Հետպատերազմյան շրջանի հոգեբանական կողմը․ մաս երկրորդ

Հետպատերազմյան շրջանի հոգեբանական կողմը․ մաս երկրորդ

303

Հասարակական հնչեղություն ունեցող խոշորամասշտաբ փոփոխությունների շարքին է դասվում պատերազմը, որն ամբողջովին խաթարում է ցանկացած հասարակության հոգեբանական ու բարոյական դիմագիծը, պատճառ է դառնում արժեքային համակարգի ճգնաժամի, հոգեկան խռովքի, սթրեսների, ներքին ու արտաքին կոնֆլիկտների, տարաբնույթ ասոցիալ, անոմիկ վարքաձևերի և տրամադրությունների առաջացման ու դրսևորման: Հասարակական համակեցության ձևերի և անձի արժեհամակարգի վրա իր հետքն է թողնում ոչ միայն պատերազմական բուն գործողությունների ընթացքն, այլև՝ հետպատերազմյան բարդ ժամանակաշրջանը, երբ հասարակության անդամների շրջանում փոխվում է անձնային արժեքների և գնահատումների համակարգը: Հետապատերազմյա շրջանում տեղեկատվական դաշտի վերլուծությունը, հատկապես հոգեբանական առումով, ավելի  ճշգրիտ և մանրամասն է դառնում, երբ անդրադառնում ես հերոսներին` նրանց հերաքրքիր և հերոսական պատմություններին, խոսում այս ամենի միջով անցած անձանց հետ։ Այս անգամ մեր պատմության հերոսը Լեռնիկն է։ Նա Գագարին գյուղից էր, 9-ամյա կրթությունն ստացել էր տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետեւ ուսումը շարունակել Հրազդանի պետական բժշկական ուսումնարանում։ Բժշկության հանդեպ սերը նրան մղում էր ավելի լավ մասնագետ դառնալ, սակայն նրա ծրագրերն ու նպատակները կիսատ մնացին։ Լեռնիկի մասին հետաքրքիր դրվագներով կիսվեց նրա քույրը ՝Մերին․

«Բավականին հանգիստ և հանդուրժող բնավորություն ուներ։ Միշտ ուրախ էր, ժպտերես, կենսախինդ, բայց և շատ թախծոտ աչքեր ուներ: Երբեք խռով չէր մնում: Դեռ մանկուց Լեռնոն աչքի էր ընկնում իր չափազանց զուսպ ու համեստ բնավորությամբ։ Նա եղել է իմ գեղեցիկ մանկության անբաժանելի մասը։ Մանկությանս գրեթե բոլոր հուշերը կապված են իր հետ։ Երբեք չեմ մոռանա իր ժպիտն ու տված խորհուրդները։ Ինչքան էլ տխուր կամ մտահոգ էի լինում, երբ զրուցում էի հետը, իր մի ժպիտը կամ տված խորհուրդը բավական էր ինձ, որպեսզի ամենածանր թվացող խնդիրները դառնային թեթև և լուծելի։ 2020 թվականի հունվարի 22-ին Լեռնիկը զորակոչվեց բանակ։ Երբեք չեմ մոռանա այդ օրը, թե ինչպես եկավ ու ասաց, որ իր ժամանակը եկել է, ու պետք է գնա հայրենիքի պարտքը կատարելու։ Կողքիս կանգնած էր, բայց արդեն սկսել էի կարոտել։ Տխուր էի, քանի որ գիտակցում էի, որ ամեն օր չեմ կարող վայելել իր ներկայությունը։ Տխուր էի, բայց միևնույն ժամանակ չափազանց հպարտ, քանի որ զինվոր եղբայր ունեի։ Լեռնիկի բանակ զորակոչվելուց ամիսներ էր անցել, կիրակի առավոտ էր, ընտանիքիս բոլոր անդամները տանն էին։ Հայրիկիս զանգ եկավ, զանգին պատասխանեց և առանց որևէ բան ասելու տանից դուրս եկավ։ Ակնհայտ էր, որ ինչ-որ վատ բան է պատահել։ Բոլորս սկսեցինք չափազանց անհանգստանալ։ Այդ սառը և լարված պահին ականջիս հասավ հեռուստացույցի ձայնը, հաղորդում էին, որ առավոտյան 07:10-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել շփման գծի ողջ երկայնքով…»:

Մեր հերոսի մասին խոսելիս՝ Մերիի հետ անդրադարձանք նաև մեդիայի ունեցած ազդեցությանը թե՛ պատերազմական և թե՛ հետպատերազմական շրջանում։

«Բոլորիս մտքում նա էր՝ Լեռոն. դեռ չէր զանգել։ Ընտանիքիս անդամները իրենց կորցրել էին նման լուր լսելուց հետո, բոլորս գիտակցում էինք, որ պատերազմ է սկսվել։ Փորձում էինք հնարավորինս ամեն տեղից շատ բան իմանալ։ Մեդիան ողողված էր տարբեր նորություններով, կարծիքներով ու հոդվածներով։ Դա այն եզակի դեպքերից էր, որ մեդիան ոչ թե օգուտ, այլ ավելի շատ վնաս էր հասցնում հատկապես մարդու հոգեկան առողջությանը։ Սեպտեմբերի 29-ին մենք վերջին անգամ լսեցինք նրա ձայնը, զանգահարել էր տուն՝ համոզելու, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Քանի որ մեդիան ողողված էր ապատեղեկատվություններով, գիտակցում էինք, որ այդ տեղեկությունների մի մասը կեղծ է, բայց և մյուս մասը`ճշմարիտ։ Չգիտեինք՝ որին հավատալ, որին՝ ոչ։ Այդ ընթացքում մեդիան ավելի շատ առաջացնում էր հոգեկան տագնապ և իր տված տեղեկություններով վախ էր ներշնչում։

Պատերազմի ավարտով մեր մեջ էլ շատ կարևոր ու էական բաներ կիսատ կամ անավարտ մնացին։ Բայց կան աշխատանքներ, որ էլ ավելի զգոնություն և ուշադրություն են պահանջում։ Մեդիայի տված տագնապալից տեղեկությունները մեզ դեռ երկար ժամանակ լարված իրավիճակի մեջ էին պահում, սթափ դատել չէինք կարողանում։

Մենք հայրենիքին տվեցինք իսկական հերոս, որը մեզ թույլ է տալիս լցվել հպարտությամբ և վստահ քայլել դեպի ապագա»։

Օֆելյա Հովհաննիսյան

4-րդ կուրս

Կիսվել