Վարձով բնակարնների շուկան դեռ մնում է անկառավարելի

Վարձով բնակարնների շուկան դեռ մնում է անկառավարելի

269

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ վարձով բնակարանների շուկան անվերահսկելի է։ Գները սրընթաց աճեցին Ռուս-ուկրաինական պատերազմից անմիջապես հետո։ Եղան հազարավոր դեպքեր, երբ վարձակալները ստիպված եղան հեռանալ իրենց վարձակալած բնակարաններից՝ բարձր վարձավճարների պատճառով։

Դեռ ամիսներ առաջ մի խումբ ակտիվիստներ փորձեցին սոցիալական խմբերում, հատկապես վարձակալական խմբերում արշավներ կազմակերպել, ինչպես նաև օրենսդրական կարգավորումների շրջանակում կանգնեցնել վարձերի կտրուկ աճը։

Պարզվեց, որ ոլորտը կարգավորող օրենքներ գոյություն ունեն։ Առաջին հերթին վարձով տրվող բնակարանը պետք է վարձակալության հանձնվի միայն նոտարի կողմից հաստատված և պետական գրանցում ստացած վարձակալության պայմանագրով, ինչից հետո բնակարանի սեփականատերը պետք է պետությանը վճարի սահմանված հարկերը։ Դա կազմում է ընդհանուր եկամտի 10 տոկոսը։ Ինչպես նաև պետությունը պետք է տեսչական մարմինների միջոցով վերահսկի կարգավորումների կատարումը։ Հայաստանում վարձով տրվող բնակարնների գերակշիռ մեծամասնությունը վարձակալության է հանձնվել առանց համապատասխան պայմանագրերի, ինչի արդյունքում առաջին հերթին պետությանը չեն վճարվել խոշոր չափերի հարկեր, ինչպես նաև վարձատուները կարողացել են չհիմնավորված բարձրացնել վարձավճարները, շատ դեպքերում հեռացնել վարձակալներին նախապես պայմանավորված ժամկետից շուտ։

Մեր զրուցակիցը՝ Հ․Ա-ն, ով նման իրավիճակի է բախվել, անանուն մնալու պայմանով պատմեց, որ մոտավորապես 7 ամիս առաջ Նորքի առաջին զանգվածում վարձակալած իր տան սեփականատերը միանգամից ավելացրել է վարձը 150 տոկոսով՝ 100 000 դրամից դարձնելով 250 000 դրամ։ Հ․Ա․-ն փորձել է պայմանավորվել սեփականատիրոջ հետ, որից հետո վարձատուն հորդորել է կարճ ժամկետում լքել տունը։ Տունը ազատելուց հետո սեփականատերը պահանջել է 2 ամսվա դեպոզիտը։ Չստանալուց հետո դիմել է ՀՀ ՊԵԿ։
Հարկային տեսուչներին հիմնավոր փաստեր է  ներկայացրել, որ 2 տարուց ավելի տունը վարձակալված է եղել առանց պայմանագրի, ինչի արդյուքնում պետությանը չեն վճարվել եկամտային հարկերը։ Տեսչական մարմինը պարտավորեցրել է վարձատուին վճարել չվճարված հարկերը։

Նմանօրինակ դեպքերը շատ են, սակայն պետական վերահսկողությունը թույլ է, և հարցը  կարիք ունի համակարգային լուծման։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը արված հարցմանը, թե արդյոք քայլեր ձեռնարկվում են իրավիճակը վերահսկելու համար, նախարարությունից որպես լուծում մատնանշել են Կառավարության կողմից աջակցվող ծրագրերը՝ մասնավորապես հիփոթեքային վարկերի աջակցման ծրագիրը։

Ազգային ժողովից պատասխանեցին, որ նման օրենսդրական նախաձեռնություն դեռևս չկա, և նման նախաձեռնությամբ հանդես կարող են գալ Ազգային ժողովի պատգաավորները։

Էդգար Գորգինյան

4-րդ կուրս

Կիսվել