Նորաձևությունը՝ շահավետ բիզնես

Նորաձևությունը՝ շահավետ բիզնես

419

Նորաձևության դիզայներն իր գաղափարները մարմնավորում է հագուստի և աքսեսուարների հավաքածուներում։ Նորաձևության աշխարհում տեղ գտնելու համար դիզայները պետք է լինի ստեղծագործ։ Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս նորաձևությունը և հագուստի մոդելավորումը մեծ հետաքրքրություն և բարձր վարկանիշ են վայելում։ Որքանո՞վ է արդյունավետ Հայաստանում ընտրել այս մասնագիտությունը, ի՞նչ հեռանկարներ ունի և ինչպիսի՞ զարգացում։ Նորաձևության աշխարհում իր տեղն է գտել նաև Գոհարը, ով իր փորձով կկիսվի մեզ հետ։

Գոհարը 24 տարեկան է և ունի իր  բդենդը։ Նա «eGOARte» հայկական բրենդի հիմնադիրն է, ով պատմեց այս ոլորտում իր առաջին քայլերի մասին։

«15 տարեկանից մեծ հետաքրքություն եմ ունեցել նորաձևության հանդեպ։ Հենց այս տարիքից սկսել եմ անհատական սովորել հագուստի մոդելավորում։ Դեռ փոքր էի, հիշում եմ, թե ինչպես էին տատիկներս կարում. կարի մեքենան մեր տան անբաժան մասն է եղել»,-պատմում է Գոհարը։

Ութ տարի է, ինչ դիզայները զբաղվում է հագուստի մոդելավորմամբ, սկզբում տանը, ապա՝ իր իսկ նորաձևության սրահում։

«Անկեղծ կասեմ՝ սկզբում այն ինձ համար ուղղակի գումար աշխատելու միջոց էր, հետո հասկացա, որ բոլոր նպատակներս տանում են այդ ուղղությամբ»,-նշում է աղջիկը։

«eGOARte»-ն բացվել է երեք տարի առաջ. այն մեծ երազանք և կյանքի նոր փուլ էր Գոհարի համար։

«Երբ ֆինանսապես ավելի կայուն էի, և տարածքի խնդիրը լուծված էր, անմիջապես բացեցի երկար սպասված սրահը և սկսեցի աշխատել։ Որոշ ժամանակ անց արդեն կազմակերպեցի աշակերտների ընդունելությունը և մեկնարկեցի իմ դասընթացները»,-պատմում է աղջիկը։

Խոսելով դասընթացների մասին՝ նա նշեց, որ սովորեցնում է կարել, ձևել և մշակել տարբեր տեսակի հագուստներ, անցկացնում է ներքնազգեստի մոդելավորման առանձին դասընթացներ։

«Հատուկ օնլայն դասեր եմ պատրաստել նաև այն աղջիկների համար, ովքեր բնակվում են մարզերում և դժվարանում են Երևան հասնել»,-հավելեց Գոհարը։

Այն հարցին, թե ինչպիսի դեր ունի այս մասնագիտությունը իր կյանքում, պատասխանեց՝ «Հագուստի մոդելավորումը դարձել է ինձ համար ապրելակերպ, եթե մի քանի օր չեմ կարում, զգում եմ, որ դրա կարիքը ունեմ։ Ոչ մի մասնագիտության հետ այն չեմ փոխարինի»։

Ծրագրերից է նոր մասնաճյուղերի բացումը, սակայն ավելին պատմել իր նպատակներից չցանկացավ, նշելով, որ դրանց մասին չբարձրաձայնելն է իր հաջողության գաղտնիքը։

«Ինձ մոտիվացնում են աշակերտներիս արդյունքները և այն նպատակները որոնց մասին պատկերացնում եմ»,-ասում է Գոհարը։

Տեսնելով աշխատանքի արդյունքները՝ հասկանում է, որ տարված մեծ աշխատանքը ապարդյուն չէ։ Այն հարցին, թե արդյոք յուրաքանչյուր ոք կարող է սովորել այս մասնագիտությունը, պատասխանեց՝ «Ե’վ այո , և’ ոչ։ Այո, քանի որ բոլորն էլ կարող են սովորել այն հմտությունները որոնք պահանջվում են։ Ոչ, քանի որ ոչ բոլորն են բնավորությամբ համբերատար և չշտապող, այս մասնագիտությունը հանգստության մասին է»։

Ինչպես բոլոր մասնագիտություններում, այստեղ ևս, լավագույնը լինելու համար պետք է շատ սիրես գործդ։ Չնայած նրան, որ Հայաստանում շատ են նորաձևության սրահները, այս ոլորտում պահանջարկը շատ մեծ է։

«Չեմ պատկերացնում, որ գա մի օր ու մեր մասնագիտությունը չունենա պահանջարկ»,-հավելեց նա։

Այն հարցին, թե արդյո՞ք այս աշխատանքով կարելի է բավարարել բոլոր կարիքները և դարձնել այն հիմնական աշխատանք, նա պատասխանեց՝ «Վստահ կարող եմ ասել՝ ամենալավ մասնագիտությունն է ֆինանսական առումով։ Միշտ աշակերտներիս ասում եմ՝ որքան էլ սիրեք ձեր մասնագիտությունը, չմոռանաք ֆինանսական կողմի մասին։ Այս առումով ևս մասնագիտությունս մտածված եմ ընտրել»։

Գոհարի կարծիքով՝ ընտանեկան կյանքի հետ հեշտ համատեղելի մասնագիտություն է։

Վերջում խոսելով մասնագիտության հեռանկարների մասին, հավելեց. «Եթե խոսեի Հայաստանում մասնագիտության հեռանկարների մասին հինգ տարի առաջ, լրիվ այլ պատասխան կտայի, բայց հիմա կասեմ, որ մենք հասել են «բարձրագույն մոդային»,  ինչը նաև համացանցի և բաց տեղեկատվության շնորհիվ է»։

Էլեն Առաքելյան

4-րդ կուրս

Կիսվել