Գրիչի մեկ շարժն էլ ծառայում է հայրենիքին

Գրիչի մեկ շարժն էլ ծառայում է հայրենիքին

669

Շիրակի մարզի Արթիկ շրջանից մի մարդկային սիրտ է գալիս դիպչում, պարուրվում հայրենիքի սրտին ու հետադարձ կապով ետ գնում: Այդ մարդկային սիրտը կրողը Նելլի Իգիթյան է: Նելլին Արթիկից է, ծնվել, մեծացել է Արթիկում: Արթիկից հիշողությունները շատ են, բայց ամենահիշարժանը ամեն օր իրենց դասը «Գետաշեն», «Պատերազմ ենք գնում» երգերով սկսելն է: Հենց այդ երգերն էլ այսօր առիթ հանդիսացան, որ 21 տարեկան Նելլին սիրի հայրենիքը մանկան պես, հայրենիքի ցավը զգա հարազատի պես ու հայրենիքի ցանկացած պայքար հաղթանակ համարի:

2015 թվականից Նելլին գրում է բանաստեղծություններ, թեման միշտ հայրենիքն է: 2016 թվականի ապրիլյան պատերազմը չկագնեցրեց աղջկա գրչի շարժը: Նա էլ ավելի շատ գրեց՝ այդ կերպ պայքարելով հայրենիքի հաղթանակի համար: Գրելու արվեստը կատարելագործելու համար ընդունվեց Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Չորրորդ կուրսի ուսանողուհու ձեռագիրը լիովին փոխվեց արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ: Ձեռագիրը արդեն գրում է ավելի հստակ՝ ընդգծելով մեր ժամանակի հերոսների կյանքը: Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ նահատակված տղաների մասին սկսեց գրել «Ճանաչենք մեր հերոսներին» հեղինակային ակնարկների շարքը: Շարքի նպատակը մեկն է, որ մեր հերոսների մասին բոլորը իմանան:

Նելլիի ամենասիրելի բանաստեղծությունը Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտն» է: Այդ բանաստեղծության մեջ հայի ապրած ամեն օրն է տեսնում, խաղաղ ապրելու տենչն ու խաղաղություն նվաճելու ձգտումը: Եթե Նելլին հարցնենք` որտեղ ամենաշատը կցանկանար ապրել, կտեսնենք, որ մի պահ այդ շագանակագույն աչքերին փայլ կգա, ու կասի ՝«եթե գնալ, միայն Արևմտյան Հայաստան, բայց մի պայմանով՝ ետ գալու»:

Նելլի ընկերները զարմանում են, որ նա այդքան հայրենասեր է, և իր առաջնային նպատակն է ապրել այնպես, որ իր ամեն քայլով հայրենիքը ծաղկի: Իսկ նա զարմանում է միայն մեկ բանի վրա՝ ինչպես կարելի է լինել հայ ու չլինել հայրենասեր:

Հայրենիքի հանդեպ սերը արտահայտում է նաև ասմունքելով: Հայրենիքի մասին իր գրած բանաստեղծությունները կարող է արտասանել, այն գրել, ավարտելուց անմիջապես հետո, իսկ հայ մեծանուն գրողների բանաստեղծությունները ասմունքելու համար բավական երկար է պատրաստվում: Պատճառը մեկն է՝ պետք է ըմբռնի ամեն բառը, տառը, անգամ կետադրական նշանները: Հիշում է, որ ամենաերկարը պատրաստվել է Գ.Էմինի «Երգ կռունկի մասին» բանաստեղծությունը արտասանելուն, որովհետև շատ զգացմունքային ստեղծագործություն է իր համար։ Նելլին նշում է. «Բանաստեղծության մեջ ձայնիս միախառնվում է հպարտությունը, սերը, վախը, ամեն բան, ու այդ ամենը հենց այն շարժիչ ուժն է, որով փոխանցում եմ զգացածս»։

Իր ամենամոտ ընկերներուհինները` Արփինեն ու Մարիամը նշում են, որ Նելլին իրենց ճանաչած ամենահայրենասեր, բարի ու ընկերասեր մարդն է: Նրա կյանքի ուղենիշը Նժդեհի թևավոր խոսքն է. «Ապրի՛ր այնպես, որ թե՛ կյանքդ, թե՛ մահդ անգամ ծառայի հայրենիքին»։ Նելլին հաստատ գիտի՝ ապրելու է այնպես, որ իր ապրած ցանկացած օր, ժամ ու վայրկյան ծառայի հայրենիքի բարորությանը. մնացացն իր համար անցողիկ են, հայրենիքը՝ մնայուն:

Ստեֆանի Օհանջանյան

4-րդ կուրս

Կիսվել