Հետպատերազմյան շրջանի հոգեբանական կողմը. մաս երրորդ

Հետպատերազմյան շրջանի հոգեբանական կողմը. մաս երրորդ

389

Այս անգամ մեր պատմության հերոսը 44-օրյա պատերազմում քաջաբար զոհված Հովիկ Վերանյանն է։ Հովիկը ծնվել է 2001 թվականի հուլիսի 13-ին։ Գագարին գյուղի խիզախ հայորդին, ավարտելով 9-րդ դասարանը, ընդունվել է քաղաք Սևանի բազմագործառության պետական քոլեջ, ծրագրավորման բաժին։ Դեռ 6 ամիս կար, որպեսզի ավարտեր քոլեջը, սակայն 2019 թվականի դեկտեմբերի 16-ին զորակոչվեց բանակ։ Կռվի ժամանակ եղել է Հադրութում։ Հոկտեմբերի 21-ին Դրախտիկ գյուղից տեղափոխվելու ճանապարհին թշնամին հարձակվել է և սկսել իրենց ուղղությամբ կրակել։ Դիմացից ընթացող երկու մեքենաները հաղթահարել են շրջափակումը ու առաջ անցել, իսկ այն մեքենան, որի մեջ Հովիկն է եղել, չի կարողացել դուրս գալ շրջափակումից։ Մեքենայի մեջ եղել է 5 հոգի։ Բոլորն էլ զոհվել են։ Հովիկի մասին վառ հիշողություններով կիսվեց քույրը՝ Նաիրան․

-Հովիս մասին հաճելի, բայց շատ դժվար է խոսելը, կմտածեք դե քույրն է, պետք է գովի, բայց նրա շրջապատի մարդիկ նույնպես կնշեն, որ Հովս բարի, հոգատար, ազնիվ և պարզ ու մաքուր անձնավորություն է եղել։ Ծառայությունը լավ բան է, մենք դա գիտակցում ենք, դու գնում ես քո ընտանիքի անդամներին և երկիրը պաշտպանելու, բայց Հովիս նման շատ տղաների կյանքը ընդհատվեց այդ ծառայության պատճառով։ Հայրենիք պահելը մեծ պատիվ է, բայց ծնողին չես կարողանա համոզել, որ հողը իր որդուց թանկ է։ Երբ պատերազմը սկսվեց, մի քանի օր անընդմեջ բոլորը խոսում էին այն մասին, որ իրենց տղան չի զանգել և տեղեկություն չունեն։ Մեր դեպքում այդպես չէր, Հովս օրը երկու անգամ պարտադիր զանգում էր, մեզ ստել էր, թե իբր ինչ-որ պապիկի տանն են` ընկերների հետ, ամեն բան կարգին է, խաղաղ իրենց մոտ։ Վերջին անգամ, երբ հետը խոսում էի, հարցրի ի՞նչ ես անում, պատասխանեց «ծիտ» եմ կրակում (հակառակորդի մասին է խոսքը), պահը բաց չթողեց ու կատակեց։ Հովիս հոկտեմբերի 21-ին տեղափոխեցին, այդ օրից կապը ընդհատվեց, մեր հանգստությունը` նույնպես։ Առաջին օրը զանգահարեցին և ասացին, որ Հովս զոհվել է, հետո` ուսից վիրավոր է, գերի է ընկել, և շատ այլ նման բաներ։ Ավելի քանի 3 ամիս, 80 օր մենք փնտրել ենք Հովիկին։ Ցավով պետք է նշեմ, բայց չկար մի դիահերձարան, որտեղ մեր հայրը չէր գնացել։ Մեզ մնում էր մի բան՝ գոնե աճյունը գտնենք։ Հովիս ծառայակից ընկերներն են պատմում, թե ինչպես է կռվել, չի վախեցել։ Մեծ ցանկություն կա գնալու Աշտարակի N զորամաս (ծառայության առաջին 6 ամիսը Հովիկը այնտեղ է անցկացրել, հետո նոր տեղափոխվել Հադրութ), քանի որ Հովիս ծառայակից ընկերների պատմելով, իր անունով այնտեղ մի ծառ է տնկել և չի թողել ոչ ոք խնամի, ինքն է ջրել, խնամել, պետք է գնանք, որ տեսնենեք այդ ծառը։

Նաիրայի հետ խոսել ենք նաև պատերազմի ընթացքում մեդիայի դրական և բացասական ազդեցությունների մասին:

-Նախ ասեմ, որ պատերազմը սոցիալհոգեբանական առումով շատ ծանր ու բարդ երևույթ է, որի իրական հետևանքները մենք այդ պահին չենք զգում: Ամեն մեկի մոտ տարբեր է` մեկը որդի է կորցրել, մյուսը հայր, տուն, գյուղ և այլն։ Ամեն մեկի մոտ տարբեր ձև է արտահայտվում։ Պատերազմի նման ավարտի անսպասելիությունը մեզ ավելի շատ ճնշեց։ Ավարտը անհավանական էր, անընդունելի։ Պատերազմի ժամանակ իմ համար շոկային էր այն, որ մեդիայում չկար վերահսկողություն։ Շատերը հենց սահմանից կադրեր, վիդեոներ էին հրապարակում, հաջորդ օրը լսում էինք, որ տվյալ վայրը էլ չկա, դա անընդունելի էր ինձ համար։ Պատերազմական իրավիճակում վերահսկողությունը դեպի սոցիալական կայքեր էլ ավելի պիտի մեծանա։ Երբ եղբորս փնտրում էինք, մի տեսանյութ տարածվեց համացանցում, թե ինչպես են տղաները շրջափակումից դուրս գալիս, տղաներից մեկը Հովիկին շատ նման էր։ Ամբողջ մեդիան այդ տեսանյութով էր ողողված, փորձում էինք փնտրել, բայց մեր ուրախությունը երկար չտևեց, տեսանյութում եղբայրս չէր։ Գիտակցում ենք, որ մեդիայի նշանակությունը շատ մեծ է, օգնեց այն առումով, որ տեղեկացված էինք լինում, թե որտեղ ի՞նչ է կատարվում։ Այդ օրերին մարդիկ չէին գիտակցում՝ որ կայքին հետևեն, որին՝ ոչ, լուրը հավաստի է, թե` կեղծ։ Խառնաշփոթ էր, վերահսկողությունը կամ շատ թույլ էր, կամ ընդհանրապես չկար։

Նաիրայի խոսքով՝ մեդիայի թողած հետքերը ամենակպչունն են, ամեն անգամ հիշելիս մարմնով սարսուռ է անցնում․

-Մեդիայի շնորհիվ այդ օրերին տեսել եմ այնպիսի տեսանյութեր, որոնք, վստահ եմ, եթե նման իրավիճակ չլիներ, երբեք չէի նայելու։ Ես արդեն չէի հասկանում՝ ինչ եմ նայում, անշնչացած մարմինները թշնամու ձեռքին դարձել էին խաղալիք, և նրանք այդպես փորձում էին ճնշել մեզ։ Պատերազմական իրավիճակում, երբ հոգեպես սպառված ես, նման նյութերը էլ ավելի են խոցում։ Իսկ ներկա իրավիճակը ոչ մի տեսանկյունից գնահատել չեմ կարող։ Հիմա ամեն մի իրադարձությունից արդեն տագնապում ենք, վախենում։ Մի բան հստակ կասեմ. մենք առաջվանը չենք թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ Պատերազմից սովորաբար մարդիկ դասեր են քաղում, բայց մենք մեր ներսը չենք փոխում, իսկ մեդիան իր աշխատանքում նույն սխալները շարունակում է կրկնել:

Օֆելյա Հովհաննիսյան

4-րդ կուրս

Կիսվել