Զրույց «Awesome Nature Armenia» ՀԿ-ի հոգաբարձու Անդրանիկ Աբրահամյանի հետ

Զրույց «Awesome Nature Armenia» ՀԿ-ի հոգաբարձու Անդրանիկ Աբրահամյանի հետ

302

Awesome Nature Armenia ՀԿ-ն շարունակում է կյանքի կոչել իր նոր և շատ կարևոր նախագծերը:  Awesome Nature Armenia ՀԿ-ի հոգաբարձու Անդրանիկ Աբրահամյանը պատմում է նորաստեղծ ֆոնդի տեսլականի, իր սկզբունքների և լիդերության մասին պատկերացումների մասին։

Եթե գնահատելու լինենք 1-10 բալային սանդղակով, որքա՞ն երջանիկ եք Դուք հենց հիմա և ինչու՞։

-Միանշանակ՝ 10։ Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ ունեմ իմ սիրելի աշխատանքը, պահպանում եմ բնությունը, զբաղվում եմ հասարակական գործունեությամբ: Աշխատում եմ իմ համայնքի համար՝ փորձելով օգտակար լինել Վայոց ձորի զարգացմանը: Իհարկե, երջանկությանս նպաստում են նաև անձնական կյանքում ունեցած հաջողությունները։

Ձեր կարծիքով, որո՞նք են այն կարևոր արժեքները, որ պետք է յուրաքանչյուր լիդեր ունենա։

-Առաջին արժեքը անկեղծությունն է սեփական անձի, թիմի ու գործի նկատմամբ։ Երկրորդը՝ հավատարմությունն է սեփական ուղու, արժեքների, թիմի և այն մարդկանց հանդեպ, ովքեր նրան վստահում են, երրորդը՝ պատասխանատվությունը։ Եթե լիդերը կարողանում է պատասխանատու լինել այն ամենի համար, ինչ նա պետք է անի իր գործունեության շրջանակում, ապա նույն կերպ նա կարող է պատասխանատվություն պահանջել թիմի մնացած անդամներից։ Լիդերի ցուցաբերած բարձր պատասխանատվությունը թիմի անդամներին թույլ է տալիս, որպեսզի նրանք այդ պատասխանատվության աստիճանը դիտարկեն որպես չափանիշ։

Կհիշե՞ք մի դեպք, երբ այդ արժեքները օգնել են Ձեզ հաղթահարել ինչոր դժվարին իրավիճակ։

-2017 թվականին, երբ «Հանուն Բնության Զարգացման» շարժման մասնակից էի, մեր հասցեին տարբեր մեղադրանքներին էին հնչում, սակայն մենք ի սկզբանե անկեղծ էինք մեր նպատակների, թիմակիցների և հանրության առաջ ու մինչև վերջ անկեղծ եղանք բոլորի հանդեպ՝ հավատարիմ մնալով այն ուղուն, որը վերցրել էինք, ինչպես նաև թիմի յուրաքանչյուր անդամ պատասխանատու էր մյուսների նկատմամբ։ Նույն կերպ մեր կազմակերպության գործունեության շրջանակում, երբ համայնքի երիտասարդները ինձ վստահում են, օրինակ, միջոցառման կազմակերպումը, ես հավասարապես աշխատում եմ նրանց հետ, իսկ նրանք զգում են, թե ինչ պատասխանատվությամբ ու սիրով եմ մոտենում այդ գործին, և ահա, սկսում են իմ պատասխանատվության օրինակով շարժվել։

Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Ձեր մեծագույն ներդրումն այս հիմնադրամի հաջողության գործում։

-Իմ և ամբողջ թիմի մեծագույն ներդրումը մեր նվիրված աշխատանքն է, որովհետև իմ աշխատանքը արդյունք չէր ունենա, եթե թիմը նույն նվիրվածությամբ չաշխատեր։ Ես իմ ողջ ջանքերն եմ ներդրել, որպեսզի մենք կարողանանք այս մեծ գաղափարը իրականություն դարձնենլ, որը ոչ միայն մերն է, այլ արդեն նաև  մեր շուրջը համախմբված երիտասարդներինը:

Ո՞րն է կատարելությանը ձգտելու Ձեր մոտիվացիան:

-Դեռևս փոքր հասակից իդեալիզմի ձգտելու բնավորության գիծ ունեմ։ Ես միշտ ձգտել եմ կատարելության՝ շտկելով ամեն ինչ, որն արտացոլվում է իմ աշխատանքներում։ Յուրաքանչյուր աշխատանք կատարելիս փորձում եմ նվազեցնել բոլոր ռիսկերը, որ ամբողջական արդյունքը լինի կատարյալ: Բայց գուցե այդքանից հետո էլի արդյունքը չգոհացնի ինձ, որովհետև ինքս ինձ քննադատորեն եմ մոտենում՝ ավելի ճիշտ, ավելի կատարյալ, ավելի հղկված, ավելի բարձր արդյունք ստանալու համար։

Մեծերից մեկն ասել է, որ առողջ քննադատությունը կառուցողական դեր է խաղում։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը։          

-Շատ դրական, մեր թիմի ներսում հորիզոնական կառավարում է։ Իհարկե կան «պաշտոններ» և աշխատանքի բաժանում, սակայն գործի ժամանակ բոլորս հավասար ենք, և բոլորիս կարծիքն ու առողջ քննադատությունը կարևոր է մեր մտահաղացումներին և նախագծերին հասնելու համար։

-Ո՞րն է Ձեր անձնական վերջնանպատակը, և արդյոք ունեք նախանշված ճանապարհային քարտեզ դրան հասնելու համար։

-Իմ կյանքի նպատակը կփորձեմ ձևակերպել մայրիկիս խոսքով, ով միշտ ասում է, որ անկախ պաշտոնից և մասնագիտությունից պետք է մարդ լինել։ Լինել մարդ-արժեք՝ շրջապատի, մտերիմների, ընտանիքի, պետության և Երկիր մոլորակի հանդեպ։ Նպատակս անձնական պատասխանատվությունն է իմ սիրելիների և ինձ շրջապատող աշխարհի հանդեպ, միշտ լինել այն մարդը, ով ապրում է այս արժեքներով և փորձում է իր գործունեությունն իրականացնել այդ արժեքներին համապատասխան։

Սիրուշ Վարդանյան

4-րդ կուրս

Կիսվել