Հետպատերազմյան շրջանի հոգեբանական կողմը․ մաս չորրորդ

Հետպատերազմյան շրջանի հոգեբանական կողմը․ մաս չորրորդ

278

Գեղեցիկ, միևնույն ժամանակ շատ դիպուկ է ասել Գարեգին Նժդեհը. «Պատերազմի՛ր այնպես, որ չամաչես տարածդ հաղթանակից»։Արցախյան երկրորդ պատերազմում շատ հերոսներ, թողնելով իրենց տունը, ընտանիքը, շտապեցին մարտի դաշտ։ Այդպիսինն էր նաև լեյտենատ Մասիս Արթուրի Հարութունյանը։ Մասիսը ծնվել էր 1996 թվակականի հունվարի 1-ին Արմավիրի մարզի Միասնիկյան գյուղում։ Այցելել էր տեղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Ավարտելով համալսարանը՝ Մասիսը ծառայության էր անցել Մարտունիում։ Պատերազմը սկսվելուն պես` տագնապով բարձրացել էր դիրքեր, 27 օր աննահանջ մարտնչել  հակառակորդի դեմ։ Մարտունու մոտակայքում իր վաշտով դուրս էր մղել թշնամու 150 հոգանոց դիվերսիոն խմբին, վիրավորվել էր, բայց չէր լքել մարտական դիրքը։ Զոհվել էր անօդաչու թռչող սարքի հարվածից Վարանդայի ճակատ մեկնելիս։ Մասիսի մասին պատմեց իր կինը՝ Մարին․

-Մասիսը ինձ համար տղամարդու իդեալ էր։ Գիտակից ու ըմբռնող տեսակ էր, միշտ հասկացել ենք իրար, հավատարիմ ընկեր էր իմ Մասիսը, իմ կեսը։ Շատերն էին ասում, որ օրինակելի ու տարբերվող զույգ ենք։ Իմ ամեն օրը էլի սկսվում է Մասիսով։ Նրանից ինձ թողած ամենամեծ նվերը իմ տղան է՝ Արթուրը։ Ամեն օր, թե՛ ես, թե՛ ընտանիքս, զգում ենք նրա կարիքը։ Ինքս ինձ խոստացել եմ, որ Արթուրիս մեծացնելու եմ Մասիսիս արժանի տղա։ Մեր կյանքի ամենալուսավոր կետը մեր որդու ծնունդն է։ Ես ու Մասիսը շատ էինք սպասում նրան։ Արթուրիս ծնվելու ժամանակ Մասիսը ամբողջ ընթացքում եղել է հիվանդանոցի բակում, անբացատրելի զգացողություն է, երբ տեսնում ես, որ ամուսինդ մի վարկյան հեռու չի գնում պատուհանից և անհագստացած սպասում է, ցավոք, Մասիսը 5 րոպեով տեսավ որդուն, ու դա եղավ նրանց առաջին և վերջին հանդիպումը։ Արթուրս նկարներին նայելով է ասում Պապա…

Դժվար է խոսել կիսատ մնացած կյանքերի ու անավարտ երզանքների մասին։ Նման իրավիճակներում մարդիկ, բնականաբար, ավելի խոցելի են դառնում: Մարիի հետ խոսեցինք նաև պատերազմի ընթացքում և հետո մեդիայի ունեցած ազդեցության մասին.

-Պատերազմի ժամանակ հոգեկան վիճակս ահավոր էր, քանի որ բացի ամուսնուցս, եղբայրս նույնպես մասնակցում էր պատերազմին և կռվում էր մարտի ամենաթեժ վայրերում: Վախի ու տագնապի մթնոլորտում էին անցնում իմ ու ընտանիքիս մյուս անդամների օրերը, լինում էին նաև այնպիսի օրեր, որ ոչ մի լուր չէինք ունենում և, սթրեսային վիճակում գտնվելով, մեկս մյուսի հետ չէինք կարողանում հանգիստ խոսել։ Ես ինքս այդ շրջանում ոչ ոքի հետ չէի կարողանում շփվել։ Մեդիայում տարածվող լուրերից ամենաշատը զայրացել եմ, երբ հրադադարի մասին կեղծ լուրեր էին տարածում: Ինչքան է եղել, նման լուրեր եմ կարդացել, հույսով և հավատով սպասել, ուրախացել, հետո պարզվել է, որ կեղծ է։ Շատերը հորդորում էին կարդալ հավաստի կայքերից, միթե այդ ժամանակ մորը կամ կնոջը կարող ես նման բան համոզել, պետք չէր հորդորել, պարզապես պետք էր վերահսկել այն ամենը, ինչն այդ օրերին կատարվում էր մեդիայում։ Գեղեցիկ պատմությունների ևս հանդիպել եմ տղաների հերոսությունների մասին, որը չնշել չեմ կարող։

Մարիի խոսքով՝ կեղծ կամ ցավը նորից արթնացնող լուրերի արտահոսքը այս պատերազմում անսպառ էր․

-Ես դեռ չեմ համակերպվում կատարվածի հետ, չեմ հավատում, որ այդ ամենը իմ ընտանիքի հետ եղավ, անասելի դժվար է, երբ կորցնում ես սիրածդ էակին, և կիսատ մնալով, պետք է դեռ շարունակես ապրել։ Շատերից եմ լսել, որ ժամանակը կմեղմացնի ցավը, բայց հետպատերազմյան շրջանը շատ ավելի ծանր է ինձ համար։ Երեխաս հարցեր է տալիս, չգիտեմ՝ որ հարցին ինչպես պատասխանեմ: Հուսանք, այս ամենից հետո թե՛ մենք, թե՛ մեդիան կշտկեն իրենց սխալները։

Օֆելյա Հովհաննիսյան

4-րդ կուրս

Կիսվել