«Շների հայրիկ»-ից՝ «Շների մայրիկ»

«Շների հայրիկ»-ից՝ «Շների մայրիկ»

728

Կենդանիների համաշխարհային օրը նշվում է հոկտեմբերի 4-ին։ Այս օրը նշելու որոշումը կայացվել է 1931 թ. Ֆլորենցիայում (Իտալիա)։

Օրը պատահականորեն ընտրված օր չէ. հոկտեմբերի 4-ը կաթոլիկ եկեղեցու սրբերից մեկի՝ Ֆրանցիսկ Ասսիզեցու հիշատակի օրն է (մահացել է 1226 թ. հոկտեմբերի 4-ին)։

Ֆրանցիսկ Ասսիզեցին համարվել է կենդանիների խնամակալ:

2008 թ. տվյալներով՝ կենդանիների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ անցկացվում են աշխարհի 66 քաղաքներում՝ այդ թվում և Երևանում. Փաստորեն Հայաստանը ևս անմասն չի մնացել։

Բարեբախտաբար Հայաստանում կենդանասերների թիվը գնալով ավելանում է, բայց, ցավոք, դրան զուգահեռ չի պակասում կենդանասպանների թիվը։

Մարդկանց՝ կենդանիների հանդեպ սիրո, օգնելու ցանկության, նրանցից ինչ-որ բան սովորելու մասին զրույց եմ ունեցել կենդանասեր Լիլիթ Աբրահամյանի հետ։

Լիլիթն առաջին մասնագիտությամբ դերասանուհի է։ Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, հետագայում սովորել է Մեդիա ակադեմիայում՝ սպորտային լրագրություն բաժնում։

«Ըստ իս՝ կյանքը շատ բազմաժանր է, և պետք է շատ գույներ օգտագործես և գունավորես կյանքդ»,- ասում է Լիլիթը։  Նա չի սիրում զբաղվել միայն մեկ աշխատանքով և սկսել է զբաղվել նաև անտուն կենդանիներին օգնելով։

Լիլիթի սերը կենդանիների հանդեպ մանկուց է․ դրսևորվել է իրենց բակի կենդանիներին կերակրելով, իսկ հիմա այն դրսևորվում է ավելի բարդ գործերով. նա ստեղծել է Mommy of dogs (Շների մայրիկ) փոքրիկ անկյունը, որտեղ հավաքված են մարդիկ, որոնք սիրում են կենդանիներին։ Լիլիթը հիշում է այն դաժանությունները, որոնք իր աչքի առաջ էին կատարվում, երբ դեռ փոքր էր, իսկ հիմա, երբ արդեն մեծացել է, փորձում է կանխել այդ ամենը։

-Լիլիթ, ինչպե՞ս ստեղծվեց Mommy of dogs-ը։ Ինչո՞վ է պայմանավորված անվան ընտրությունը։

-Ի սկզբանե էջը բացել էի այն կենդանիների (շների) համար, որոնք գտնվում էին իմ խնամքի տակ, բայց հետո՝ ընթացքում, յուրաքանչյուր իմ կողմից օնություն ստացած կենդանու լուսանկարը տեղադրում էի էջում, և այդպես՝ քիչ-քիչ, բայց հստակ քայլերով էջը զարգացավ, դրան զուգահեռ էլ, ցավոք, ավելացավ այն կենդանիների թիվը, որոնք ունեին օգնության կարիք։ Իսկ անվան ընտրությունն ունի շատ հետաքրքիր պատմություն։ Ես հանդիպել էի մի էջի, որի անունը Daddy of dogs էր: Դա պատկանում էր մի գերմանացի տղայի, որը նույնպես կենդանասեր էր։ Նրանից էլ ոգեշնչվել և ստեղծել էի իմ փոքրիկ անկյունը։ Նա նույնիսկ կիսվել էր իր էջում նման բովանդակությամբ․ «Ես գտել եմ Mommy of dogs-ին»։

-Ի՞նչ ես կարծում քո կատարած աշխատանքի օրինակով «լիլիթների» թիվն ավելացե՞լ է։

-Միանշանա՛կ, հենց իմ ընկերական շրջապատում շատ լիլիթներ են ի հայտ եկել, որովհետև այլ բան է, երբ դու խնդրի մասին ընդհանուր առմամբ ես տեղյակ լինում, գիտես, որ կա կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք, բայց մինչև դա քեզ պատկերավոր չեն ներկայացնում, դու խնդրից մի փոքր հեռու ես լինում։

-Ինչպե՞ս ես համագործակցում այլ կենդանասերների կամ այլ կազմակերպությունների հետ։

-Ինքս առաջարկում եմ իմ օգնությունը, ինքս դիմում եմ օգնության խնդրանքով, որովհետև բոլորիս գաղափարը մեկն է՝ օգնել կենդանիներին։ 

-Հնարավո՞ր է՝ հետագայում Mommy of Dogs-ն ունենա իր սեփական գրասենյակը և դառնա կազմակերպություն։ 

-Հնարավոր է այն դեպքում, եթե ես ունենամ կացարան, որովհետև միտք կա ունենալու, իսկ երբ ունենամ կացարան, բնականաբար կարիք կունենամ նաև թիմի, իսկ այդ դեպքում արդեն հնարավոր է, որ դառնանք կազմակերպություն։ Հստակ որևէ բան չեմ կարող ասել։

-Թվում է՝ միայն շների և կատուների հանդեպ է քո սերը դրսևորվում։ Կխոսե՞ս մի փոքր այլ կենդանիների և նրանց նկատմամբ մարդկանց վերաբերմունքի մասին։

-Իրականում միայն նրանց չէ, որ սիրում եմ։ Չնայած որ ամեն բան սկսվել է հենց շներից, բայց շեշտը դրվել է կատուների և շների օգնության վրա, քանի որ այս պահին իմ հնարավորություններն այնքան են, որ կարող եմ միայն նրանց օգնել։ Բայց վերջերս ձիու հետ կապված խնդիրներ կային, որոնց մասին բարձրաձայնեցի հենց ես. ցանկացած կենդանու հանդեպ դաժան վերաբերմունք կբարձաձայնեմ բոլոր հնարավոր ձևերով և կօգնեմ նրանց։ 

-Ո՞րը կլինի Լիլիթի հաղթանակը։

-Երբ մի օր առավոտյան Լիլիթն արթնանա ու հասկանա, որ այս ոլորտում այլևս անելիք չունի, որ այլևս չկան թափառող կենդանիներ, և երբ տվյալ հարցերը կլուծվեն ոչ թե անհատների շնորհիվ, այլ պետական մակարդակով. սա կլինի իմ հաղթանակը։

-Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր անտարբեր են կենդանիների նկատմամբ։

-Մեկ օր պարզապես շփվեք կենդանու հետ, որովհետև երբ շփումը լինի, կհասկանաք, որ իրականում ամենևին էլ անտարբեր չեք. շատ բան ունենք նրանցից սովորելու՝ սիրել, հոգ տանել, անհանգստանալ, սպասել, համբերել … Շատ բաներ կան նրանցից սովորելու։   Սիրե՛ք կենդանիներին։

Էլլեն Աղաջանյան

2-րդ կուրս

Կիսվել