։

Օրինակ` դպրոցներում միշտ խրախուսվում են ակադեմիական բարձր գիտելիքները, ուսուցիչները սիրում են լավ սովորող աշակերտներին, սակայն համընդհանուր ներառականության գնալու դեպքում դպրոցի գլխավոր նպատակը չպետք է լինի առավելագույն գիտելիքը։ Անգամ ուսուցիչների պարագայում այսօր գիտելիքների շատ մեծ պաշար է պահանջվում, որի վառ ապացույցը կամավոր ատեստացիան է, որը հնարավորություն է ընձեռում իր առարկայից ավելի շատ գիտելիքներ ունեցող ուսուցչին վճարվել ավելի բարձր։ Եթե ուսուցչին առաջարկեն առարկայական գիտելիքը զարգացնել կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող որևէ երեխայի հետ աշխատել, նա, բնականաբար, կընտրի իր առարկայի թեստերն անգիր անելու ուղին, որովհետև դրա համար է պետությունն իրեն լրացուցիչ գումար տալու։

Մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի հետ աշխատելու դեպքում իրեն ոչ ոք ոչինչ չի տալու, ընդհակառակը` ասելու են՝ իր գործն է, պետք է անի։ Եթե այսօր մեր կրթական համակարգի գլխավոր նպատակը գրագիտությունն է, ուրեմն ներառականությունը հանրակրթական դպրոցներ «խցկելու» կարիք չկա։ Այս ռեֆորմի ձախողման հիմնական պատճառը հենց սա է։ Ինչ վերաբերում է դպրոցին ու հասարակությանը, նրանք ևս դեռ պատրաստ չեն այս ամենին:

-Որո՞նք են ներառման դրական և բացասական կողմերը։

-Դրական է այն, որ, անկախ ամեն ինչից, որոշ երեխաներ ունենում են հաջողություններ, և բացի դա՝ ուսուցիչները ձեռք են բերում որոշակի փորձ։ Սակայն բացասական կողմերը, միանշանակ, ավելի շատ են, որովհետև ներառականացումը դեռևս շատ հեռու է կայացած լինելուց, իսկ ցանկացած ռեֆորմ կայանում է, երբ դառնում է համակարգ։

-Օրենսդրական, նորմատիվային ինչպիսի՞ խնդիրներ եք տեսնում այս գործընթացում։

Հաճախ օրենսդրությամբ շատ ավելի մեծ պահանջներ են դրվում, քան իրական կյանքը կարող է ապահովել: Որպեսզի երեխան կարողանա դպրոց գնալ, այն պետք է ունենա համապատասխան ֆիզիկական պայմաններ` սանհանգույց, վերելակ, թեքահարթակներ և այլն, որոնք, ցավոք, մեծամասամբ բացակայում են։ Այսինքն` շատ հաճախ օրենսդրությամբ սահմանվում են համապատասխան պայմաններ, բայց չեն ապահովվում։ Ճիշտ է՝ նոր օրենքի փոփոխություններով դպրոցներն արդեն ամեն տարի որոշակի բյուջե են ստանալու այդ կարգավորումներն անելու համար, բայց, կարծում եմ, դա էլ բավարար չի լինելու, որ ցանկալի արդյունքն ապահովվի։

-Ներառական կրթության կազմակերպման կարևորագույն օղակը բազմամասնագիտական թիմն է: Արդյոք, չունե՞նք մասնագիտական ռեսուրսների պակաս:

-Այդ իմաստով, իհարկե, դեռ շատ խնդիրներ ունենք։ Ըստ էության` բազմամասնագիտական թիմ այժմ չկա դպրոցներում։ Բազմաթիվ գործառույթներ դպրոցներից փոխանցվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններին: Այս պահին աջակցության թիմերում որակային առումով ևս խնդիրներ ունենք: Բազմաթիվ դպրոցներում, նույնիսկ, հոգեբաններ էլ չկան։ Առկա մասնագետներից շատերն էլ չունեն համապատասխան պատրաստվածություն երեխաների հետ աշխատելու համար։

-Որո՞նք են այն հիմնական խնդիրները/ռիսկերը, որոնց բախվում են դպրոցները: Ինչպե՞ս են դրանք լուծվում:

-Ռիսկերը շատ են։ Ամենամեծ ռիսկն այն է, որ խոշոր քաղաքների մի քանի դպրոցներում մեծ թվով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ են ընդգրկել, իսկ մյուս մասին հնարավորինս փորձում են ուղղորդել այլ դպրոցներ, քանի որ նմանատիպ երեխաներն իրենց մոտ շատ են։ Մեծ ռիսկեր են հանդիսանում նաև այդ երեխաների հետ աշխատելու մեթոդների կիրառումը և ֆինանսական մեծ ներդրումների անհրաժեշտությունը:

-Դպրոցներում (ինչպես և հասարակության մի ստվար հատվածի մոտ) դեռևս շարունակվում է պահպանվել խտրական և կարծրատիպային վերաբերմունք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նկատմամբ: Ի՞նչ եք կարծում՝ ներառականացումը ի զորո՞ւ է կոտրելու այդ քարացած կարծրատիպը:

Կարծում եմ՝ այո՛։ Ժամանակի ընթացքում կփոխվի իրավիճակը։ Սա այն դեպքն է, որ սերնդափոխությունն ի զորու է շատ հարցեր լուծելու։ Այսինքն` կգա մի սերունդ, որի համար արդեն ընդունելի կլինի բոլոր երեխաների սովորական դպրոց հաճախելը: Նրանք, միգուցե, կլինեն ավելի հանդուրժող և ավելի չխտրականցված։ Հասարակական շատ խնդիրներ իրականում լուծվում են հենց սերնդափոխության միջոցով. երբեմն մենք փորձում ենք արհեստականորեն ինչ-որ բաներ արագացնել, բայց, ըստ երևույթին, ժամանակն է ամեն բան կարգավորվում։ Կարծում եմ` այս խնդիրն էլ է այդ շարքին դասվում:

Ասպրամ Համբարձումյան

2-րդ կուրս

Կիսվել